Լրահոս
Օրվա լրահոսը

Աշտարակի խճուղին բացվեց, ցույցի մասնակիցներից 4 հոգու վաղը կընդունեն կառավարությունում

Ապրիլ 08,2025 11:29

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Աշտարակի խճուղին այսօր առավոտյան կրկին կաթվածահար էր:

Պռոշյան եւ Քասախ համայնքների բնակիչները բողոքի ցույց էին անում տրանսպորտի 25 և 59 համարների գծերի կրճատման և նոր՝ ավելի թանկ երթուղու դեմ:

Անգամ կարմիր բերետավորներ ժամանեցին:

Մարդիկ պահանջում են իրենց տրանսպորտը չհանել՝ մինչեւ հարցին լուծում տալը:

«Մարդիկ որոշակի նպատակով են հավաքվել այստեղ, թող մեզ կոնկրետ պատասխանեն: Թող որևէ պաշտոնատար անձ հայտարարի, որ հետեւել են բողոքի գործողություններին եւ կոնկրետ ժամանակ անց մեզ պատասխան տան: Իսկ դրանից հետո, եթե մեր հարցը չլուծվի, նորից կհավաքվեք»,-ասաց բողոքի ցույցի մասնակիցներից մեկը:

«Մեր ժողովուրդն արդեն ադապտացվել է այդ ուղղության վրա եւ համապատասխան աշխատանք են գտել մարդիկ, եթե տրանսպորտը հանեն, ո՞նց ենք աշխատանքի գնալու»,-ասաց մեկ ուրիշը: «Իմ երկու երեխաները Երեւանում են սովորում, այդ տրանսպորտը անհրաժեշտ է մեզ կենսունակության նման»,-պնդեց մի տղամարդ:

Ի վերջո, որոշվեց բացել ճանապարհը, իսկ վաղը քաղաքացիների 4 հոգանոց խումբը հանդիպում կունենա կառավարությունում: Պռոշյան եւ Քասախ համայնքների բնակիչներն անդրդվելի են, եթե հարցը չլուծվի՝ բողոքի գործողությունները կվերսկսվեն:

Մանրամասն՝ տեսանյութում

Հիշեցնենք, որ մարտի 5-ին Կոտայքի մարզի Պռոշյան և Քասախ համայնքների բնակիչները մի քանի ժամ շարունակ փակել էին Երևան-Աշտարակ ճանապարհը։ Ըստ բնակիչների՝ նոր երթուղին սպասարկելու է «Մուլտի տրանսպորտ» ընկերությունը, իսկ ուղեվճարը լինելու է 200 -250 դրամ։ Բնակիչների խոսքով՝ 25 և 59 համարների ավտոբուսներից օգտվելու դեպքում իրենք վճարում էին 150 դրամ, իսկ «Մուլտի տրանսպորտ» պատկանող թիվ 277 միկրոավտոբուսներից օգտվելու դեպքում ոչ միայն ավելի թանկ պետք է վճարեն, այլ այն սպասարկելու է ընդամենը 7 կմ՝ մինչև ֆիզիկայի ինստիտուտ։

Նախօրեին պռոշյանցիների եւ ՏԿԵ փոխնախարարի՝ 2,5 ժամ տեւած հանդիպման արդյունքում պարզ է դարձել, որ կառավարությունը որոշումը չի փոխելու, իսկ Գագիկ Ծառուկյանին սպասարկող ընկերությունը պատրաստ է 50 դրամ էժանացնել տրանսպորտի սակագինը՝ դարձնելով 200 դրամ:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930