«Այդ ականազերծման քարտեզները նաեւ Հայաստան մտնելու համար է ուզում։ Թյուր կարծիք է, որ դրանք Արցախի ականազերծման քարտեզներն են։ Դրանք Հայաստանի քարտեզներն էլ են նաեւ եւ հանձնելով այդ քարտեզները՝ Նիկոլ Փաշինյանը բացելու է Հայաստանի դռները, որ Ալիեւը անխոչընդոտ ներս մտնի»,- վերջին շրջանում Ադրբեջանից հնչող Հայաստանին ուղղված հերթական պահանջի՝ ականապատ դաշտերի ճշգրիտ քարտեզները ստանալու վերաբերյալ, այսօր «Հայելի» մամուլի ակումբում կայացած ասուլիսում կարծիք հայտնեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։
«Սկզբունքը սա է՝ մեր տարածքները հանձնում են Ադրբեջանին, այդ տարածքներում ականազերծման աշխատանքներ են կատարվում, Ադրբեջանն ունենում է մի քանի պաշտպանական գիծ՝ գումարած այն, ինչ որ նվիրաբերել է այս իշխանությունն Ադրբեջանին եւ Ադրբեջանը հեշտությամբ, ցանկացած պահի կարող է հայտնվել ՀՀ տարածքում։ Տավուշում այդպես արեցին։ Այսինքն, այդ քարտեզների թեման հենց այնպես չի, սա էլ ծրագիր է, որպեսզի ՀՀ դարպասները հանգիստ բացվեն թշնամու առաջ»,- իր տեսակետը հստակեցրեց ընդդիմադիր պատգամավորը։
Գառնիկ Դանիելյանը խոսեց նաեւ Ազատության հրապարակում արցախցիների բողոքի ցույցից։
Նա հորդորեց․ «Երբեք ամբիոն չտրամադրել այն մարդկանց, ովքեր կասեն, որ սա քաղաքական հարց չէ, սոցիալական է։ Նման հայտարարությունները, այն էլ ամբիոնից՝ ուղղորդված են։ Սա քաղաքական հարց է եւ Հայաստանի ու Արցախի՝ այս իրավիճակում հայտնվելու՝ ցեղասպանության, էթնիկ զտման, հայրենազրկման պատասխանատվությունը կրում են Նիկոլ Փաշինյանն ու իշխող խունտան»։
Կարդացեք նաև
Ըստ բանախոսի, միայն Նիկոլ Փաշինյանի եւ ՔՊ-ի իշխանությունից հեռացումից հետո հնարավոր կլինի խոսել եւ պահանջել արցախցիների արժանապատիվ վերադարձն իրենց բնակավայրեր, իրենց հայրենի ու այս մասին նույնիսկ միջազգային խաղացողներն են ասում։
«Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ-ականները չեն թաքցնում, որ իրենք ուրախ չեն, որ արցախցիները հայտնվել են ՀՀ-ում եւ ամեն ինչ անում են, որպեսզի արցախցիները չմնան Հայաստանում»,- հայտարարեց նա՝ հիշեցնելով, որ Արցախի շրջափակման շրջանում ՔՊ-ականները խոսում էին արցախցիների՝ Ադրբեջանի կազմում ինտեգրվելու, ՌԴ-ում՝ ՌԴ քաղաքացի դառնալու մասին։
«Նույն ձեր մեջ ինչ-որ մարդիկ են հայտնվում, որ փորձում են ձեզ պառակտել։ Ուշադիր եղեք։ Միակ ճանապարհը՝ փողոց դուրս գալն է, անհնազանդությունն ու բողոքն արտահայտելը Նիկոլ Փաշինյանի եւ նրա իշխանության դեմ։ Սա միայն արցախցիների հարցը չէ»,- վստահ է Գառնիկ Դանիելյանը եւ հորդորում է համայն հայությանը՝ դուրս գալ փողոց՝ հանուն հայրենիքի եւ արժանապատիվ կյանքի։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ