Լրահոս
Օրվա լրահոսը

Լավ է, չեն պահանջել երգել «Госпожа министр» կամ «Հայեր ջան, դուխով». Էլինար Վարդանյան

Ապրիլ 08,2025 12:40

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՔԿՀ-ներում անազատության մեջ պահվող անձանց մահվան դեպքերը և բազմաթիվ ինքնավնասումները խոսում են լուրջ խնդրի մասին։ Այս տարի արձանագրվել է մահվան 8 դեպք, որից 4-ը ինքնասպանություն։ Այս թվերը լուրջ ձախողման տագնապ են, և իշխանությունները չեն կարողանում դրանք հաղթահարել, ունակ չեն կամ միգուցե չեն էլ ուզում։

ՔԿՀ-ներում խնդիրների լուծման իրենց բանալին ունեն՝ հարցերը լուծվում են քրեակատարողական ծառայության հատուկ նշանակության բաժնի (սպեցնազի) ծառայողների միջոցով։ Ապրիլի 3-ին, ըստ իրավապաշտպանների ներկայացրած տեղեկությունների, սպեցնազի ծառայողներն ավերել են ցմահ ազատազրկման դատապարտվածների խցերը, թափել ամեն ինչ՝ սնունդը, հագուստները և այլն: Գետնին են գցել դատապարտյալին, կանգնել են վրան ու սկսել են մահակներով ծեծել։

 

Դատապարտվածների մարմնական վնասվածքների, կապտուկների և քերծվածքների վերաբերյալ արձանագրում են արել նաև ՄԻՊ արագ արձագանքման խմբի ներկայացուցիչները։

Բռնությունների պատճառը, որ ներկայացվել է դատապարտյալների կողմից, շատ հեռու է առողջ բանականությունից։ Ըստ դատապարտյալների առիթը եղել է զբոսանքի ժամանակ դատապարտյալներից մեկի՝ «Доля воровская» երգը երգելը: Հատուկ նշանակության բաժնի ծառայողները մահակներով հարվածելու ժամանակ պահանջել են փոխարենը երգել «Господа офицеры» երգը։ Լավ է, չեն պահանջել երգել «Госпожа министр» կամ «Հայեր ջան, դուխով»։

 

Իշխանության վերջին հանգրվանը՝ դուբինկան

Քրեակատարողական հիմնարկում տեղի ունեցած այս բեսպրեդելին անմիջապես հաջորդեց հատուկ նշանակության բաժնի ծառայողների գործողությունների արդարացումը ՔԿԾ-ի կողմից։ Իսկ սա նշանակում է, որ սա նրանց համար օրինաչափ և նորմալ երևույթ է։

Իրականում սա ցույց է տալիս, թե ինչպես են վերաբերում չորս պատերի հետևում բանտարկված, կյանքի համար ոչ պիտանի պայմաններում պահվող, ինքնուրույն պաշտպանվելու հնարավորությունից զրկված մարդուն։ Սա ազատազրկման դատապարտվածների հանդեպ վերաբերմունքային խնդիր է։ Եվ հենց դա է պատճառը, որ պետության հսկողությանը հանձնված, փակ հաստատությունում գտնվող մարդկանց բարձրացրած խնդիրները չեն լուծվում, կամ ավելի ճիշտ լուծվում են մահակներով, ծեծ ու ջարդով։

Այս իշխանության ձեռագիրն է. գործի տապալում, որևէ հարց լուծելու անունակություն, և ինչպես հայտնի ասույթում է՝ վերջին հանգրվանը սպեցնազն է կամ տարբեր բերետավորները։ Այսպես է ամեն ոլորտում, բայց փակ համակարգերում սա շատ ավելի այլանդակ ու վտանգավոր բովանդակություն է ստանում։

Եթե այս և մյուս դեպքերը պատշաճ արձագանքի չարժանանան, կնշանակի, որ այսուհետ ոչ հրաման տվողը, ոչ կատարողը, ոչ էլ բռնության ենթարկողը որևէ կաշկանդվածություն չեն ունենա հարցերը կարգավորել մահակների օգնությամբ։ Կարծում եմ կարիք չկա բացատրելու այս հեռանկարի անթույլատրելիությունը։

Էլինար Վարդանյան

ՀՀ ԱԺ պատգամավոր

Այլընտրանքային նախագծեր խումբ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930