Ըստ հայցի՝ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության ընդդեմ քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Վահագն Վերմիշյանի եւ մյուսների՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի մասին դատական նիստը ՀԿԴ-ում այսօր կարճ տեւեց:
Նախագահող դատավոր Կարապետ Բադալյանը տեղեկացրեց, որ պատասխանողների ներկայացուցիչները դատարանին նիստը հետաձգելու միջնորդություն են ներկայացրել, մեկը՝ արձակուրդում գտնվելու, մյուսը՝ Հայաստանի սահմաններից դուրս անհետաձգելի հանդիպումների մասնակցելու պատճառաբանությամբ, ինչին դատախազության եւ բանկի ներկայացուցիչները չառարկեցին: Սակայն դատարանը գտավ, որ արձակուրդի մեջ գտնվող փաստաբանի հիմնավորումը հարգելի է, իսկ ահա մյուսի միջնորդության մասով արձանագրեց, որ դատարանում գործով վստահորդի շահերը պակաս կարեւոր չեն, հետեւաբար, գործի քննությունը պետք է շարունակել:
Դատախազությունը միջնորդություն ներկայացրեց դատախազության հայցադիմումի նյութաիրավական պահանջը ըստ էության փոփոխելու մասով, ինչի հետ կապված բանկի ներկայացուցիչն իր տեսակետը ներկայացրեց: Դատախազությունը նշեց, որ բանկի մասով որեւէ առարկություն չունի, բանկին ընդունում է որպես գույքի բարեխիղճ իրավատեր:
Այդքանով այսօրվա նիստն ավարտվեց: Հաջորդ նիստը նշանակվեց ապրիլի 18-ին, ժամը 11:00-ին, որի ժամանակ դատախազության միջնորդությունը կշարունակի քննարկվել, քանի որ պատասխանող կողմերի դիրքորոշումը լսելը պարտադիր է:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ