Լրահոս
Օրվա լրահոսը

2026-ի երկրորդ կիսամյակում կենսաչափական համակարգը ներդրված կլինի. ՆԳՆ միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության պետ

Ապրիլ 07,2025 13:45

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Երրորդ տարին է, ինչ աշխատում ենք այս ուղղությամբ: 2024թ ապրիլին տեղի ունեցավ մրցույթի առաջին՝ որակավորման փուլը, որի արդյունքներով 5 ամիս հետո մեկնարկեց առաջարկի հարցման փուլը, իսկ մարտի 31-ին հայտարարեցինք հաղթող ընկերության անունը՝ DEMIA կոնսորցիում»,- «Արմենպրեսի» մամուլի սրահում կայացած ասուլիսում նշեց ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանը՝ խոսելով կենսաչափական համակարգի ներդրման աշխատանքներից։

Նա նշեց, որ DEMIA-ն կոնսորցիում է, որի առաջատար անդամը ֆրանսիական հայտնի կազմակերպություն է: «Հավաքած միավորների թիվը կազմում է 94.97, մեր մյուս որակավորված հայտատուն, որը էլի կոնսորցիումի ձևաչափով էր մասնակցում մրցույթին եւ առաջատար անդամը գերմանական հայտնի AUGENTIC կազմակերպությունն էր, ընդհանուր գնահատող հանձնաժողովի գնահատականների արդյունքում հավաքել է 79.24 միավոր»,-հավելեց Նելլի Դավթյանը:

Նրա խոսքով. «Որակ-գին հարաբերակցության ձեւաչափով է անցել մրցույթը, ընդ որում՝ որակի մասնաբաժինը 70% է՝ ընդհանուր գնահատականի մեջ, իսկ գնի մասնաբաժինը 30% է: Ըստ Պետություն եւ մասնավոր գործընկերության մասին օրենքի՝ մենք առաջինը ամփոփեցինք տեխնիկական առաջարկը, որակի հատվածը, եւ նվազագույն շեմը հաղթահարեցին երկու հայտատուներն էլ: Դրանից հետո միայն բացվեցին երկու հայտատուների գնային առաջարկները: Այժմ ունենք այս պատկերը»:

Հարցին՝ որո՞նք են լինելու հետագա փուլերը, ՆԳՆ միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության պետը հետեւյալ կերպ արձագանքեց. «Մենք պետք է արդեն պայմանագիրը կնքենք հաղթող ընկերության հետ: Քանի որ որակաորման փուլից մինչեւ առաջարկի հարցման փուլն ընկած ժամանակահատվածը հատուկ հայտատուների խնդրանքով երկարաձգեցինք, եւ բավականին մանրամասն պայմանագրի նախագիծը քննարկված է, այս փուլում արդեն շատ չենք ուշացնի:

Ըստ էության, պայմանագիրն ընդունելի տեսք ունի երկկողմ՝ եւ հանրային գործընկերոջ՝ կառավարության համար, եւ մասնավոր գործընկերոջ՝ տվյալ պարագայում հաղթած հայտատուի համար: Առաջիկա ամսվա ընթացքում կպայմանավորվենք երկկողմ հարմար օր, տեղ, եւ փաստաթուղթը կստորագրվի։Այս փուլում, իհարկե, արդեն հայտատուն պետք է ՀՀ իրավաբանական անձանց ռեգիստրում ունենա համապատասխան գրանցումը եւ որպես կողմ ի վիճակի լինի ստորագրելու պայմանագիրը»։

Նա նաեւ հավելեց, որ 2026-ի երկրորդ կիսամյակում արդեն կենսաչափական համակարգը ներդրված կլինի եւ փաստաթղթերը՝ շրջանառության մեջ, ու կսկսեն դրանք արդեն տրամադրել քաղաքացիներին: Ընդգծեց, որ 23 գրասենյակներ կլինեն մասնավորի կողմից Երեւանում, մնացածը՝ մարզերում: Այդ գրասենյակներում կընդունվեն քաղաքացիների դիմումները՝ անձ հաստատող փաստաթուղթ ստանալու վերաբերյալ:

«Իմաստն այն է, որ անձը կարողանա իր կենսաչափական փաստաթուղթը էլեկտրոնային կարդացող սարքի միջոցով ընդամենը սկանավորել ու շարունակել ճանապարհը, չլինեն կուտակումներ օդանավակայաններում։ Այն անձը, որը չի ունենա կենսաչափական անձնագիր, ստիպված կլինի այդ տվյալները տեղում հանձնել։ Եվ եթե չենք ուզում այդ բարդությունների կրողը լինել, ուրեմն պետք է վաղ թե ուշ անցնենք այս ճանապարհով»,-ասաց Նելլի Դավթյանը։

Մանրամասն տեսանյութում.

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930