Լրահոս
Օրվա լրահոսը

Մհեր Կարագյոզյան. «Տիկինը Հայէկոնոմբանկում կորցրել է 53.000 դոլար 2024-ին»

Ապրիլ 07,2025 15:27

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Բանկային համակարգի զեղծարարություններից տուժած քաղաքացիները իրենց բողոքի ցույցն այսօր շարունակել են նաեւ Քննչական կոմիտեի շենքի դիմաց:

«Կասեցրեք բանկային անպատժելիությունը», «Մեր հույսը դուք եք» եւ նմանատիպ գրություններով պաստառները պարզած՝ քաղաքացիները կոմիտեի շենքի աստիճանների վրա սպասում էին, թե կոմիտեից ով կընդունի իրենց:

Մինչ այդ «Հանրային վերահսկողություն» հ/կ ղեկավար Մհեր Կարագյոզյանը լրագրողներին ասաց. «Երբ մենք կներկայացնենք մեր պահանջները, կամփոփենք այս տասնօրյա ժամանակահատվածում ինչ արդյունքներ են եղել: Մեզ հետ դիմումներ ենք բերել, որ մուտք անենք: Նախապես ներկայացրել ենք 30 դիմում, բերել ենք մեզ հետ եւս 20 դիմում: 30 դիմումի արդյունքում ինչ իրավիճակ է ստացվել: Բանկերում ու ֆինանսական կազմակերպություններում իրականացվող զեղծարարությունների հետեւանքով մի շարք դժգոհություններ ենք հայտնել դատաիրավական համակարգից: Մեր դիմումների արդյունքում տարբեր քաղաքացիների մասով ունենք տարբեր քննիչների ոչ բավարար գործողություններ, նրանց կողմից պատշաճ ջանասիրություն չի եղել, որոնց մասով քննչական կոմիտեն ծառայողական քննություններ է սկսել ու փորձեց խնդիրները շտկել: Փոխվեց քաղաքացիների դատավարական կարգավիճակը, կոմիտեն կարողացավ բացահայտել, թե որտեղից են գողացվել զեղծարարների կողմից այդ գումարները: Կոմիտեն բացահայտեց, որ գումարները գողացվել են  բանկերից ու տուժող կողմը բանկերն են: Ինչի վրա հիմնվելով՝ կարող ենք ասել, որ բանկերի ու ֆինանսական կազմակերպությունների կողմից ներկայացվող պահանջները քաղաքացիներին անհիմն են: Իհարկե, բանկերն ընդվզում են այդ որոշումների դեմ»:

Կարագյոզյանը նկատեց նաեւ, որ եթե առավոտյան ցույցի ժամանակ միայն երեք բանկի անուն էր տալիս, որոնք զեղծարարությունների թվով աչքի էին ընկնում, ապա այս պահին ցանկանում է այդ շարքը համալրել եւս մեկով. «Տիկինը Հայէկոնոմբանկում կորցրել է 53.000 դոլար 2024-ին: Նման հատուկենտ դեպքեր ունենք, հույս ունենք՝ այդ բանկերի հետ համագործակցելով, այդ խնդիրները լուծում կստանան»:

Հիշեցնենք, որ այսօր բանկային համակարգի զեղծարարություններից տուժած մի խումբ քաղաքացիներ Արդշինբանկի գլխամասային գրասենյակի դիմաց բողոքի ցույց են արել: 

 Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930