Լրահոս
Օրվա լրահոսը

«Իմ բոլոր թատերային մտքերը մեծ էկրանին ստանում են առանձնահատուկ դրսևորում։ Կինոյում ես վայելում եմ ժամանակի և տարածության իմ ստեղծած իրականությունը». Արարատ Գրիգորյան

Ապրիլ 07,2025 14:34

2016թ․ գարնանը Դերասանի տան տարածքը լի էր Բուլգակովյան տրամադրությամբ։ Հանդիսատեսը սպասում էր «Վարպետը և Մարգարիտան» մոնոներկայացմանը, որն իր տեսակով աննախադեպ էր։ Մոգական թատրոնը, էքսպրեսիոնիզմը, միստիկան միավորվել էին անդադար փոփոխվող կերպարի մեջ՝ ստեղծելով թատերական ֆանտազիա։ Այս ներկայացման նորարարությունն այն էր, որ վերջինս բացառապես զերծ էր բոլոր տեսակի ռեկվիզիտներից, դեկորացիաներից, երաժշտական ձևավորումից, ինչի պարագայում, սովորաբար, ներկայացումներն ավելի բարդ են կառուցվում։

Դրան հաջորդեց «Մարիա Կալլաս․ նամակ լռությունից» մոնոներկայացումը, որը տեղի ունեցավ Փոքր թատրոնի բեմում։ Կալլասին այստեղ տեսանք բոլորովին այլ դիտանկյունից․ աշխարհը նվաճած Մարիա Կալլասը գտնվում էր միայնության և լքվածության մեջ։ Բեմադրության հիմքը Կալլասի նամակներն էին։

Ստեղծագործական շարքը իր կուլմինացիան ունեցավ Աղասի Այվազյանի «Առլեզ» ներկայացմամբ՝ Համազգային թատրոնում: Այն նման էր օպերայի, որը լի էր դրամատիզմով, ժամանակակից մինիմալիզմի և դասական դրամատուրգիայի միաձուլմամբ։

Այս բոլոր ներկայացումների գեղարվեստական ղեկավարը ռեժիսորի վարպետն էր՝ Հրաչյա Ղազարյանը։ Իսկ մեր զրուցակիցը՝ թատերական ռեժիսոր Արարատ Գրիգորյանն է (լուսանկարում), որի ստեղծագործական ընթացքը համատեղվեց նաև կինոյի հետ։ Որպես պրոդյուսեր նա արժանացել է երեք տասնյակ միջազգային մրցանակների։

2020թ․ Արարատ Գրիգորյանը արժանացել է Պողոսյան մրցանակի (նախկինում՝ ՀՀ Նախագահի երիտասարդական մրցանակ)։ Այս անգամ մրցանակը բոլորովին նոր փորձառության համար էր՝ վավերագրական ֆիլմի անվանակարգում («Ընդհատակ» 2020թ․)։

Այս օրերին կինոռեժիսորի դերում Արարատ Գրիգորյանը նկարահանում է խաղարկային-գեղարվեստական ֆիլմ՝ «Վալս Էլայնեի համար»: Հոգեբանական այս նկարը պատմում է երաժշտի մասին, որն ապրում է իր կյանքի բարդագույն փուլը։ Իսկ ֆիլմի ստեղծման գաղափարը ոգեշնչվել է լեգենդար ջազ դաշնակահար Բիլ Էվանսի կյանքից, սակայն, ռեժիսորը ճիշտ է գտել նրա կերպարը, թողնելով «անտեսանելի շերտերում»։

Այսպիսով, ֆիլմի գործողությունները տեղի են ունենում մեր օրերում, իսկ գլխավոր հերոսը, սցենարի ստեղծման ընթացքում ձևավորվել է որպես կիթառահար։ Նրան անդադար այցելում է իր ինքնասպան եղած սիրելին ՝ որպես տեսիլք։

Գլխավոր հերոսներին մարմնավորում են բալետի արտիստ Գոռ Սարգսյանը և օպերային երգչուհի Վարդ Ենոքյանը։

-Արարատ, հիմա թատրո՞ն , թե՞ կինո:

-Միանշանակ՝ թատրոն։ Ես չեմ կարողանում դուրս մնալ իմ թատերական երևակայությունից, եթե անգամ ֆիլմ եմ նկարահանում, քանի որ մասնագիտությամբ թատրոնի ռեժիսոր եմ։ Այս ֆիլմը ևս իր բնույթով թատերային է։ Թատրոնը մի վայր է, որտեղ ես միշտ ցանկանում եմ վերադառնալ և ստեղծագործել, իրականացնել իմ նույնիսկ ամենաանհավանական մտքերը։ Այստեղ ես լիարժեք զգում և հասկանում եմ ինքս ինձ։ Թատրոնն ինձ համար արվեստի տեսակներից ամենավեհագույնն է, որտեղ ողբերգությունից մինչև կատակերգություն լի են անկրկնելի էմոցիաներով, կրքերով, որոնք միշտ պետք են մարդուն։

Կինոյի հանդեպ իմ սերը այլ բովանդակություն ունի։ Իմ բոլոր թատերային մտքերը մեծ էկրանին ստանում են առանձնահատուկ դրսևորում։ Կինոյում ես վայելում եմ ժամանակի և տարածության իմ ստեղծած իրականությունը։

– Ինչո՞ւ հերոսդ ստեղծվեց օտարազգի արտիստի ոգեշնչմամբ։ Չէ՞ որ մենք ունեցել ենք ոչ պակաս արժանի արտիստներ, որոնց մասին կարելի էր ֆիլմ նկարահանել։

-Արվեստը ազգ չի ճանաչում, այն մշակութային համընդհանուր հաղորդակցություն է։ Ինձ համար Բիլ Էվանսի երաժշտությունը համամարդկային է, որտեղ գերիշխում է սերը։

-Իսկ ինչո՞ւ ֆիլմում հերոսդ դարձավ կիթառահար:

– Որքան էլ, որ այս ֆիլմը ոգեշնչված է մեծն Էվանսից, այն կենսագրական ֆիլմ չէ։ Ինքս նվագում եմ կիթառ և այս գործիքի հետ կապվածությունը օգնեց սցենարի և գլխավոր հերոսի ստեղծմանը։ Յուրաքանչյուր ստեղծագործություն քո մի մասն է, քո մտքերն են, քո ապրումներն են, քո զգացողություններն են։

– Գլխավոր դերերում են օպերային երգչուհի Վարդ Ենոքյանը և բալետի արտիստ Գոռ Սարգսյանը։ Ինչպե՞ս ընտրություն արեցիք։

-Իմ ընտրությունը, կարծում եմ, այս ֆիլմի կարևորագույն խաղաքարտն է։ Վարդի և Գոռի մեջ ես տեսնում եմ այն իրական արվեստագետներին, որոնց հետ ցանկություն ունեմ աշխատել։ Երկուսն էլ նվաճումներ ունեն իրենց ոլորտում և իրականում հեռու չեն այս մասնագիտությունից։ Ինձ համար հետաքրքիր է աշխատել կինոյում երբևէ չնկարահանված անձանց հետ, իրենց իսկ հետ բացահայտելով այն հերոսներին, որոնց ես ստեղծել եմ։ Կարճ ժամանակահատվածում մենք միասին ստացանք այն, ինչ իրապես ես պատկերացնում էի։ Առաջին նկարահանման օրը անցավ կարծես մեկ շնչով։ Մենք իրար հասկանում ենք մեկ բառից և դա շատ կարևոր հանգամանք է։

Գոռի և Վարդի դերակատարումների շնորհիվ բացահայտեցի նույնիսկ ինձ համար նոր շերտեր՝ իմ իսկ ստեղծած կերպարներում։ Թե՛ փորձերին, թե՛ նկարահանման հրապարակում նրանց դերասանական խաղն ինձ այնքան մոտիվացրեց, որ կարծում եմ, սա դեռևս մեր համագործակցության սկիզբն է։ Ռեժիսորի համար ամենակարևորն այն է, որ նա գտնում է իր դերասաններին․ Իսկ սա այդ դեպքն է։ Ես տեսնում եմ, որ Գոռին և Վարդին սպասվում է մեծ ապագա արվեստում։

Բացի այս ամենը, այսպիսի նեղ-ժանրային ֆիլմում դերասաններից պահանջվում է նաև լայն մտահորիզոն և բազմապրոֆիլ գիտելիքներ՝ սցենարի ընկալման հարցում։ Այս դեպքում ևս չեմ սխալվել, քանի որ մեր փիլիսոփայական զրույցները ֆիլմի նախաշեմին ստացվեցին արդյունավետ։ Թե՛ Գոռը և թե՛ Վարդը բեմի մարդիկ են և այդ պատճառով, այս ֆիլմի և թատրոնի կապը ստացվել է։

Այժմ, առաջին նկարահանումից հետո, կարող եմ վստահորեն հաստատել․ սա Թատերական ֆիլմ է։

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

Լուսանկարներում՝ կադրեր նկարահանման հրապարակից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930