ՀՀ արտակարգ դեսպանորդ եւ լիազոր նախարար Էդգար Ղազարյանը «Հայելի» ակումբում անդրադառնալով վերջին շաբաթներին Սյունիքի բնակավայրերի ուղղությամբ ադրբեջանական կողմի ինտենսիվ կրակոցներին եւ այդ ֆոնի վրա Նիկոլ Փաշինյանի՝ անհոգ հեծանիվ վարելուն՝ ասաց. «Վերջին շրջանում տեղեկատվական առումով ունեցել ենք ամենախիտ, ամենաինտենսիվ հոսքերը: Օրը գրեթե երկու, երեք անգամ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնում էր, իբր հայկական կողմից կրակել են: Ու սրանք էլ հերքում են իրենց ստանդարտ տեսքով, որ վարչապետի աշխատակազմը առաջարկել է կրակի վերահսկման մեխանիզմներ, բայց Ադրբեջանը շան տեղ չի դրել:
Իսկ վերջին օրերին ուղղակի կրակում են արդեն բնակավայրերի ուղղությամբ: Եթե մինչ այդ պաշտպանության նախարարն ասում էր, թե ադրբեջանցիները կրակում են, բայց կրակոցը Հայաստանի ուղղությամբ չէ, հիմա չեն կարողանում թաքցնել, որովհետեւ այդ բնակավայրերից մարդիկ լուսանկարներ են հրապարակում, որ միջին տրամաչափի զենքերից են կրակում բնակավայրերի ուղղությամբ եւ տներ են վնասվում:
Անցած շաբաթ նաեւ տեղեկատվություն տարածվեց, որ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել սահմանի այդ հատվածում իրավիճակի լարվածության վերաբերյալ: Եվ արդեն հայկական կողմից ոչ պաշտոնական առումով՝ նրանք, ովքեր դիրքերում ծառայություն են իրականացնում, իրենց հարազատների միջոցով տեղեկություններ են տարածել, որ ադրբեջանական կողմում նկատում են կուտակումներ, որոշակի զորքերի տեղաշարժ:
Կարդացեք նաև
Տրամաբանական է, որ եթե պաշտպանության նախարարը խորհրդակցություն է անցկացնում, դրա արդյունքներով զինված ուժերը պետք է գործողություններ իրականացնեն: Ակնհայտ է, որ նախապատրաստվում են: Եղանակային պայմաններն էլ Ադրբեջանի համար գնալով՝ ավելի նպաստավոր են դառնում:
Հայկական կողմից էլ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ինքը ՊՆ-ին հրաման է տվել, որ ոչ մի տեղ կրակոց չլինի՝ իրենք խաղաղության են ձգտում: Սկզբից կոչվում էր խաղաղության պայմանագիր, հետո դարձավ համաձայնագիր, հետո երեւի կդառնա հանձնարարագիր: Դրա ստորագրելու վերաբերյալ ոչ տեղեկություն կա, ոչ քննարկում կա, ոչ պայմանավորվածություն: Ոչ մի բան չկա, բայց սահմանին կա նորից նոր լարվածություն, նոր կուտակումներ, նոր վտանգներ:
Ու դա չի կարող չլինել, քանի դեռ Հայաստանում վարչապետը Նիկոլ Փաշինյանն է, որը պարզ ասում է՝ ինքը զինվորներին հրաման է տվել, որ չկրակեն: Մի բան, որի իրավունքը ինքը չունի: Ինքը զինված ուժերին մարտական գործողություններ վարելու հրաման տալու իրավասություն չունի: Մեր սահմանադրությամբ հայրենիքի սահմանների պաշտպանությունը, երկրի անվտանգության ապահովումը զինված ուժերի սահմանադրական պարտականությունն է: Իսկ վարչապետը զինված ուժերին հանձնարարություն կարող է տալ, եթե Ազգային ժողովը պատերազմ է հայտարարում: Ոչ թե ռազմական դրություն, այլ պատերազմ պետք է հանձնարարվի, որ վարչապետը դառնա ԶՈՒ գլխավոր հրամանատար: Եթե երկրում պատերազմ չկա հայտարարված, իսկ մեր երկրում չկա, ինքը նման հանձնարարություն տալու իրավունք չունի: Բայց այդ իրավունքը չունենալով՝ ադրբեջանցիներին ասում է՝ հանգիստ կարող եք գրոհել: Ես հանձնարարությունը տվել եմ, ոչ մի դիմադրություն չի լինելու, մտեք, ձեզ ինչ պետք է, վերցրեք:
Ու իր հեծանիվ քշելով էլ ասում է, որ ինքը անհաղորդ է: Մեկը կրակի, մեկը մեռնի՝ հետո՞ ինչ: Ինքը Արծրուն Հովհաննիսյանի հետ պետք է հեծանիվ չքշի, ինչ է թե այնտեղ մարդ է մեռնո՞ւմ: Մինչեւ հիմա ո՞ր մարդու հոգսն է իրեն հետաքրքրել, ո՞ւմ ապրել-չապրելը»,-արձանագրեց Էդգար Ղազարյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ