Անհետ կորած զինծառայողների ծնողները այսօր բողոքի ցույց անցկացրեցին կառավարության շենքի մոտ։ Ծնողները վստահ են, որ իրենց տղաները ողջ են ու գտնվում են Ադրբեջանում գերության մեջ։ «Համահայկական ճակատ» շարժման անդամ, «Հայկանդուխտ ավանդապաշտ ժողովրդավարական» կուսակցության փոխնախագահ Ռուզաննա Ստեփանյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ լռության ակցիա են իրականացնում։ Նրա խոսքով՝ ՄԻԵԴ-ում կան 80 տեսանյութեր, որոնք ապացուցում են, որ այդ տղաները գերեվարվել են ադրբեջանցի ասկյարների կողմից։
«Եվ հիմա այդ հայցերը դրված են հարցականի տակ: Եթե այս կառավարությունը հետ է կանչում այդ հարցերը, այս մարդիկ մնում են ձեռնունայն, եւ որեւէ մեկից չեն կարող որեւէ բան պահանջել։ Վերջին շրջանում մի քիչ տեղաշարժ եղավ՝ Եվրամիությունում բանաձեւ ընդունեցին, ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնակատարը հայտարարություն արեց, կարծես թե ինչ-որ բան տեղից շարժվում է, եւ հանկարծ կառավարությունն այստեղից հայտարարեց, որ իրենք այս ծնողների երեխաների հայցերը հետ են բերելու։ Ես կարծում եմ՝ որեւէ մեկը, կլինի վարչապետ, թե այլ անձ, իրավունք չունի այդ հայցերը հետ կանչել, դա մարդու իրավունքների կոպիտ խախտում է»,- ասաց նա։
Ռուզաննա Ստեփանյանն ասաց, որ Ադրբեջանը հստակ չի ասել, թե վերջին պատերազմից հետո քանի անհետ կորած ունեն։ «Հայկական կողմը ամենավերջին մարդասպանին էլ հանձնեց Բաքվին, ի՞նչ անհետ կորածների մասին է խոսքը, այնտեղ տեսե՞լ եք նման ակցիաներ, տեսե՞լ եք դժգոհության ալիք։ Այնտեղ կարծես թե այդ հարցը վերջնականապես լուծված է, իսկ Ադրբեջանն ամեն օր կարող է նոր պահանջներ ներկայացնել։ Եվ Հայաստանի իշխանություններն ուզում են այդ սողացող խաղաղության փաստաթուղթը ստորագրել»։
Ռուզաննա Ստեփանյանի խոսքով՝ այս ծնողներն արդեն 5 տարի է՝ սպասում են իրենց երեխաներին, շատ բան չեն ուզում, իրենց երեխաների վերադարձն են ցանկանում։
Կարդացեք նաև
Անհետ կորած զինծառայողներից մեկի մայրն էլ ասաց, որ իրենց տղաները գտնվում են ադրբեջանական բանտերում, եւ այս կառավարությունը ոչինչ չի անում նրանց վերադարձնելու համար։ «Մեզ անընդհատ ստում են, խաբում են։ Մենք ենք իրենց ապացուցել, որ, այո, մեր որդիները ողջ են, որ իրենց ասածները սուտ են, որ իրենց վրիպակների պատճառով է այսքան բան եղել, ապացույցներ ու փաստեր ունենք մենք, մենք հենց այնպես բաներ չենք ասում։ Մենք չենք ապրում երազներով, որ մեր երեխաները ողջ են։ Ես տեսանյութով տեսել եմ, թե ոնց են իմ որդուն գերեվարում։ Գերեվարումից հետո քննիչների կողմից սխալ փորձաքննության պատճառով ուրիշի անունը իմ որդու անվան հետ ուղարկեցին Ադրբեջան, եկավ այդ տղան, ասաց, որ ընդհանրապես կապ չունի այդ տեսանյութի հետ, որ ինքն այլ տեղում է գերեվարվել։ Նման վրիպակների պատճառով մենք այսօր 5-րդ տարին է արդեն՝ սպասում ենք մեր տղաներին»,- նշեց ծնողը։
Նա ասաց, որ Ազգային ժողովում օրերս տեղի ունեցած քննարկման ժամանակ նույնպես ծնողներին հուզող հարցերի պատասխանները չեն հնչել։
Մայրերը հայտարարեցին,որ չեն կոտրվելու, մինչեւ վերջ պայքարելու են, մինչեւ իրենց երեխաները կվերադառնան։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ