Լրահոս
Օրվա լրահոսը

Բջջային հավելվածով զեղծարարները 4 ամիս շարունակ օրը 2 անգամ գործարքներ են փորձել կատարել. ահազանգում է տուժած քաղաքացին

Ապրիլ 07,2025 14:10

Բանկային համակարգի զեղծարարություններից տուժած մի քաղաքացի այսօր լրագրողներին պատմեց, որ զեղծարարությունն իրականացվել է բջջային հավելվածով: Ըստ նրա՝ ինքն այդպես էլ չի կարողանում հասկանալ. «Այս պահին mobile հավելվածով ուզում եմ մուտք գործել` չի ստացվում, ինչպե՞ս ստացվեց, որ զեղծարարներն այդքան հեշտ մուտք են գործել, 4 ամիս շարունակ օրը 2-3 անգամ փորձել վարկ ձեւակերպել իմ ավանդով: Իմ քարտի վրա գտնվող ավանդը խզել, անընդհատ գործարքներ են արել: Բա բանկից մի հատ չզանգահարեն քարտապանին, չէ՞ որ բանկում դրված ավանդի հետ են փորձում գործարքներ անել: Չզանգե՞ն, ճշտեն՝ ե՞ս եմ, թե՞ ես չեմ: Զեղծարարները ավանդը ելքագրել են, բանկը հիմա ինձ է պարտավորեցնում այդ ավանդը հետ վճարել: Բառեր չեմ գտնում, զրո անվտանգություն ուղղակի»:

Հիշեցնենք, որ այսօր բանկային համակարգի զեղծարարություններից տուժած մի խումբ քաղաքացիներ Արդշինբանկի գլխամասային գրասենյակի դիմաց բողոքի ցույց են իրականացրել: 

«Մենք ոչ միայն մտահոգված ենք, այլեւ զեղծարարությունների թեման, զարգացումն ու թափը, այն ծավալները, որ հավաքում է՝ ամբողջ աշխարհում է նկատելի: Ոչ միայն մեր տարածաշրջանում, մեր երկրում կամ մեր բանկի մասշտաբով: Արդեն ամիսներ է՝ այս թեման ակտուալ է, առաջին իսկ պահից բանկը բազմաթիվ քայլեր է ձեռնարկել զեղծարարությունների հնարավորությունը արմատապես բացառելու ուղղությամբ: Մինչ զեղծարարությունների սկսվելը՝ բանկում ներդրված է եղել երկքայլ նույնականացման համակարգ, որը ինքնին բացառում է զեղծարարություն: Այսինքն՝ տեխնիկապես հնարավոր չէ իրականացնել զեղծարարություն, եթե հաճախորդը չի տրամադրում իր անձնական տվյալները՝ քարտի հաշվեհամար, քարտի վրայի թվերը, քարտի հետեւի կողմի եռանիշ անվտանգության կոդը»,- լրագրողներին ասաց Արդշինբանկի ներկայացուցիչը:

Անդրադառնալով քաղաքացու ավանդի ելքագրման դեպքին, ավանդով վարկ ձեւակերպելուն՝ բանկի ներկայացուցիչը պարզաբանեց. «Մինչ այսօր եղած բոլոր դեպքերը հատիկ առ հատիկ քննվել են բանկի անվտանգության համակարգի վերահսկողության կողմից: Ամեն անգամ պարզվել է, որ հաճախորդն է տրամադրել տվյալները այս կամ այն անուղղակի ձեւով: Հղումներ են գալիս տարբեր հասցեներից, որոնք առաջին հայացքից դժվար է անմիջապես նույնականացնել, որ իրականը չէ: Պարզապես պետք է ուշադիր լինել, պետք է հարց տաս՝ արդյո՞ք պետք է քարտիս հետեւի եռանիշ կոդը փոխանցեմ»:

Նա նաեւ ասաց, որ արդեն մի քանի ամիս է՝ բանկում ներդրվել է եռաշերտ անվտանգության համակարգը, որը եռաքայլ նույնականացում է պահանջում. «Այդ եռաշերտ համակարգից հետո որեւէ զեղծարարության դեպք մեր հաճախորդների հետ չի եղել»:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930