Երբ որեւէ ՔՊ-ական պատգամավոր, իշխանության ներկայացուցիչ կամ քարոզիչ, կամ նույնիսկ ինքը՝ ՔՊ առաջնորդը, դիմելով ցեղասպանությունից հազիվ փրկված արցախցիներին, ասում է՝ «այդ դո՛ւք եք ամեն ինչում մեղավոր, դո՛ւք եք Ղարաբաղից թողել-փախել՝ ադրբեջանա-թուրքական բանակի դեմ կռվելու փոխարեն, ձե՛ր լիդերներն են լուծարել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, մենք այստեղ ոչ մի գործ չունենք», դա, իհարկե, սուտ է, ցինիզմի բարձրագույն աստիճանն է: Դա, իմ կարծիքով, նաեւ հայատյացության եւ մարդատյացության դրսեւորում է:
Բայց դա քաղաքականություն է. քաղաքական գործիչները կարող են ստել, ֆռացնել՝ իրենց աղետալի ձախողումները քողարկելու համար: Այլ հարց է, երբ դա անում է պետությունը:
Ես ակնածանք ունեմ պետության, պետական կառույցների, պետական ինստիտուտների հանդեպ՝ անկախ այն հանգամանքից, թե ովքեր են նստած իշխանական աթոռներին: Հատկապես՝ բանակի եւ դիվանագիտության հանդեպ, որոնք, ամեն մեկը յուրովի, կոչված է ապահովելու մեր անվտանգությունը: Հետեւաբար, ՊՆ-ից եւ ԱԳՆ-ից ես ակնկալում եմ սոլիդություն եւ ներքաղաքական չեզոքություն:
Երբ երկրի արտգործնախարարությունն է հանդես գալիս վերը շարադրված բովանդակություն ունեցող հայտարարությամբ, դա նշանակում է, որ ԱԳՆ-ն դարձել է իշխանական քարոզչության մի մասը եւ լուծում է ներքին քաղաքական կոնյունկտուրայի հետ կապված խնդիրներ: Դրանից կարելի է եզրակացնել, որ մեր դիվանագիտության վիճակը տագնապալի է. չէ՞ որ խոսքը, կրկնեմ, պետության մասին է, եւ նման հայտարարությունները «ուժի մեջ» կլինեն միշտ՝ բոլոր հաջորդ իշխանությունների ժամանակ: Ինչպես եւ, ի դեպ, 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում արված վարչապետի հայտարարությունը, որը ճանաչում էր Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմում: Ըստ էության, ճանաչում էր Արցախի չգոյությունը:
Կարդացեք նաև
…Կասկածում եմ, որ այսքանից հետո որեւէ պարկեշտ պրոֆեսիոնալ ի վիճակի կլինի շարունակել իր ծառայությունը ԱԳՆ-ում:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ