Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը տարբեր քաղաքական ուժերի ու ՀԿ-ների հետ քննարկումներ է իրականացնում Ազատության հրապարակում։ Այսօր քննարկում անցկացվեց ՀՅԴ ներկայացուցիչների հետ։
«Ունենք մեր տեսակետները, որոշ դրական կողմեր ունի շարժումը, պիտի շարունակվի սա։ Վստահ եմ, որ համախմբման դեպքում կկարողանանք ինչ-որ արդյունքների հասնել։ Մենք միշտ եղել ենք Արցախի ժողովրդի կողքին, ՀՅԴ-ն աշխարհում աշխատանք է տանում Արցախի դատի կապակցությամբ»,- ասաց ՀՅԴ Արցախի կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Արա Պուլուզյանը։
Քննարկումից հետո Արա Պուլուզյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ իրենց առաջարկություններն են ներկայացնել Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդին, թե ինչ աշխատանք պետք է տանել ավելի լայն համախմբում ապահովելու համար։ «Բացի սոցիալական հարցերից, նաեւ կարեւորեցինք քաղաքական եւ իրավական հարցերը, որոնք կարեւոր են։ Մեր տեսակետն այն է, որ պետք է խմբեր կազմվեն, որոնք բանակցությունների մեջ պետք է մտնեն իշխանությունների հետ»,- ասաց նա՝ հավելելով, որ պայքարի բոլոր տեսակները դիտարկվում են․ փողոցային պայքարն իր տեղն ունի, բայց պետք է լինեն նաեւ բանակցություններ ու խորհրդակցություններ։
Անդրադառնալով արցախցիների իրավական հարցերին՝ նա նշեց, որ քաղաքացիության հարցերն են կարեւոր, արցախցիների ու հայաստանցիների միջեւ խտրականության հարցը եւս պետք է ուշադրության կենտրոնում լինի։ Խտրականությունը հիմնականում հրահրվում է իշխանության կամ իշխանամերձ շրջանակների կողմից։
Կարդացեք նաև
«Դատական հայցերից հրաժարվելու հարցը եւ իրավական, եւ արտաքին քաղաքականության հարց է։ Արտաքին գործերի նախարարության վերջին հայտարարությունը խայտառակ հայտարարություն էր, ԱԳՆ-ն ինքն իրեն հակասում է, որովհետեւ մեկ տարի առաջ բոլորովին այլ պատասխան էին տվել, հիմա այլ պատասխան են տալիս։ Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ գերակա խնդիրներ պետք է լինեն եւ գերիների վերադարձի, եւ արցախցիների վերադարձի հարցերը։ Իսկ ՀՀ իշխանությունները բոլորովին ժխտում են այդ հարցերը, դասալքություն եմ համարում դա։ ՀՅԴ Հայ դատի գրասենյակներն այդ ուղղությամբ բավական ակտիվ աշխատանք են տանում։ Մոտակա օրերին դուք նաեւ բացահայտ կտեսնեք այդ աշխատանքի արդյունքները։ Հուսով ենք, որ կկարողանանք նաեւ Հայաստանի իշխանություններին ինչ-որ ճնշման ենթարկել, որ նաեւ Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ այդ հարցը տեղ գրավի։ Իհարկե, մեծ հույս չունեմ, անընդհատ երեւում է այս իշխանությունների պարտվողական ու դասալքության քաղաքականությունը»,- հավելեց Պուլուզյանը։
Նա նշեց, որ ինչքան միջազգային հարթակներում բարձրացվեն արցախցիների, Արցախի ու գերիների հարցերը, այնքան Հայաստանի դիրքերը կամրացնեն, եւ այլ զիջումներից ու պարտադրանքներից կկարողանա խուսափել Հայաստանի իշխանությունը։ «Ընդհանրապես բանակցությունների մեջ պետք է ունենաս քո պահանջների օրակարգը, երբ չունես քո պահանջների օրակարգը կամ անընդհատ միայն ենթարկվելու դիրքում ես, բնականաբար, քո դիրքերն օրեցօր թուլանում են, օրեցօր նվազում են քո դիվանագիտական կարողությունները»,- նշեց Արա Պուլուզյանը։
Նա ասաց, որ Ադրբեջանի նպատակը գերիների միջոցով Հայաստանի վրա ճնշումներ բանեցնելն է։ Այդ ճնշումը նվազեցնելու համար, Պուլուզյանի խոսքով, միջազգային ատյանները պետք է դատապարտեն գերիների ոչ թափանցիկ «դատավարությունը» եւ ընդհանրապես այդ մարդկանց՝ այնտեղ գերի ընկնելու հարցը։ «Այդ դատավարությունը շինծու դատավարություն է, նպատակը միայն այն է, որ Հայաստանի իշխանությունների ու Հայաստանի վրա ճնշում բանեցնեն»,- ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Լուսանկարը՝ Արա Պուլուզյանի ֆեյսբուքյան էջից