Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԻԽ օրակարգի ընդհանուր և առանձին քննարկումներում ՀՀ մշտական ներկայացուցչությունն անդրադարձավ ԼՂ բնակչության էթնիկ զտումից և բռնի տեղահանումից հետո Ադրբեջանի շարունակական ագրեսիվ և ռազմատենչ քաղաքականությանը

Ապրիլ 07,2025 21:21

Հայաստանի մասնակցությունը ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի 58-րդ նստաշրջանին

2025թ-ի փետրվարի 24-ից ապրիլի 4-ը Ժնևում կայացավ ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի (ՄԻԽ) 58-րդ նստաշրջանը։

Նստաշրջանի բարձրաստիճան հատվածին մասնակցեց և ելույթով հանդես եկավ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։

Ժնևում այցի շրջանակներում՝ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը պաշտոնական հանդիպումներ ունեցավ Մարդու իրավունքների հարցերով ՄԱԿ-ի Բարձր հանձնակատար Վոլկեր Տյուրքի և ԿԽՄԿ նախագահ Միրյանա Սպոլյարիչ Էգերի հետ։

ՄԻԽ 58-րդ նստաշրջանի ընթացքում հնչեցրած իր գլոբալ զեկույցում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների Բարձր հանձնակատարը նշեց, որ ուշադրությամբ հետևում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության բանակցություններին՝ հույս հայտնելով, որ դրանք «կհանգեցնեն ճշմարտության բացահայտման, ապաքինման և հաշտեցման գործընթացին»՝ պատրաստակամություն հայտնելով նաև իր աջակցությունը բերել վերջինիս։ Բարձր հանձնակատարն անդրադարձավ նաև Ադրբեջանում կամայականորեն պահվող բոլոր անձանց, ներառյալ ազգությամբ հայերին՝ նշելով, որ «նրանք պետք է անհապաղ ազատ արձակվեն, և արդար դատավարության նրանց իրավունքները պետք է ամբողջությամբ հարգվեն»։

ՄԻԽ բարձրաստիճան հատվածին հետևած քննարկումների օրակարգում էին երեխաների իրավունքների պաշտպանության, պատշաճ բնակարանային պայմանների, անցումային արդարադատության, սննդի իրավունքի, իրավապաշտպանների խնդիրների, ահաբեկչության դեմ պայքարի, կրոնական ազատությունների, փոքրամասնությունների իրավունքների, ինչպես նաև մշակութային ժառանգության և այլ հարցեր: ՄԻԽ նստաշրջանի մի շարք ինտերակտիվ երկխոսություններ նվիրված էին առանձին երկրներում մարդու իրավունքների իրավիճակներին։

Համաձայն ՄԻԽ 55-րդ նստաշրջանում ընդունված, ՀՀ հեղինակած ցեղասպանության կանխարգելման վերաբերյալ բանաձևի, ՄԻԽ 58-ի շրջանակներում կազմակերպվեց «Վաղ նախազգուշացման ու ցեղասպանության կանխարգելման» թեմայով պանելային քննարկումը։

ՄԻԽ 58-րդ նստաշրջանի օրակարգի 8-րդ կետի ներքո, Ժնևում ՀՀ մշտական ներկայացուցչությունը ներկայացրեց «Թվային տեխնոլոգիաները ու կանանց և աղջիկների իրավունքները» խորագրով համատեղ հայտարարությունը ՄԱԿ-ի անդամ 70 երկրների անունից։ Հայաստանի հիշյալ նախաձեռնությանը,  որպես հեղինակների հիմնական խմբի անդամներ, միացել էին նաև Ֆրանսիան,  Ճապոնիան, Էստոնիան, Չիլին, Քենիան և Կոստա Ռիկան:

ՀՀ մշտական ներկայացուցչությունը հանդես եկավ 46 ելույթով, ինչպես նաև միացավ 18 համատեղ հայտարարությունների։

ՄԻԽ օրակարգի ընդհանուր և առանձին քննարկումներում ՀՀ մշտական ներկայացուցչությունն անդրադարձավ ԼՂ բնակչության էթնիկ զտումից և բռնի տեղահանումից հետո Ադրբեջանի շարունակական ագրեսիվ և ռազմատենչ քաղաքականությանը, հայկական պատմամշակութային և կրոնական ժառանգության ոչնչացմանը, Ադրբեջանում պահվող հայազգի ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց ազատ արձակման ու բեմականացված դատավարությունների խնդրին, որոնք ընթանում են դատավարական կոպիտ խախտումներով, խոշտանգումների և հարկադրանքի բացահայտ նշաններով։

Ընդգծվեց ՀՀ ամուր հանձնառությունը տարածաշրջանում արդարացի խաղաղության և անվտանգության ու կայունության տևակայունության հաստատման ուղղությամբ։

ՀՀ մշտական ներկայացուցչության ելույթներում ներկայացվեցին Հայաստանի ժողովրդավարության ամրապնդման բնագավառում արձանագրված ձեռքբերումները:

Հայաստանն, ի թիվս այլ բանաձևերի, համահեղինակեց կրոնի կամ հավատքի ազատության, մշակութային իրավունքների, մշակութային ժառանգության պաշտպանության,  սննդի իրավունքի, իրավապաշտպանների, նեյրոտեխնոլոգիայի և մարդու իրավունքների, ահաբեկչության դեմ պայքարի, կանանց դիվանագիտության, տարեցների իրավունքների, ժողովրդավարության և օրենքի գերակայության վերաբերյալ ՄԻԽ 58-րդ նստաշրջանի բանաձևերը:

ՄԻԽ 58-ի շրջանակներում տեղի ունեցավ Ադրբեջանում մարդու իրավունքների  վերաբերյալ հարակից միջոցառում, որը կազմակերպել էր Միջազգային քրիստոնեական համերաշխություն կազմակերպությունը։ Միջոցառմանն անդրադարձ եղավ Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների խնդրին։

ՄԻԽ 58-ի ընթացքում ՀՀ ՄՆ համահեղինակեց Անվճար կրթական իրավունքի բանաձևի հեղինակների խմբի կողմից կազմակերպված «Strengthening the right to free Education to Transform Millions of lives» խորագրով հարակից միջոցառումը:

Հայաստանի մշտական ներկայացուցչությունը մասնակցեց ՄԻԽ նստաշրջանի շրջանակներում ավանդաբար կազմակերպվող ազգային հագուստին նվիրված մշակութային երեկոյին՝ ներկայացնելով հայկական ավանդական տարազը։

ՄԱԿ ՄԻԽ հաջորդ՝ 59-րդ նստաշրջանը կմեկնարկի 2025թ. հունիսին:

 

Շվեյցարիայում ՀՀ դեսպանություն և Ժնևի ՄԱԿ գրասենյակում ՀՀ մշտական ներկայացուցչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930