Նախկին ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ միջադեպի գործով Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը կայացրեց մեղադրական վերդիկտ գործով մեղադրյալ Սամվել Վարդանյանի նկատմամբ:
Դատարանը որոշեց Վարդանյանին մեղավոր ճանաչել Քր. օրենսգրքի 297 հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանք կատարելու մեջ (խուլիգանություն), իսկ Քր օրենսգրքի 329 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի կատարման մեջ ճանաչել անմեղ (ատելության խոսք):
Քանի որ կողմերը այսօր պատրաստ չէին վճռից հետո հանդես գալ ելույթներով լրացուցիչ դատալսումներին ենթակա հարցերի վերաբերյալ, նիստը այսօր հետաձգվեց:
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ Սամվել Վարդանյանը մեղադրվում է նախկին իշխանական պատգամավոր Հակոբ Ասլանյանի նկատմամբ խուլիգանություն անելու և համացանցում ատելություն հրահրող հրապարակային խոսք տարածելու համար։ Համացանցում տարածված տեսանյութի համաձայն՝ 2024 թվականի ապրիլի 15-ին Սամվել Վարդանյանը հանրային տրանսպորտում նկատել է ԱԺ պատգամավոր Հակոբ Ասլանյանին և նրա հասցեին հնչեցրել «հակահայ վիժվածք», «ժեխ բիձա» եւ նմանատիպ այլ արտահայտություններ: Հիշեցնենք նաեւ, որ պատգամավորի հետ ունեցած միջադեպից հետո Սամվել Վարդանյանը ձերբակալվել ու ոստիկանների կողմից խոշտանգման էր ենթարկվել:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Հ. Գ. Սամվել Վարդանյանի պաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Ատելության հոդվածով (խիստ հոդված) Սամվել Վարդանյանն արդարացվեց, իսկ խուլիգանության հոդվածով (մեղմ հոդված)՝ ճանաչվեց մեղավոր։ Դա նշանակում է, որ Սամվելի նկատմամբ ազատազրկման ձևով պատիժ նշանակվել չի կարող։ Այդ փաստը համարում եմ իրավունքի հաղթանակ, քանի որ առնվազն այս փուլում վերացավ խոշտանգման ենթարկված անձի բանտարկման վտանգը։ Այնուհանդերձ, խուլիգանության մասով պարտադիր ներկայացնելու ենք վերաքննիչ բողոք»: