Լրահոս
Օրվա լրահոսը

Զեյնալին պնդում է՝ իր նկատմամբ պատերազմական հանցագործության համար Հայաստանի հայտարարած միջպետական հետախուզումը հանվել է. «Ազատություն»

Ապրիլ 07,2025 23:00

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Ազատություն».  Անցած տարի Մոսկվայում մի քանի ժամով ձերբակալված, ապա ժամեր անց ազատ արձակված Քամիլ Զեյնալին, որի նկատմամբ պատերազմական հանցագործության համար Հայաստանը միջպետական հետախուզում էր հայտարարել, ադրբեջանական եթերում պնդել է՝ իր նկատմամբ միջազգային հետախուզումը հանվել է:

«Մեր թշնամիների կողմից հայտարարված հետախուզումը մեր պետության ձեռնարկած ջանքերի շնորհիվ չեղարկվել է», – ասել է Զեյնալին

Հայտնի ֆիթնես բլոգերին ռուս ոստիկանները 2024-ի փետրվարին էին ձերբակալել «Դոմոդեդովո» օդանավակայանում՝ Բաքու վերադառնալիս։ Հայաստանի ներքին գործերի նախարարությունն էլ հայտնել էր՝ նրա նկատմամբ սպանության մեղադրանքով միջպետական հետախուզում կա: Զեյնալիին Հայաստանում 2020 թվականի պատերազմի օրերին անզեն հայ ծերունուն գլխատելու համար են մեղադրում:

Ռուսական կողմը, սակայն, չսպասելով Երևանին ուղարկվող համապատասխան փաստաթղթերին, նրան ազատ էր արձակել: Զեյնալին ծափողջյունների ներքո Բաքու վերադարձավ, հայ փորձագետներն էլ ռուսական կողմին մեղադրեցին անօրինական քայլի համար:

Ամիսներ անցան, տեղի ունեցածը մասին Հայաստանի իրավապահ համակարգը ոչինչ չհաղորդեց: Զեյնալիի անունը չշոշափվեց նաև անցած տարեվերջին Երևանում գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի ու նրա ռուսաստանցի գործընկերոջ հանդիպման մասին պաշտոնական հաղորդագրությունում: Երկու երկրների իրավապահ կառույցների փոխգործակցության մասին հաղորդագրությունում սկանդալային այս պատմության մասին որևէ խոսք չկար:

Տեղի ունեցածից ավելի քան մեկ տարի է անցել, սպանության մեջ մեղադրվող ադրբեջանցին այժմ տարբեր հեռուստատեսային հաղորդումների է մասնակցում, դրանցից մեկի ընթացքում էլ հետախուզման դադարեցման մասին է հայտարարել: Այս հատվածը կա կտրել ու առանձին հրապարակել է իր ֆեյսբուքյան էջում:

Արդյոք անցած ամիսների ընթացքում Զեյնալիի նկատմամբ միջպետական հետախուզումը դադարեցվել է, Հայաստանի իրավապահ համակարգից «Ազատություն»-ն այս հարցի պատասխանն այսօր չստացավ: Գլխավոր դատախազությունից հորդորեցին գրավոր դիմել, ինչն արդեն արել ենք: Գլխավոր դատախազին հասցեագրված դիմումով «Ազատություն»-ը, մասնավորապես, հետաքրքրվել է՝ Հայաստանը իսկապես հե՞տ է կանչել Զելնալիի նկատմամբ հետախուզումը, ինչպես պնդել է ադրբեջանցին, այս պահին նա Հայաստանում ի՞նչ քրեական գործով է անցնում: «Ազատություն»-ը հարցրել է նաև, թե անցած տարի նրա ձերբակալությունից հետո հայկական կողմն իրավական ինչ քայլեր է նախաձեռնել, ինչ փաստաթղթեր են ուղարկվել Ռուսաստան, և արդյոք նրա նկատմամբ այժմ հետապնդում իրականացվում է, թե ոչ: Այս հարցերի պատասխանները դեռ չենք ստացել:

Դաժան սպանությունը, որի համար հայկական կողմը մեղադրում է Զեյնալիին, տեղի է ունեցել 44-օրյա պատերազմի ընթացքում՝ Հադրութում: Հայ ծերունու գլխատման տեսանյութերը Guardian-ի և Bellingcat-ի հետաքննող լրագրողներն էին ուսումնասիրել ու հաստատել՝ տարեց տղամարդուն գլխատել է մի ադրբեջանցի զինվորական:

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930