«ԱԳՆ հայտարարությունը շատ խայտառակ հայտարարություն է։ Նախ փաստերը եւ փաստարկները լրիվ խեղաթյուրված են, երկրորդը, ուղղակի հերթական անգամ իրենք արձանագրում են, որ իրենց արտաքին քաղաքական օրակարգում արցախցիների իրավունքների պաշտպանության հարց չկա։ Եվ երրորդը, իրենք հերթական անգամ, այս անգամ արդեն արտգործնախարարությունը փորձում է մեղքը գցել բոլորի վրա՝ իրենց վրա որեւէ պատասխանատվություն չվերցնելով»,- Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը։
Հիշեցնենք, որ «Ազատության» հարցմանն ի պատասխան ԱԳՆ-ից ասել են․ «Լեռնային Ղարաբաղի հայության բռնի տեղահանության և Լեռնային Ղարաբաղի լուծարման վերաբերյալ հրամանագրի հրապարակումից հետո խնդիրը դուրս է եկել Հայաստանի և Ադրբեջանի միջև միջպետական հարաբերությունների կարգավորման օրակարգից»։
Բեգլարյանն ասաց, որ հենց ԱԳՆ-ն մեծ բացթողումներ է ունեցել, որ չի կարողացել ապահովել, իրենց ասած, Ստեփանակերտ-Բաքու երկխոսությունը միջազգային մեխանիզմներով։ «Այդ հանդիպումները, առաջինի Սոֆիայի մասով 2023 թվականի հունիսին տեղի չի ունեցել, քանի որ միջազգային մեխանիզմ չկար։ Ադրբեջանը պնդում էր երկկողմ հանդիպում, ՀՀ-ն որեւէ կերպ չի պնդել ու չի աջակցել միջազգային մեխանիզմին, այնինչ իրենք էին դա հայտարարում։ Եվ մենք պահանջում էինք, որ պետք է լինի միջնորդների մասնակցությամբ ու միջազգային երաշխիքով։ Երկրորդը, որը պետք է տեղի ունենար օգոստոսի մեկին Բրատիսլավայում, արցախյան կողմը համաձայնեց նույնիսկ երկկողմ հանդիպման, առանց միջազգային մեխանիզմի։ Ադրբեջանական կողմը հուլիսի 29-ին առեւանգեց Վագիֆ Խաչատրյանին Կարմիր խաչի մեքենայից, որպեսզի վիժեցնի բանակցությունները։ Նույնիսկ դրանից հետո մենք պատրաստ էինք գնալ հանդիպման, եւ արցախյան կողմի ներկայացուցիչները մինչեւ հուլիսի 31-ը սպասում էին թռիչքին՝ տոմսերը գնած։ Հուլիսի 31-ին ադրբեջանական կողմը չեղարկեց հանդիպումը՝ առանց որեւէ պատճառի։ Եվ այսքանը իմանալով՝ Հայաստանի արտգործնախարարությունը ուղղակի մեղքը գցում է արցախյան կողմի վրա»,- ասաց Բեգլարյանը։
Կարդացեք նաև
Ինչ վերաբերում է «Արցախի լուծարման հրամանագրին», Արտակ Բեգլարյանն այն չակերտավոր հրամանագիր համարեց։ Ասաց, որ Հայաստանի իշխանությունները գիտեն, այդ «հրամանագիրը հակասահմանադրական» է, Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանն անձամբ հայտարարել է, որ այն հակասահմանադրական է։
«Եվ նույնիսկ այսքանը հաշվի չառնելով՝ դեկտեմբերին էլ Շահրամանյանը մեկ այլ հրամանագիր է ստորագրել եւ ուղարկել Հայաստանի իշխանություններին՝ չեղարկելով այն նախորդ հակասահմանադրական հրամանագիրը։ Եվ իրենք ստացել են սա։ Հիմա, եթե իրենք կախվում են այս հրամանագրից, ինչո՞ւ մյուսը հաշվի չեն առնում։ Նույնիսկ եթե չեն դիտարկում, որ այս հրամանագիրը հակասահմանադրական է, չունենալով Արցախի Հանրապետություն, չի նշանակում, որ չկա Արցախի ժողովուրդ։ Կա Արցախի ժողովուրդ, եւ կան Արցախի ժողովրդի հրատապ իրավունքներ ու կարիքներ։ Ինչպե՞ս են իրենք այս հարցը փակում, երբ ժողովուրդն առկա է, եւ իրենց պատասխանատվության տիրույթում է ամբողջապես գտնվում Արցախի ժողովուրդը։ Եվ հենց իրենց ձախողումների ու սխալների հետեւանքով Արցախի ժողովուրդը տեղահանվել ու հիմա գտնվում Հայաստանի Հանրապետությունում»,- հավելեց Բեգլարյանը։
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ ՀՀ-ն Արցախյան շարժումը չպետք է շարունակի, Արտակ Բեգլարյանն ասաց․ «Իրականում որեւէ մեկը չի կարող Արցախյան շարժումը փակել, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանը, որքան էլ ազդեցիկ պաշտոնում լինի։ Արցախյան շարժման առաջին շահառուն ու սուբյեկտը հենց Արցախի ժողովուրդն է։ Եվ քանի Արցախի ժողովուրդը կա, քանի Արցախի ժողովրդի հավաքական իրավունքների պաշտպանության եւ իրացման հարց կա, այնքան ժամանակ առկա է Արցախյան շարժումը։ Իհարկե, խիստ անցանկալի ու դատապարտելի է, որ ՀՀ իշխանությունները բոլոր միջոցները կիրառում են՝ Արցախի հարցը փակելու համար, այդ թվում՝ միջազգային գանգատներից հրաժարվելով, վերադարձի իրավունքը որպես սպառնալիք ներկայացնելով, բայց ես համարում եմ, որ հայ ժողովուրդը՝ որպես գլխավոր սուբյեկտ, կարող է ցույց տալ, որ Արցախյան շարժումը շարունակվում է։ Եվ մենք ակնկալում ենք, որ հնարավորինս լայն համախմբում լինի արցախյան օրակարգի շուրջ, որպեսզի իշխանությունների վրա մաքսիմալ մեծ հանրային ճնշում լինի, եւ իրենք հետագա հանցավոր քայլեր չանեն՝ Արցախյան շարժումը փակելու ուղղությամբ»,- նշեց նա։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ