Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանն ասում է՝ Հայաստանի Հանրապետության իշխանությունների համաձայնությունը՝ կապված «Խաղաղության պայմանագրի» վերջին երկու կետերի հետ, այն է՝ համաձայնել Ադրբեջանի կողմից առաջ քաշված տարբերակին, հենց իշխանության ներկայացուցիչների խոսքերից կարող ենք հասկանալ, որ, իրենց կարծիքով, իրականացվել է որպես դիվանագիտական «հմուտ հնարք»: «Տարիներ առաջ Լևոն Տեր-Պետրոսյանը՝ այս իշխանության գաղափարական հայրը (որքան էլ փորձեն դա ժխտել թե՛ Նիկոլ Փաշինյանի, թե՛ Տեր-Պետրոսյանի թիմակիցները, փաստը մնում է փաստ, որ Տեր-Պետրոսյանը Փաշինյանի գաղափարական հայրն է), տարիներ առաջ Հանրային հեռուստաընկերությանը տված իր հարցազրույցում սրա մասին խոսում էր: Անդրադառնալով Կազանյան բանակցային գործընթացին, Կազանյան բանակցային փաթեթին՝ ասում էր, որ հայկական կողմը պետք է գնար և ստորագրեր պայմանագիրը, և դրանից հետո արդեն միջազգային հանրության ճնշումը կլիներ հենց Ադրբեջանի վրա՝ անկախ նրանից, թե ինչ էր գրված փաստաթղթում, ու դրանով մենք, իբր թե, ցույց կտայինք, որ կոնստրուկտիվ ենք: Փաշինյանը դա արել է: Եթե նկատեցիք, մի շարք երկրներ, միջազգային կազմակերպություններ, կառույցներ, առանձին վերցրած անհատներ ողջունեցին այս գործընթացը, ըստ օդում կախված լուրերի, այդ ողջույնների ծանրակշիռ մասը, եթե չասենք մոտ 100 տոկոսը, պայմանավորված էր հայկական դիվանագիտության աշխատանքով: ԱԳՆ-ն դեսպանների առջև հստակ խնդիր էր դրել՝ ինչ գնով էլ լինի, հայտարարություններ կորզեք՝ որպես ողջույնի խոսք՝ կապված «Խաղաղության պայմանագրի» հետ:
Դա տեղի ունեցավ: Բայց սայլը տեղից չի շարժվում: Ադրբեջանը շարունակում է նոր պահանջներ առաջ քաշել: Այս պրիմիտիվ, նույնիսկ մանկական խաղը, թե՝ եկեք ամեն ինչին համաձայնենք, թող Ադրբեջանին ճնշեն, գուցե հեքիաթներում աշխատում է, բայց ռեալ պոլիտիկում դա չի աշխատում: Ադրբեջանը չէր էլ թաքցնում, որ, այսպես կոչված, «Խաղաղության պայմանագիրը» Հայաստանի վերաբերյալ իրենց ունեցած պահանջների փաթեթներից մեկն է: Երբ մեկ փաթեթը համաձայնեցնում ես Ադրբեջանի հետ, այսինքն՝ իրենց բոլոր պահանջները կյանքի ես կոչում, Ադրբեջանն անցնում է հաջորդ փաթեթի վերաբերյալ գործընթացներին, բանակցություններին, քո վրա ճնշումներին: Պատահական չէ, որ դրանից հետո անմիջապես սկսեցին ավելի բարձր խոսել Մինսկի խմբի լուծարման, սահմանադրական փոփոխությունների մասին, այսպես կոչված, «փախստականների վերադարձի» մասին: Համաձայնություն տալով «Խաղաղության պայմանագրի» կետերին՝ հնարավորություն տվեցինք ուժեղացնել մեզ վրա ճնշումները»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Մաթևոսյանը:
Տեսակետ կա, որ «Խաղաղության պայմանագիրը» Փաշինյանի վարչակազմի համար ներքին սպառման փաստաթուղթ է՝ իր առանց այն էլ փոքր ընտրազանգվածին ինչ-որ բան ցույց տալու համար: Մյուս կողմից՝ վերջին ՏԻՄ ընտրությունները ցույց են տալիս, որ հերթական կամ արտահերթ ընտրությունների ժամանակ Փաշինյանն ու իր թիմը կարող են խնդիրներ ունենալ վերընտրվելու համար՝ արդար ընտրությունների պարագայում: ««Խաղաղության փաստաթուղթն» առաջին հերթին ներքին սպառման փաստաթուղթ է լինելու Փաշինյանի համար: 2021 թ.ին, երբ տեղի ունեցան խորհրդարանական արտահերթ ընտրություններ, Փաշինյանը մարդկանց հետ հանդիպումների ժամանակ երկու թեզ էր ներկայացնում՝ «թալանը հետ ենք բերելու» և Արցախի հարցն էլ կարգավորելու ենք ու խաղաղություն բերենք: Ճիշտ է, Արցախի հարցը կարգավորում էր Շուշին և Հադրութը դեօկուպացնելով, բայց դա նույնպես քաղաքական որոշակի մանիպուլյացիա էր, ընդդիմությունն էլ, ցավոք, այդ մանիպուլյացիային տրվեց և քարոզարշավը չկազմակերպեց այնպես, ինչպես պետք է կազմակերպեր, թեզերն էլ այնպիսին չէին, ինչպիսին պետք է լինեին: Փաստորեն, Արցախի, խաղաղության հաստատման, «թալանը հետ բերելու» հարցերով նա տապալվում է: Չեմ զարմանա, եթե այս փաստաթուղթը, նույնիսկ առանց ստորագրելու, դարձնեն իրենց քարոզարշավի մեխը: Ասեն՝ դեռ չենք ստորագրել, բայց բանակցությունները վարել ենք և հասել ենք հետևյալին (մի բան, որը չեն արել ո՛չ Տեր-Պետրոսյանը, ո՛չ Քոչարյանը, ո՛չ Սարգսյանը). ունենք Ադրբեջանի հետ լրիվ համաձայնեցված փաստաթուղթ, այս հինգ տարվա մեջ չստացվեց ստորագրել, մեզ հնարավորություն տվեք, կփորձենք առաջիկա հինգ տարվա ընթացքում ստորագրել: Վարկածներից մեկն եմ ասում: Տրամաբանությունը հուշում է, որ Նիկոլ Փաշինյանի համար նախընտրելի կլիներ, որ 2021 թ. արտահերթ խորհրդարանական ընտրությունները լինեին վերջին համապետական ազատ ընտրությունները Հայաստանում: Երկու տարբերակով կարող են լինել վերջինը: Առաջին՝ երբ պարզապես չլինի այն սուբյեկտը, որտեղ ընտրություններ կարող են իրականացվել, և երկրորդ՝ չեղարկի ընտրությունները: Դրա պրակտիկան արդեն կա: Տեսեք, թե Ուկրաինայում, Ռումինիայում, Ֆրանսիայում ինչ է կատարվում: Սկզբից չեղարկում են ընտրությունները, հետո իրենց համար անցանկալի թեկնածուներին հեռացնում: Հիմա նույնը Փաշինյանի պարագայում կարող է լինել: Իր համար նախընտրելի կլինի, եթե ընտրությունները այս կամ այն պատրվակով չեղարկվեն կամ տեղի չունենան, հետևաբար՝ այս տարբերակն էլ պետք է դիտարկենք: Բայց եթե ինչ-ինչ հանգամանքներից ելնելով՝ նա ստիպված լինի գնալ ընտրությունների, նաև տեսնելով ՏԻՄ ընտրությունների արդյունքները և այլն, կարծում եմ, որ շատ մեծ գումարներ են ծախսելու համաձայնեցված «Խաղաղության պայմանագիրը» հայ հասարակության վրա «ծախելու» համար»,-եզրափակում է Բենիամին Մաթևոսյանը:
Լուսինե ԱՌԱՔԵԼՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։