Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքապետարանի պաշտոնյաներից մեկն ազատ է արձակվել, մյուսները կալանքի տակ են. «Հրապարակ»

Ապրիլ 08,2025 11:14

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Փետրվարի 5-ին Երեւանի քաղաքապետարանում հերթական սկանդալային ձերբակալությունը տեղի ունեցավ՝ Հակակոռուպցիոն կոմիտեն միանգամից 7 անձի ձերբակալեց, որից 4-ի նկատմամբ դատարանը խափանման միջոց ընտրեց կալանավորումը։ Կալանավորվեց Երեւանի քաղաքապետարանի երկու պաշտոնյա՝ հասարակական կարգի պահպանության վարչության պետ Արամ Գյուլզադյանն ու հողի վերահսկողության վարչության պետի տեղակալ Միքայել Ղիմոյանը: Մյուս երկու կալանավորվածները քաղաքապետարանի նախկին պաշտոնյաներ են՝ Ռոբերտ Դարբինյանը քաղաքաշինության եւ հողի վերահսկողության վարչությունն է ղեկավարել, իսկ Արամ Այվազյանը նրա տեղակալն է եղել: Նշենք, որ ավելի ուշ մեղադրյալների թիվն ավելացավ՝ հասնելով 12-ի, այդ թվում նաեւ շարքային քաղաքացիներ կային։ «Հրապարակ»-ը տեղեկացավ, որ օրեր առաջ Երեւանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը երկարացրել է նշված անձանց կալանքի ժամկետը։ Իսկ Վերաքննիչ քրեական դատարանն անցած ամիս Միքայել Ղիմոյանի խափանման միջոցը փոխել է տնային կալանքի։

Արամ Գյուլզադյանի փաստաբան Հայկ Սարգսյանը մեզ հետ զրույցում հատատեց տեղեկությունը՝ նշելով, որ օրեր առաջ նախաքննական մարմինը դիմել է կալանքի ժամկետը երկարացնելու համար, ինչը դատարանը բավարարել է․ «Նախաքննական մարմինն ասում է՝ դեռ գործողություններ ունենք անելու, որին Գյուլզադյանը ենթադրաբար կարող է խանգարել։ Որոշումը նոր ենք ստացել, միանշանակ՝ կբողոքարկենք»։ Հարցին, թե կալանավորված մյուս անձանց կալանքի ժամկետն է՞լ է երկարացվել, նշեց՝ այո․ «Ղիմոյանը տնային կալանքի տակ է, Այվազյան Արամը, Դարբինյան Ռոբերտը եւ Գյուլզադյանը կալանքի տակ են»։ Չնայած կալանքի ժամկետը երկարացրել են նախաքննական գործողություններ անելու պատճառաբանությամբ, սակայն Գյուլզադյանի հետ որեւէ նախաքննական գործողություն, ըստ փաստաբանի, այս երկու ամսվա ընթացքում չեն արել։ Վերջինս «Վարդաշեն» ՔԿՀ-ում է։

Նշված ամբաստանյալներից ոչ ոք մեղադրանքը չի ընդունում, նրանց մեղադրանք է առաջադրվել Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող կաշառքի վերաբերյալ քրեական գործի շրջանակներում։ Գործով անցնում է նաեւ Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության պետ Արսեն Կարոյանը, որի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել վարչական հսկողությունը։ Նա մեղադրվում է պաշտոնեական դիրքի չարաշահման մեջ, որն առաջացրել է առանձնապես խոշոր չափերի վնաս։

Աննա ՊԱՊԻԿՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930