«Կարելի է ընդլայնել փորձը եւ ցանկացած բենզալցակայանի պարտադրել, որ ընտրություններից առաջ մի-մի տոննա բենզին տա ամեն մի կուսակցությանը․ դա նույն ոճից է»,- այսօր ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հեգնանքով նկատեց Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը։ Նա ներկայացնում էր Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի 2024 թվականի գործունեության եւ տեսալսողական մեդիայի ոլորտում տեղեկատվության ազատության վիճակի մասին տարեկան հաղորդումը։
Տիգրան Հակոբյանը խոսում էր տեսալսողական մեդիայի մասին օրենքի բացասական հետեւանքներից․ օրենքն է պարտադրում հեռուստաընկերություններին՝ քարոզարշավի փուլում 25 րոպե անվճար հեռուստաժամանակ տրամադրել կուսակցություններին՝ իրենց գաղափարները ներկայացնելու համար։
Հաջորդ տարի համապետական ընտրություններ են եւ ըստ Տիգրան Հակոբյանի, խնդիրն առավել առարկայական է դառնում․ «Այսինքն, անկախ հեռուստաընկերությունը, որի վրա կոշտ սահմանափակումներ ենք դրել, որի վրա հսկայական միջոցներ են ծախսվել, պետք է յուրաքանչյուր կուսակցության համար 25 րոպե նվեր անի։ Մենք ունենք 22 լիցենզավորված հեռուստաընկերություն, չհաշված հանրային հեռարձակողին, յուրաքանչյուր հեռուստաընկերություն պետք է 550 րոպե կամ 91 ժամ տրամադրի կուսակցություններին»։
Կարդացեք նաև
Ըստ Տիգրան Հակոբյանի, դա նշանակում է, որ հեռուստաընկերությունները կզրկվեն փոքր գումար աշխատելու իրավունքից, քանի որ բոլոր կուսակցությունները՝ անկախ իրենց ճանաչելիությունից եւ ֆինանսական հնարավորություններից, կօգտվեն անվճար հեռուստաժամից։ Ապա՝ կստացվի, որ պարտադրում ենք մեր հանրությանը՝ բոլոր հեռուստաընկերություններում դիտել այն, ինչը ինքը չի ուզում։ Տիգրան Հակոբյանը հայտարարեց՝ նույնիսկ ՌԴ-ում սպորտի եւ զվարճանքի ալիքները նման գործառույթ չունեն։
Նա դժգոհեց նաեւ մանկական հաղորդումների եւ մուլտերի սուրդոթարգմանության պարտադիր պայմանից, որի վրա հեռուստաընկերությունները մեծ ծախսեր են անում․ «2023 թվականին, եթե բոլոր հեռուստաընկերությունները ցույց են տվել 138 անվանում մուլտֆիլմ, անցած տարի՝ 43 մուլտֆիլմ են ցույց տվել»։ Այսինքն, այն հեռուստաընկերությունները, որոնք չեն ցանկանում օրենք խախտել, սկսեցին մուլտֆիլմ ցույց չտալ։
Իրենք նաեւ հոգեբանների հետ են խոսել, վերջիններս ասել են, որ երեխաների համար ավելի ճիշտ է սուբտիտրեր գրելը, քանի որ նաեւ մուլտերից են երեխաները խոսել սովորում։
Սիսակ Գաբրիելյանը հակադարձեց՝ անվճար եթերաժամանակը դրական է, կուսակցությունները՝ անկախ իրենց ֆինանսական հնարավորություններից, իրենց գաղափարները պետք է ներկայացնելու հնարավորություն ունենան․ «Քարոզարշավը 28 օր է տեւում, օրական 53 վայրկյան թող եթերաժամանակ տան յուրաքանչյուր կուսակցության»։
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ