Դատախազությունը հաղորդել է, որ Իջեւանի նախկին քաղաքապետ Վարուժան Ներսիսյանից եւ նրան փոխկապակցված անձանցից որոշել է բռնագրավել հինգ անշարժ գույք:
Մի քանի հարց ուղղեցինք Իջեւանի նախկին քաղաքապետ Վարուժան Ներսիսյանին։
– Համացանցում լուրեր են շրջանառվում Ձեր նկատմամբ իրավական գործընթացների առկայության մասին: Իսկապե՞ս իշխանությունն այսպիսի լայնածավալ հարձակում է նախաձեռնել Ձեզ վրա:
– Այո, իհարկե, այդպես է: Դե, ինձ համար զարմանալի չէ, յուրաքանչյուր համապետական ընտրություններից առաջ իմ եւ տղայիս նկատմամբ տարբեր քրեական գործեր են հարուցվում, որոնք հետո այդպես էլ որեւէ ընթացք չեն ստանում։ Արդեն սովորական երեւույթ է դարձել նմանատիպ ուշադրությունն իմ նկատմամբ ե՛ւ նախկինում, ե՛ւ հիմա։
Կարդացեք նաև
– Ի՞նչ ապօրինի գույքի ու գումարների մասին է խոսքը:
– Բուն գործի մասին ասեմ, որ զավեշտալի վիճակ է. պարզվում է՝ ՀՀ ԱԱԾ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում… եւ շարունակությունը՝ բամբասանքի մակարդակ։ Շատ նման է 1937 թվականների իրադարձություններին, երբ ինչ-որ տեղից ինչ-որ բան էին լսում, կամ էլ, երբ համապատասխան պատվեր էր իջնում՝ այսքան մարդու կալանավորելու, աքսորելու եւ այլն։ Այս պարագայում տարբերությունը կայանում է նրանում, որ ե՛ւ պատվիրատուները, ե՛ւ իրականացնողները կապված են իշխանության հետ ազգակցական քավոր-սանիկական կապերով։ ԱԱԾ-ն օպերատիվ-հետախուզական բամբասանքի հիման վրա 3 տարի առաջ սկսել է ուսումնասիրություն իրականացնել 10 տարվա, ապա նորից ավելացրել են էլի 10 տարի, տեսնելով, որ ապարդյուն են ջանքերը, նորից 10 տարի ավելացրել են եւ հասել մինչեւ 1994թ.։ Երեւի հնարավորություն ունենային, կհասնեին մինչեւ իմ ծննդյան տարեթիվը։ Տեսնելով, որ պատվիրված արդյունքը չեն ստանում, իմ ընտանիքի սպառողական զամբյուղին կցում են աներոջս սպառողական զամբյուղը, որպեսզի ցույց տան, որ իմ ընտանիքի եկամուտները բավարար չեն եղել, բայց ձեռք բերված գույքեր կան։ Այն պարագայում, որ դատախազության նյութերով նշված է, թե կնոջս հայրը քանի տեղ է աշխատել եւ ինչքան վարձատրություն է ստացել, այն էլ՝ բարձր աշխատավարձ։ Բայց, չգիտես ինչու, եզրակացություն են արել, որ նա որեւէ տեղ չի աշխատել, եկամուտ չի ունեցել, երբ որ նա հարուստ աշխատանքային կենսագրություն ունի, այն ամրագրված է աշխատանքային գրքույկում: Իսկ 2003թ. ՌԴ-ում անցել է բարձր վարձատրության թոշակի` շարունակելով զուգահեռ աշխատել տարբեր ոլորտներում։ Այնքան փնթի ու անգրագետ աշխատանք են կատարել, որ գրել են, թե, իբր, ես 1999-2018թթ. աշխատել եմ քաղաքապետ։ Ես քաղաքապետ աշխատել եմ մինչեւ 2011-ը: Իսկ մինչեւ 1994թ. իմ աշխատանքային գործունեության հետ կապված տվյալներ չեն կարողացել գտնել, որի արդյունքում իմ եկամուտները 1994-2004թթ. հաշվել են միջին ամսական աշխատավարձի չափով։ Այն դեպքում, երբ ես աշխատել եմ շրջանի ամենաբարձր վարձատրվող պաշտոններում՝ շրջխորհրդի գործկոմի նախագահի առաջին տեղակալ, մարզպետարանում տարածքային վարչության պետ, քաղաքապետ: Էլ չեմ ասում Եվրախորհրդից ստացած գումարների մասին, որն ստացել եմ որպես Եվրախորհրդի կոնգրեսի անդամ: Իմ կինն ամբողջ կյանքում աշխատել է, որդիս՝ նույնպես: Բոլոր իջեւանցիներն իմ կենսագրությունը շատ լավ գիտեն։ Ինձ ճանաչող մարդիկ գիտեն, որ իմ ընտանիքի անդամներից որեւէ մեկը Երեւան քաղաքում, արտերկրում որեւէ բնակարան ձեռք չի բերել, ի տարբերություն այսօրվա «անդուխ դուխովների», ովքեր մի քանի տարում մի քանի բնակարանի, մեքենաների տեր են դարձել։ Իջեւանի իմ առանձնատունը, որի մասին նույնպես հիշատակված է, որպես բազմանդամ ընտանիք` իմ հայրական ընտանիքը ստացել է դեռեւս 1992-ին՝ Իջեւանի քաղխորհրդի գործկոմից: Այնուհետեւ ես, վճարելով կադաստրային արժեքը, մասնավորեցրել եմ այդ տան տնամերձ հողամասը: Ի՞նչն է այստեղ ապօրինի: Ինչ վերաբերում է Իջեւան քաղաքում մեր ընտանիքի սեփականություն հանդիսացող գույքերին, որոնք նախկինում Հայկոոպի համակարգին են պատկանել, ձեռք չեն բերվել պետական կամ համայնքային սեփականությունից, այլ Հայկոոպից կամ մասնավորից, երբ ես վաղուց համայնքի ղեկավար չեմ հանդիսացել: Օգտվել եւ օգտվում եմ վարկային ռեսուրսների հնարավորություններից։ Այս պահին էլ ունեմ ավելի քան 100 մլն ՀՀ դրամի վարկային միջոցներ։ Մեր ընտանիքի եկամուտները եւ ձեռք բերվածները եղել են պարզ, թափանցիկ: Այնպես որ, մեր հիմնավորումները կներկայացնենք, կապացուցենք, որ բամբասանքի մակարդակի շինծու աշխատանք է իրականացվել: Մենք ունենք այնքան հիմնավոր փաստեր, որ իրենք դրանց մասին պատկերացում անգամ չունեն:
Անի Սահակյան
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: