Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախի նախագահի լիազորությունները երկարացնելու նախագիծը առկախված է․ «Ազատ հայրենիք» խմբակցությունը չի ներկայացել ապրիլի 4-ին հրավիրված նիստին

Ապրիլ 07,2025 17:05

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ապրիլի 4-ին պետք է կայանար Արցախի խորհրդարանի հերթական նիստը՝ ԱՀ սահմանադրական բարեփոխումներին վերաբերվղ օրակարգային հարցով։ Այդ փոփոխությունները թույլ են տալիս մայիսի 21-ից հետո ապահովել Արցախի նախագահի լիազորությունների երկարաձգումը։ Այս հարցով ԱՀ խորհրդարանի հինգ խմբակցությունների համաձայնությունը կար։ Նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվել է, ապա ուղարկվել էր ՍԴ։ Իսկ ապրիլի 4-ին կայանալիք նիստում այն պետք է երկրորդ ընթերցմամբ քննարկվեր։

Հիշեցնենք, որ 2025 թվականի մայիսի 21-ին լրանում է ԱՀ նախագահի լիազորությունների ժամկետը։ Մայիսին պետք է կայանային նաեւ ԱՀ խորհրդարանի ընտրություններ, բայց դրանք չեղյալ են հայտարարվել՝ ԱՀ նախագահի հրամանագրով, անորոշ ժամկետով, իսկ գործող խորհրդարանի լիազորությունները երկարացվել են։

ԱՀ խորհրդարանի «Ազատ հայրենիք» խմբակցությունը չի ներկայացել ապրիլի 4-ին հրավիրված նիստին, քվորում չի եղել, նիստը չի կայացել։ «Ազատ հայրենիք» խմբակցությունը ԱՀ նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի կուսակցությունն է։

Aravot.am-ի տեղեկություններով, խմբակցության ղեկավարը պարզապես հայտարարել է, որ իրենց խմբակցությունը որոշում է կայացրել չմասնակցել նիստին։ Մեզ հետ զրույցներում խմբակցության որոշ պատգամավորներ զարմանքով տեղեկացան նշանակված եւ չկայացած նիստի, ինչպես նաեւ նիստին չմասնակցելու խմբակցության որոշման մասին։ Պարզվում է, խմբակցության պատգամավորների մի մասը ծանուցված չի եղել նիստի մասին։ Նրանք, սակայն, չցանկացան հրապարակել իրենց անունները, հրապարակային բանավեճի մեջ մտնել, քանի որ նախ ներսում, թիմակիցների հետ պետք է պարզեն եղելությունը, կուսակցության «քաղաքական վերնախավի խաղերը»։

Արամ Գրիգորյան

«Ես ընդհանրապես հարցազրույց չեմ տալիս»,- սա էլ խմբակցության ղեկավար Արամ Գրիգորյանի պատասխանն է այս թեմայով Aravot.am-ի բոլոր հարցերին։ Իսկ հարցերը շատ էին՝ ինչո՞ւ է խմբակցությունը նման որոշում ընդունել, ինչո՞ւ խմբակցության անդամների մի մասը տեղյակ չէ այդ որոշումից, ինչպե՞ս են պատկերացնում այս հարցի հանգուցալուծումը եւ այլն։

Արթուր Հարությունյան

Ի դեպ, ըստ կուլիսներում պտտվող խոսակցությունների, վերջերս ակտիվություն է սկսել դրսեւորել «Ազատ հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Հարությունյանը։ Արթուր Հարությունյանը Բաքվի բանտում գտնվող Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի հորեղբոր որդին է։ Նա «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության ղեկավարն էր, ապա՝ 2023 թվականի սեպտեմբերի 18-ին նշանակվեց Արցախի պետնախարար։ Այս փուլում նրա ակտիվությունը եւ համանուն խորհրդարանական խմբակցության նման դիրքորոշումը, շատերի մոտ օբյեկտիվ կասկածներ են առաջացնում, որ ՀՀ իշխանությունների «անտեսանելի ձեռքը», որն Արցախում տարբեր խառնաշփոթների պատճառ էր դառնում, ինչն էլ ի վերջո հանգեցրեց հայրենազրկմանը, էթնիկ զտմանը եւ ներկայիս իրավիճակին, շատ հմտորեն կարող է նաեւ դեր խաղալ՝ հենց արցախցիների մեջ տարաձայնություններ առաջացնելով եւ նրանց պառակտելով՝ Արցախի պետական ինստիտուտների վերջնական լուծարման համար։

Ի դեպ, Արթուր Հարությունյանի որդու դեմ քրեական գործ էր հարուցվել՝ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին, ՀՀ կառավարության շենքի մոտ ոստիկանին իբրեւ հրելու համար։ Ենթադրվում է, որ որդու դեմ հարուցված քրեական գործով նրան «նեղն են գցել»։ Համենայնդեպս, ոմանք այդպես են բացատրում Արթուր Հարությունյանի ղեկավարած կուսակցության համանուն խմբակցության անսպասելի դիրքավորումը։

Արթուր Հարությունյանի հետ չի հաջողվել կապ հաստատել: Պատրաստ ենք հրապարակել նրա տեսակետը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930