Բանկային համակարգի զեղծարարություններից տուժած մի խումբ քաղաքացիներ այսօր բողոքի ցույց են անցկացրել Արդշինբանկի գլխամասային գրասենյակի դիմաց:
Բանկային զեղծարարություններից տուժած 286 քաղաքացի իրավական աջակցություն ստանալու համար դիմել է «Հանրային վերահսկողություն» հ/կ-ին: Այսօր տուժած քաղաքացիների ցույցին էր միացել նաեւ հ/կ ղեկավար Մհեր Կարագոզյանը: Ըստ նրա՝ Հայաստանում գրանցված 17 բանկ կա, դրանցից միայն երեքն են աչքի ընկնում զեղծարարությունների թվերով՝ ԱյԴի բանկը, Ինեկոբանկն ու Արդշինբանկը:
«Այս ակցիայով փորձում ենք իրազեկել այն քաղաքացիներին, որոնք դեռ առնչություն չեն ունեցել այսպիսի խնդրի հետ, առաջարկում ենք ձեռնպահ մնալ այդ բանկերից, որովհետեւ քաղաքացիները հայտնվում են ֆինանսական կոլապսի առաջ: Այս ակցիայից հետո եթե այդ բանկերի վարքագծում ոչինչ չփոխվի, մեր իրազեկման ակցիաների բնույթն ենք փոխելու: Իրազեկման ակցիաները կվերածվեն այնպիսի ակցիաների, որ ՀՀ-ում բանկերի կողմից ուղիղ հանցագործությունները կկանխարգելեն:
Մեր քաղաքացիների պահանջն է, որ չեղարկվեն այն վարկերը, որոնք ապօրինաբար են տրված ինչ-որ քաղաքացիների: Այստեղ հավաքված քաղաքացիները վարկ չեն ստացել, որքան էլ ինչ-որ զեղծարարների կողմից օգտագործվել են իրենց անձնական տվյալները: Բանկի կողմից առկա պահանջների հետ մենք անհաշտ ենք, որովհետեւ այդ պահանջներն անօրինական են ու ոչ իրավաչափ»,- լրագրողներին ասաց «Հանրային վերահսկողություն» հ/կ ղեկավար Մհեր Կարագյոզյանը
Կարդացեք նաև
Նրա խոսքով, բանկի դիմաց բողոքի ցույցն ավարտելուց անմիջապես հետո գնալու են ուղիղ քննչական կոմիտե, այնտեղ ակնկալում են հանդիպում նշված գործերը վարող քննչական կոմիտեի լիազոր ներկայացուցչի հետ:
Լրագրողի հարցին, թե բանկերը պարբերաբար քաղաքացիներին զգուշացնում են զեղծարարությունների մասին, այդ զգուշացումները բավարա՞ր չեն, պարոն Կարագյոզյանը պատասխանեց՝ ոչ. «Բավարար չեն: Դրանք ապատեղեկատվության տարածման միտում ունեն: Քաղաքացին ինչպե՞ս պետք է հասկանա, ո՞ր գովազդի հղումով պետք է անցնի, որով չէ, կամ որ հեռախոսազանգին պատասխանի, որին՝ չէ:
Մեր շարքերում կան նաեւ բանկի աշխատողներ, որոնք նույնիսկ վարկային բաժիններում են աշխատում: Այդ մասնագետները ժամանակ առ ժամանակ վերապատրաստումներ են անցնում, բայց հայտնվում են ծուղակում: Ինչպե՞ս կարելի է մեղադրել սովորական քաղաքացիներին: Բացառապես բանկերի խնդիրն եմ համարում քաղաքացիների հետ տեղի ունեցածը: Պետք է կարողանային քաղաքացիներին պատշաճ ձեւի պաշտպանել զեղծարարներից: Մինչեւ այսօր լսել ենք տարբեր առարկություններ, թե բանկերը կարողացել են 99 տոկոս եւ ավելի կատարել իրենց պարտավորությունները, բայց մի տասնյակ դեպքերում չեն կարողացել, որովհետեւ անհնար է 100 տոկոսանոց ճիշտ աշխատել: Իսկ այդ տասնյակ դեպքերը տասնյակ ընտանիքներ են, տասնյակ ճակատագրեր են: Գումարը գուցե բանկերի համար կոպեկներ են, բայց քաղաքացիների համար մեծ գումար է, մի դեպքում 8 միլիոն, մյուսի դեպքում 20, 34 միլիոն դրամ…»:
Մհեր Կարագյոզյանը չի բացառում, որ զեղծարարությունների մեջ նաեւ բանկերի մատն է խառը. «Ես համարում եմ քաղաքացիների նշած միտումը օբյեկտիվ, որովհետեւ բանկերն այնպիսի դիրքորոշում ունեն, որ բացարձակապես մեղավոր չեն, այդ խնդիրները չեն կարողանում լուծել: Հնարավոր է՝ այդ սողանցքերը բաց են թողնված այն նպատակով, որ մինչ օրս դատարանների միջոցով կարողանում են օրինականացնել զեղծարարությունները, ունենք տպավորություն, որ բանկերի համար այս վիճակը շահավետ է: Պահանջում ենք՝ համակարգային ու վերջնական լուծում տրվի այս խնդրին: Վարչապետի աշխատակազմից մեզ խոստացել են, որ կտրվեն համապատասխան հանձնարարականներ ու հետամուտ կլինեն խնդիրների լուծմանը»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Նկարը գեներացված է արհեստական բանականության միջոցով