«Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը խոսում է Ադրբեջանի ներկայացրած պահանջների տրամաբանությամբ կամ նույնիսկ այդ լեզվով։ Սա շատ ցավալի է, որովհետեւ մենք չենք կարող այս հրապարակում կամ մյուս հրապարակներում խոսել մեր իրավունքների պաշտպանության անհրաժեշտության մասին եւ մյուս կողմից լսել, որ Լեռնային Ղարաբաղի հայության խնդիրները կամ քաղաքական կարգավիճակի հարցն այսօր դուրս է մնացել Հայաստան-Ադրբեջան բանակցությունների օրակարգից»,- Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի Ազգային ժողովի նախկին նախագահ Աշոտ Ղուլյանը։
Հիշեցնենք, որ «Ազատության» հարցմանն ի պատասխան ԱԳՆ-ից ասել են․ «Լեռնային Ղարաբաղի հայության բռնի տեղահանության և Լեռնային Ղարաբաղի լուծարման վերաբերյալ հրամանագրի հրապարակումից հետո խնդիրը դուրս է եկել Հայաստանի և Ադրբեջանի միջև միջպետական հարաբերությունների կարգավորման օրակարգից»։
Աշոտ Ղուլյանն ասաց, որ նույնիսկ այսպիսի զիջումների գնալու դեպքում Ադրբեջանի իշխանությունները Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու պատրաստակամություն չեն ցուցաբերում։ Սա ցույց է տալիս, որ ամեն ինչ գնում է սխալ ընթացքով։
Հարցին, թե ՀՀ-ն այսօր ունի՞ հնարավորություն՝ առաջ մղելու Արցախի հարցը, Ղուլյանը պատասխանեց․ «Իհարկե, ունի։ Ունի, եւ դա ոչ թե ասում ենք որպես Արցախի ժողովրդի ներկայացուցիչներ, այլ ասում ենք որպես դիվանագիտական եւ քաղաքական աշխատանքներում ճանապարհ անցած գործիչներ։ Երբեք, հատկապես մեր տարածաշրջանում, ավելորդ զիջողականությունը համարժեք պատասխանի չի արժանանում։ Առավել եւս, երբ խոսքը վերաբերում է Ադրբեջանին, Թուրքիային կամ այնպիսի հակառակորդներին, որոնց հետ դիմակայության երկար ճանապարհ ենք անցել։ Եվ չի եղել պատմության մեջ այնպիսի դեպք, երբ մենք ինչ-որ բան փորձել ենք լրացուցիչ տալ եւ դրա դիմաց ստացել ենք համարժեք դրական պատասխան։ Հետեւաբար, այն աշխատանքը, որն այսօր կատարվում է՝ այդ նույն խաղաղության պայմանագիրը մոտեցնելու իմաստով, ես ցավով եմ դա ասում, դա բոլորովին սխալ ճանապարհ է, եւ դժվար թե արդյունքի հասնենք։ Դրա վառ ապացույցն այն է, որ նույնիսկ հայտարարելով, որ այդ համաձայնագիրն արդեն պատրաստ է, բոլոր կետերը համաձայնեցված են, որեւէ խոսք չկա դրա ստորագրման մասին։ Հակառակը, դրանից հետո Ադրբեջանի կողմից հնչում են նոր պահանջներ»։
Կարդացեք նաև
Այս քաղաքականության այլընտրանքը, Աշոտ Ղուլյանի խոսքով, պետական շահի գիտակցումն է, պետական շահն առաջին պլանում դնելն է։ Նրա խոսքով՝ Հայաստանը միակ պետությունը չէ աշխարհում, որը պարտություն է կրել։ Բազմաթիվ պետություններ գնացել են այդ ճանապարհով, բայց իրենց մեջ ուժ են գտել ու վերականգնվել։ «Համոզված եմ, որ հիմա հարց է առաջանում՝ արդյոք մենք այդ ռեսուրսներն ունե՞նք։ Այն պետությունը, որը 1990-ական թվականներին կարողացել է հավաքել իր ամբողջ ռեսուրսը, համահայկական նպատակ սարքել Արցախի ազատագրման հարցը, ես համոզված եմ, որ ճիշտ աշխատելու դեպքում կարող է նույն ձեւով հավաքել ու ամբողջացնել իր ռեսուրսները»,- հավելեց նա։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ