Լրահոս
Օրվա լրահոսը

«Կառավարությունում ասացին, որ պատրաստ են երեք փորձագիտական խմբեր ստեղծել»․ արցախցիները դարձյալ հանդիպել են փոխվարչապետի հետ

Ապրիլ 07,2025 18:20

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամներն այսօր կառավարությունում դարձյալ հանդիպել են փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի հետ։

Հիշեցնենք, որ նախորդ հանդիպումից արցախցիները դժգոհ էին եւ հայտարարեցին, որ պայքարը շարունակում են։ Խորհրդի անդամ Նժդեհ Իսկանդարյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ այսօր դարձյալ հանդիպել են փոխվարչապետի հետ։ Հարցին, թե ի՞նչ է փոխվել, որ արցախցիների ներկայացուցիչներին նորից ընդունել են կառավարությունում, նա պատասխանեց, որ ճնշումներն իրենց արդյունքը տալիս են։

Նա ասաց, որ այսօրվա հանդիպման ժամանակ քննարկել են սոցիալական հարցերը եւ պայմանավորվել ստեղծել մասնագիտական խմբեր՝ բնակարանային ծրագրի վերաբերյալ քննարկումներ ունենալու համար։ «Պայմանավորվել ենք ստեղծել փորձագիտական խմբեր, առաջիկայում ներկայացնելու ենք մեր առաջարկությունները, լսելու ենք իրենց դիտարկումները, որից հետո խորհուրդն իր դիրքորոշումը կհայտնի»,- նշեց նա։

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամ Ապրես Մարգարյանը մանրամասնեց՝ կառավարությունից ասել են, որ այսօր պատրաստ են երեք փորձագիտական խմբեր ստեղծել ու աշխատանք իրականացնել արցախցիների բարձրաձայնած խնդիրների ուղղությամբ։ «Հարցադրում արեցինք 12 կետերի մասով, պատասխանեցին, որ այս փուլում պատրաստ ենք երեք փորձագիտական խմբի մասով աշխատանքներ կատարել՝ սոցիալական- զբաղվածության ծրագրի, բնակարանային ծրագրի եւ, շատ կարեւոր է, մշակութային ժառանգության մասով»,- նշեց նա։

«Վերածնվող Արցախ» շարժման ղեկավար Անաստաս Իսրայելյանն էլ լրագրողներին հայտնեց, որ  այսօրվանից Ազատության հրապարակում մեկնարկել են քննարկումներ տարբեր քաղաքական ուժերի եւ ՀԿ-ների ներկայացուցիչների հետ, որոնք կտեւեն մինչեւ ապրիլի 15-ը։ Այսօր անցկացվող փակ հանդիպմանը մասնակցում են Արցախի Ազգային ժողովում ներկայացված քաղաքական ուժերի ներկայացուցիչները։

Անաստաս Իսրայելյանն ասաց, որ ապրիլի 15-ին կհայտարարեն հաջորդ հանրահավաքի անցկացման օրվա մասին։ Ըստ նրա՝ քաղաքական ուժերի հետ քննարկումները արցախցիների ներկայացրած 12 կետանոց պահանջագրի շրջանակներում են, օրակարգից շեղում չի լինելու։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930