Իշխանափոխության անհրաժեշտության և Վահան Հովհաննիսյանի՝ «դալաններում ծեծվելու» մասին ֆեյսբուքյան գրառման համար երիտասարդ կինը հայտնվել է ամբաստանյալի աթոռին։
«Փաստինֆո»-ն ավելի վաղ հայտնել էր, որ 2024թ․ մայիսին իշխանություններին քննադատող ֆեյսբուքյան գրառման համար երիտասարդ կին էր ձերբակալվել, ընդ որում, դա տեղի էր ունեցել «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման օրերին, երբ իշխանական քարոզչամեքենան ակտիվ թիրախավորում էր արցախցիներին, սակայն արցախցիների դեմ արշավ իրականացնող որևէ անձ այդ օրերին այդպես էլ չձերբակալվեց։
Փոխարենը, ինչպես արդեն նշվեց, ձերբակալվել էր երիտասարդ կինը՝ իշխանությունների վարած քաղաքական գծին համակարծիք չլինելու համար։ Ավելին՝ ոչ միայն ձերբակալվել, այլև՝ ստացել է մեղադրյալի կարգավիճակ, քրեական գործն անգամ դատարան է հասել։
Կինը, մասնավորապես, ֆեյսբուքյան իր էջում գրել էր․ «Տա Աստված լինի իշխանափոխություն ու դրանից հետո Հայաստանում մի աշխարհ մարդ պետք է, լուսահոգի Վահան Հովհաննիսյանի ասած լեգենդար խոսքի համաձայն, ԾԵԾՎԻ դալաններում, ստորացվի, որոշները պետքա վտարվեն ու զրկվեն ՀՀ անձնագրից, որոշները սատկեն բանտում ու որոշները պարզապես ամեն Աստծո օր ամեն տեղ ստորացվեն ու թուք ու մուր ուտեն! Ես դա անելու եմ! Մենակ էտ դեպքում էս սրբազան հողը կմաքրվի էս տեսակ շան ծնունդներից, ուրիշ ձև չկա!!!»։
Կարդացեք նաև
Այս հայտարարությունից իրավապահները սրտնեղել են և կնոջը մեղադրում են անձանց խմբի նկատմամբ քաղաքական կամ այլ հայացքներով կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներով պայմանավորված ատելություն, անհանդուրժողականություն, թշնամանք հրահրելուն և քարոզելու վերաբերյալ հայտարարություններ կատարելու մեջ։ Նրա նկատմամբ այժմ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը։
Թե նախաքննական մարմնի պատկերացրած ատելության խոսքը որ խմբին է ուղղված, պարզ չէ, հասցեատերն անորոշ է։