Սյունիքի մարզի Արավուս, Տեղ, Խոզնավար, Խնածախ գյուղերում վերջին շրջանում երեկոյան ժամերից սկսած մինչեւ լուսաբաց գյուղացիները կրակոցների ձայներ են լսում։ Հայաստանի պաշտպանության նախարարությունն ասում է, որ այդ կրակոցներն անկանոն են․ «Սահմանագծի երկայնքով երբեմն արձանագրվում են անկանոն, ոչ թիրախային կրակոցներ»:
Տեղ գյուղի ավագանու անդամ, Արավուսի նախկին վարչական ղեկավար Արգամ Հովսեփյանն «Առավոտի» հետ զրույցում ասաց․ «Կրակոցներն ամեն օր իրիկունը 20։00-ից սկսվում են, մինչեւ լուսաբաց 06։00, 06։30 կրակում են։ Գյուղի վերեւով էլ են գնում կրակոցները, տների վերեւով էլ, լինում է, որ անկանոն են լինում։ Աստված չանի, մեկը պետք է զոհվի, որ նոր լուրջ վերաբերվե՞ն»։
Արգամ Հովսեփյանի խոսքով՝ ադրբեջանցիները կրակում են, որպեսզի սահմանամերձ գյուղերի բնակիչները վախենան ու լքեն իրենց համայնքները։ «Բայց երդվում եմ, տենց վախեցած ու խուճապի մատնված մարդ չկա։ Մեզ համար մեր առօրյա կյանքով, մեր բոստաններով ու գարնանացանով ապրում ենք, մեր գործը անում ենք»,- ասաց նա։
Արգամ Հովսեփյանը, անդրադառնալով ՊՆ հայտարարությանը, ասաց․ «Եթե ՊՆ-ն ասում է՝ կրակոցներն անկանոն են, մենք էլ պետք է կրակենք, բա ինչո՞ւ չենք կրակում»։
Կարդացեք նաև
Անդրադառնալով իշխանությունների հայտարարություններին, թե «խաղաղության պայմանագիր» են ցանկանում կնքել Ադրբեջանի հետ, Արգամ Հովսեփյանն ասաց․ «Այդ ո՞ր խաղաղության մասին է խոսքը, որ Ալիեւը չի ուզո՞ւմ։ Մեր կառավարությունն ասում է՝ մենք խաղաղություն ենք ուզում, ես հարց եմ տալիս՝ ո՞ւմ հետ եք խաղաղություն ուզում։ Ես գյուղացի տղա եմ, ձեզ հարցնում եմ՝ խաղաղություն ո՞ւմ հետ եք ուզում կնքեք, չոքած մարդն ի՞նչ խաղաղություն պետք է ուզի»։
Նա հավելեց, որ Ալիեւն ինչ պահանջ ներկայացրել է, Հայաստանի իշխանությունները համաձայնում են։ Այս պայմաններում հնարավոր չէ խաղաղություն ունենալ։ «Ալիեւն էլ է զարմացած, որ ինչ ասում եմ՝ սա անում է։ Ինքն էլ է զարմացած, չիմանաք թե չի զարմացել»,- նշեց նա։
Հարցին, թե ինչի կհանգեցնի Բաքվի հնչեցրած պահանջների կատարումը, Հովսեփյանը պատասխանեց․ «Արցախը ձեզ օրինակ»։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ