2025 թ. հունվարից մինչեւ մարտի 20-ը «Չենք վճարելու» քաղաքացիական նախաձեռնությունն իրականացրել է հանրային գործողություններ՝ ընդդեմ հասարակական տրանսպորտի սակագների բարձրացման։ Նախաձեռնությունն ընդգծում է, որ պայքարի ընթացքում արձանագրել են Երևան քաղաքում հակաժողովրդավարական, ավտորիտար կառավարման միտումները, քաղաքային իշխանությունների նկատմամբ հանրային վստահության ցածր մակարդակը, որոշումների կայացմանը քաղաքացիական մասնակցության հանրային պահանջը։
«Ցավոք, մեր շարժումն իր հիմնական նպատակին չի հասել: Ի սկզբանե նշել ենք, որ մեր հիմնական պահանջն այն է, որ մեկ ուղեւորատոմսի գինը պետք է 100 դրամից ավել չլինի: Ամեն դեպքում, ականատես եղանք, որ հանրային լայն ճնշումների ներքո քաղաքային իշխանությունները ստիպված եղան որոշակի զիջումների գնալ: Ի սկզբանե 150 դրամանոց ուղեւորատոմսը չկար, մենք հիմա ունենք մի իրավիճակ, որ թանկացումը փոքր-ինչ մեղմվել է, բայց մենք որպես շարժում, որպես նախաձեռնություն պետք է Երեւանի բնակիչների հետ անկեղծ լինենք եւ ասենք, որ ոչ միայն մեզ, այլեւ մնացած քաղաքական ուժերին չհաջողվեց անել այնպես, որ հանրային ճնշման ներքո 100 դրամանոց սակագինը չբարձրանա»,-Մեդիա կենտրոնում կայացած ասուլիսում նշեց նախաձեռնության անդամներից Յուրի Ավագյանը:
«Քաղաքային իշխանությունները համառ էին, իրենք նաեւ տիրապետելով ահռելի մեդիա ռեսուրսների՝ կարողացան այնպիսի իրավիճակ ստեղծել, որ օրինակ, որ չվճարելն առաջացնի ամոթի զգացում: Քաղաքացին պատրաստ էր չվճարել, համաձայն չէր թանկացման հետ, նա տեսնում էր, որ սա բարեփոխում չէ, այլ կիսատ-պռատ փոփոխություն, սակայն քաղաքային իշխանությունը ամոթի գործոնը ակտիվ շահարկեց, շատ ակտիվ քարոզչություն իրականացրեց չվճարելու դեմ: Բացի դրանից, այն ուժերը, որոնք պայքարում էին տրանսպորտի թանկացման դեմ, այնքան էլ հետեւողական եւ վճռական չէին»,-հավելեց նա:
«Սակագների վերաբերյալ որոշումը կայացվել է ոչ մասնակցային, ոչ թափանցիկ ձեւով: Երբ մենք մեր գործողությունների ընթացքում շփվում էինք քաղաքացիների հետ, տեսնում էինք, որ հանրային մեծ անվստահություն կա ռեֆորմի նկատմամբ: Քաղաքացիները տեսնում էին, որ իրենց առօրյայում շոշափելի փոփոխություններ տեղի չեն ունեցել, միեւնույն ժամանակ շատերի մոտ հարց էր առաջանում՝ ինչու 300 դրամ, ինչու 150 կամ 100 դրամ: Որեւէ հիմնավորում, պարզ հաշվարկներ չտեսնելով՝ քաղաքացիները չէին հասկանում, թե ինչի դիմաց են իրենք այդ գումարը վճարում»,-նշեց նախաձեռնության ներկայացուցիչ Յուրի Մովսեսյանը:
Կարդացեք նաև
Մանրամասն՝ տեսանյութում.
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարները՝ Մեդիա կենտրոնի