Գյումրեցի ընդդիմադիր քաղաքական գործիչ, նախկին իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը ՀՀ ԱԺ Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի՝ ԱԺ պատգամավորին ու հայ տղամարդուն ոչ վայել պահվածքը լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանի նկատմամբ բնավ զարմանալի չի համարում, քանի որ, ըստ նրա, գյումրեցիները վաղուց են տվել Անդրանիկ Քոչարյանի բնութագիրը՝ նրան մականուն կնքելով։
«Անդրանիկ Քոչարյանի դրսևորած վարքագիծը միանշանակ անդաստիարակ մարդու վարքագիծ է, գուցե համաձայն չէ, թող դատի տա, խնդիր չունեմ։ Ինչպես կվերաբերվեն գյումրեցիները նրա գործունեությանը, գյումրեցիները ժամանակին վերաբերվել են ու դրա համար իրեն կոչել «հրեշ Անդո» մականունով։
Ինձ թվում է՝ դրա մեջ արդեն ամեն ինչ ասված է, էս դեպքում էլ կարող է դատի տալ բոլոր գյումրեցիներին, կարծում եմ՝ դատարանում բոլորով միասին կհիմնավորենք», -Aravot.am-ի հետ զրույցում ասաց Կարապետ Պողոսյանը։
Նա դեռ 2020 թվականի օգոստոսին մի քանի հարցադրումներ էր հղել Անդրանիկ Քոչարյանին՝ որպես ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նախագահի՝ խնդրելով պարզաբանել հետևյալ հարցերը․
Կարդացեք նաև
«1.Աղետի գոտում, Ձեր լիազոր ներկայացուցիչ աշխատած ժամանակահատվածում ի՞նչ հանգամանքներում «Ուռալ Սիբ Շին» կազմակերպության տնօրինության տակ գտնվող մոտ 800 վերամբարձ կռունկները հայտնվեցին ՀՀ տարածքից դուրս։
2.Ըստ օդում կախված լուրերի՝ տվյալ ժամանակահատվածում առևանգել են վերոնշված կազմակերպության տնօրեն ՝ «Սևուկ» մականունով Լյովա Հարությունյանի որդուն, ապա ավտոմեքենան հրդեհել։
3.«Սևուկը» «ատամներով» պահում էր կազմակերպության գույքը։ Ի՞նչ առնչություն ունեք դուք այս ամենի հետ։
4.Ըստ օդում կախված լուրերի՝ Ձեր լիազոր ներկայացուցիչ աշխատած ժամանակահատվածում աղետի գոտուն հատկացված արհեստական շնչառական ապարատները հայտնվել են Թուրքիայում։ Ի՞նչ առնչություն ունեք դուք այս ամենի հետ։
5.Տվեք պարզաբանում՝ ի՞նչ հանգամանքներում «Գյուղշինտրեստ»-ում աղետի գոտու շինաշխատանքների համար պահեստավորված մոտ 120 տոննա ամրանները և երկու գերմանական «Լիդնեռ» մակնիշի ավտոկռունկները անհետացան աղետի գոտուց։
6.1996թ. ՆԳՆ Շիրակի օդանավակայանի բաժնի պետ է աշխատել Ա.Վարդանյանը (Պանել Աշոտ, ով հանդիսացել է Ձեր հովանավորյալը)։ Ըստ օդում կախված լուրերի՝ Ձեր պաշտոնանկությունից մի քանի օր առաջ ՀՀ ՆԳՆ Շիրակի մարզային վարչության պետի միջնորդությամբ վերջինս ազատվել է աշխատանքից, և նրա փոխարեն նշանակվել է Ս.Պողոսյանը (Գմբ)։ Վերջինիս պաշտոնում նշանակվելուց ժամեր անց, ըստ ավագ գյումրեցիների (ականատեսների), մի քանի ժամ շարունակ ինքնաձիգներից կրակահերթեր է արձակվել ՆԳՆ Շիրակի մարզային վարչության ուղղությամբ։ Ի՞նչ առնչություն եք ունեցել դուք այդ կրակոցների հետ։
(Ըստ օդում կախված լուրերի՝ ՆԳՆ Շիրակ օդանավակայանի բաժինը Ձեզ ամենաշատ «նալոգ» ապահովող կառույցն է եղել)։
5.1 Ըստ օդում կախված լուրերի՝ ակտիվ կրակողներից մեկը եղել է Ձեր թիկնապահ ոմն Արթուրը։ Արդյոք նրա նկատմամբ իրականացվե՞լ է քրեական հետապնդում։
5.2 Նույն օրը արյունահեղությունը կանխելու նպատակով Գյումրի էր ժամանել ՆԳ նախարարի առաջին տեղակալ Հայկ Հարությունյանը։ Ձեր մեկնաբանությունը։
5.3 Ըստ օդում կախված լուրերի՝ նույն օրը Ս.Պողոսյանը իր ընտանիքին թաքցրել է Երկաթգծի Գյումրու կայարանի բանվորների հերթափոխային սենյակում՝ «Լետուշկա»։ Ս.Պողոսյանի ընտանիքին ի՞նչ վտանգ էր սպառնում։
5.4 Հայկ Հարությունյանը երկու օր Գյումրիում մնալուց հետո հեռացել է։ Նույն օրը, գիշերը ժամը երեքին, դուք ձեր շրջապատով Շիրակի մարզի Մարալիկ-Սառնաղբյուր խաչմերուկում դիմավորել եք սպարապետ Վազգեն Սարգսյանին, ով մեքենայից իջնելով Ձեզ ապտակել է։ Հարց՝ ի՞նչ հայհոյանք տվեց Ձեզ սպարապետը և ինչո՞ւ։
Ըստ ականատեսների՝ դուք նրա մեքենայի հետևից շարժվել եք Երևան և այլևս չեք վերադարձել։ Շարունակելի…»։
Կարապետ Պողոսյանը նշում է, որ այդ հարցադրումներն ինքը Անդրանիկ Քոչարյանին հղել է որպես Մարդու իրավունքների ոլորտի փորձագետ, Աղետի գոտու 1994-96թթ. թալանն ուսումնասիրող փաստահավաք խմբի ներկայացուցիչ, սակայն այդպես էլ որևէ արձագանք չի ստացել։
«Դրանք շատ կոնկրետ հարցեր էին, որոնց 5 տարի է՝ պատասխան չենք ստացել։
2019-2020 թվականներին մենք ստեղծել էինք մի հանձնաժողով․ քանի որ Անդրանիկ Քոչարյանը սիրում է հանձնաժողովներ ստեղծել՝ ուսումնասիրություններ անելու համար, մենք էլ ստեղծեցինք, որը կոչվում է 1994-96թթ. Աղետի գոտու թալանն ուսումնասիրող հանձնաժողով։
Ուսումնասիրությունների արդյունքում բավական հարցեր էին առաջացել, աղաղակող հանգամանքներ կային, մասնավորապես Գյումրիում տարբեր պետական կառույցների գույքերի անհետացման հետ, ինչպես նաև որոշակի քաղաքական ռազբորկաների, կրակոցների մասով։
Մենք հրապարակային այդ հարցերը ուղղել էինք Անդրանիկ Քոչարյանին, անկեղծ ասած՝ պատասխաններ չէինք էլ ակնկալում, որովհետև վստահ էինք՝ ինքը չէր կարողանալու այդ հարցերին պատասխանել։ Շատ տարօրինակ էր ու զարմանալի, որ այդ հարցերը մենք տվեցինք 2020 թվականին, որովհետև ավելի տրամաբանական կլիներ, որ այդ հարցերը իրեն դատախազները տային շատ ավելի վաղ ժամանակներում։
Բայց հաշվի առնելով մինչև 1998-1999 թվականներին նրա սերտ հարաբերությունները տվյալ ժամանակաշրջանի իշխանությունների հետ՝ հասկանալի էր, որ այդ հարցերը իրեն այդպես էլ չէին տրվելու»,-ասում է Կարապետ Պողոսյանը։
Նա նշում է, որ իրենց ձևավորած փաստահավաք խումբը հասարակական հիմունքներով էր ստեղծվել, ուսումնասիրելով տեղի ունեցածն ու տարբեր վկաների հետ խոսելով՝ կազմել էին հարցեր, որոնք հրապարակային ձևով էին հղել Անդրանիկ Քոչարյանին։
«Ինչո՞ւ էինք կոչել 1992-1994 թվականների Գյումրու թալան, որովհետև այդ տարիներին պաշտոնավարել է Անդրանիկ Քոչարյանը ու Գյումրից դուրս էր բերվել մեծ քանակությամբ շինտեխնիկա, վերամբարձ կռունկներ․ տարատեսակ վերամբարձ տրակտորներ, մեքենաներ։
Թե ուր էր գնացել այս ամենը, պաշտոնական փաստաթղթերում որևէ վայր չի երևում, իհարկե տարբեր անհատներ վստահեցնում էին, որ այս ամենը գտնվում էր Ուկրաինայում և բավական լուրջ շահույթ էր ապահովում։
Հետաքրքրվելով՝ տեսնում ես, որ 1992-1994 թվականների Շիրակի մարզում կառավարության լիազոր ներկայացուցիչը եղել է Անդրանիկ Քոչարյանը, որովհետև այն ժամանակ մարզպետի ինստիտուտը չկար, և կային առանձին լիազոր ներկայացուցիչներ։
Կոնկրետ Գյումրի, Ախուրյան հատվածում անսահմանափակ իշխանություն ունեցել էր հենց Անդրանիկ Քոչարյանը, այդ հարցադրումներ մեջ մենք հստակ նշել ու նկարագրել էինք իր ու երջանկահիշատակ Մուշեղ Սաղաթելյանի միջև ծագած կռիվները։
Այդ թվականին եղել են կրակոցներ, որոնց մասին ամբողջ Գյումրին գիտի և Գյումրին հանդարտվել է միայն այն ժամանակ, երբ Շիրակի մարզ էր եկել սպարապետ Վազգեն Սարգսյանը․ և ինչպես ականատեսներ են պատմում՝ հայհոյելով, ապտակելով Անդրանիկ Քոչարյանին՝ տարել էր Երևան։ Ու դրանից հետո նա երևի թե Գյումրիում էլ չէր եղել մինչև ՔՊ-ականների իշխանության գալը»,-ասում է Կարապետ Պողոսյանը։
Նա նշում է, որ իրենց հետազոտությունների մեջ չեն ներառել «Դվոռ ստրոյ» կազմակերպությունից մի քանի կռունկավար մեքենաների անհետացումը, մարդկանց ստիպել էին, որ դրանք հանեն ու իրեն տան։ Նմանապես Ախուրյանում «Շին կոոպերատիվից» գույքն են տարել։
«Չեմ ուզում անմեղության կանխավարկած խախտել, բայց այդ ժամանակ անակնկալ մահեր ունեցող պաշտոնյաների հարազատներ նույնիսկ այդ խնդիրն էին բարձրաձայնում, թե մեկի հայրն անակնկալ ձևով մահացել էր ինֆարկտից, մյուսին մոտ անհասկանալի հանկարծամահություն է եղել։
Այսօր այդ ամենը խոսում է մեկ բանի մասին, որ իսկապես գյումրեցիները չափազանց չեն սիրել Անդրանիկ Քոչարյանին և պատահական չէ, որ նրան կնքել էին հենց «Հրեշ Անդո» մականունը։
Եթե դուրս գաք Գյումրու փողոցներ ու հարցնեք՝ Անդրանիկ Քոչարյան, կարող է շատերը չհիշեն, բայց եթե Գյումրիում ասեք՝ «Հրեշ Անդո» միանգամից շատերը շատ բաներ կպատմեն։
Տրամաբանական է, որ այդ անձը պիտի լինի այսօրվա իշխանության սիրելին և իրեն հանդուգն ու սանձարձակ պահի, զարմանալու որևէ բան չունենք այդտեղ»,-ասում է Կարապետ Պողոսյանը։
Մանրամասները՝ տեսանյութում
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
«․․․ մոտ 800 վերամբարձ կռունկները հայտնվեցին ՀՀ տարածքից դուրս։»
Կորեյկոյի պես էլ առավոտները համեստ-համեստ, գլուխը կախ գնում է գործի։