«Արմենպրես». Ներքին գործերի նախարարությունը պարզաբանել է, թե ինչու է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց անձնագրերում, որոնք ՀՀ քաղաքացիություն են ստացել, ծննդավայրը նշվում որպես Ադրբեջան։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ներքին գործերի նախարարությունը ներկայացրել է այդ հարցադրումների իրավական և տեխնիկական հիմնավորումները։
«Անձը հաստատող փաստաթղթերում տվյալների ամրագրումը կատարվում է միջազգային ստանդարտին համապատասխան։ Անձը հաստատող/ճամփորդական փաստաթղթերի թողարկման ոլորտը կարգավորվում է ICAO (Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպություն) 9303 ստանդարտով, որում նշվում է, որ ծննդյան վայրը նշման դաշտը կարգավորվում է ISO 3166 ստանդարտով։ Վերջինս, ըստ պետությունների, ամրագրում է այն աշխարհագրական միավորները, որոնց վերաբերյալ նշումն ընդունելի է անձնագրում։ Ըստ այդմ՝ ոլորտի լիազոր մարմնի՝ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության կողմից կատարվող ցանկացած նշում, որը վավերացված չէ միջազգային կարգավորման շրջանակում, խնդրահարույց է սահմանային անցման կետերում»,- նշված է ՆԳՆ-ի պարզաբանման մեջ։
Նախարարությունից ընդգծում են, որ տարբեր երկրների սահմանային վերահսկողություն իրականացնող մարմինների կողմից նման բազմաթիվ ահազանգեր են ստացվել ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունում։
Կարդացեք նաև
«Ծառայության ամենօրյա գործունեության ընթացքում նշված խնդիրները գործընկերային ճանապարհով հնարավորինս կարգավորվում են։ Հարցի իրավաչափ կարգավորման նպատակով անձի նոր փաստաթղթավորման դեպքում ծառայությունը բացառապես առաջնորդվում է միջազգային ստանդարտով»,- ասված է ՆԳՆ-ի պարզաբանման մեջ։