Աշխարհն արդեն 75 տարի է, ինչ ապրիլի 7-ը նշում է որպես Առողջության համաշխարհային օր։ Այս տարվա կարգախոսն է՝ «Առողջ սկիզբ, հուսալի ապագա»՝ բարձրաձայնելով մայրական և վերարտադրողական առողջության համակարգերի ամրապնդման հրատապ անհրաժեշտության մասին։ Չնայած մայրական առողջության ոլորտում արձանագրված առաջընթացին, դեռևս կան զգալի բացեր, որոնք հատկապես ազդում են խոցելի բնակչության վրա։
2000 թվականի համեմատ մայրական մահացության համաշխարհային ցուցանիշը նվազել է 40%-ով, սակայն դեռևս միլիոնավոր կանայք չեն կարողանում լիարժեք օգտվել ծառայություններից ու վտանգում են իրենց կյանքը՝ առողջապահական համակարգերի անկատարության, հումանիտար ճգնաժամերի և բժշկական ծառայությունների անհավասար բաշխվածության, անհասանելիության պատճառով։
Քովիդ-19 համավարակն էլ ավելի խորացրեց այս խնդիրը, առաջացնելով մահացության կտրուկ աճ։ Թեև մայրական մահացության ցուցանիշների նվազման միտում կա, անհրաժեշտ է իրականացնել հրատապ միջոցառումներ, որպեսզի կարողանանք հասնել մայրական մահացության կրճատման համաշխարհային թիրախին՝ այն է մինչև 2030-ը մայրական մահացությունը պետք է նվազ լինի 100000 կենդանի ծնունդի հաշվով 75 ցուցանիշից: Ընդ որում Կայուն զարգացման նպատակները սահմանում են, որ յուրաքանչյուր երկիր, ելնելով իր մեկնարկային տվյալներից, պիտի սահմանի իր ազգային թիրախները:
2023 թվականին հղիության ընթացքում կամ ծննդաբերության ժամանակ 260,000 կին է մահացել։ Այսօր ոլորտի մասնագետների լուրջ բաց կա․ համաշխարհային շուկայում ավելի քան 900,000 մանկաբարձների կարիք կա։ Աշխարհում մայրական մահացության ամենատարածված պատճառը արյունահոսությունն է, որին հաջորդում են էքստրագենիտալ պատճառները:
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Համաշխարհային ցուցանիշներ
● Յուրաքանչյուր երկու րոպեն մեկ՝ հղիության ընթացքում կամ ծննդաբերության ժամանակ մեկ կին է մահանում։
● Մայրական մահացության համաշխարհային ցուցանիշը 2000-ից 2023 թվականների ընթացքում նվազել է՝ 328-ից դառնալով 197 (100,000 կենդանի ծնունդի հաշվով)։ Նվազման ամենամեծ ցուցանիշը դիտարկվել է Կենտրոնական և Հարավային Ասիայում՝ 73%։
● Ամենաքիչ զարգացած և դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրներում մայրական մահացությունը կրճատվել է համապատասխանաբար՝ 25% և 31%-ով։
● Քովիդ-19 համավարակը մահացության կտրուկ աճի պատճառ դարձավ․ 2021 թվականին արձանագրվեց 240 մայրական մահ (100,000 կենդանի ծնունդի հաշվով), որը 2022-ին նվազեց՝ դառնալով 201։
● Հակամարտություններից տուժած երկրներում մայրական մահացության ցուցանիշը երկու անգամ գերազանցում է համաշխարհայինին՝ հասնելով 504-ի (100,000 կենդանի ծնունդի հաշվով)։
Իրավիճակը Հայաստանում
Ըստ Առողջապահության համակարգի գործունեության գնահատման զեկույցի, մայրական մահացության պատճառները բաժանվում են 2 հիմնական խմբի՝ ուղղակի/մանկաբարձական (արյունահոսություն, արտաարգանդային հղիություն, տոքսիկոզ աբորտ, սեպսիս) և անուղղակի/էքստրագենիտալ պաթոլոգիաներ (էմբոլիաներ, վիրուսային վարակներ, տարբեր օրգան-համակարգերի ախտաբանություններ և այլն): 2000թ. հաջորդող տարիներին մայրական մահացության ցուցանիշի կրճատմանը զուգահեռ փոփոխություններ են եղել նաև պատճառների կառուցվածքում՝ գնալով նվազել է ուղղակի՝ մանկաբարձական պատճառներից մահերի տեսակարար կշիռը և հակառակը` դեպքերի զգալի մասը ներկայում պայմանավորված է էքստրագենիտալ ախտաբանություններով: Այսպես, եթե 2000-2008 թթ. մայրական մահերի ուղղակի և անուղղակի պատճառների համամասնությունը կազմել է 48% և 52%, ապա հաջորդ՝ 2009-2018 թվականներին՝ 26% և 74%:
Անհրաժեշտ քայլեր
Մայրական մահացության կանխարգելման համար անհրաժեշտ է հանձնառություն և ներդրումներ կատարել, մասնավորապես՝
- առողջապահական համակարգերի ամրապնդման և որակյալ խնամքի ապահովման համար
- մանկաբարձական ծառայությունների ընդլայնման համար, որը կօգնի կառավարել ռիսկերը և կանխարգելել հնարավոր բարդությունները
- կատարել ներդրումներ՝ բարելավելու մայրական և նորածնային առողջության պահպանման ոլորտը, ինչը, ըստ PMNCH համաշխարհային դաշինքի տվյալների կարող է իր դրական ազդեցությունը բերել, ներառյալ
- առողջ աշխատուժի տեսքով, որը համաշխարհային տնտեսությունը կխթանի լրացուցիչ 400 միլիարդ դոլարով։
- մայրական մահացության կանխարգելելի պատճառների հաղթահարմանն ուղղված քայլերի իրականացում, օրինակ՝ արգանդի պարանոցի քաղցկեղի դեմ պայքարի միջոցով
- հանրային իրազեկության բարձրացում՝ կրթության և վերարտադրողական առողջության ծառայությունների հասանելիության բարելավման միջոցով։
Միջազգային հետազոտությունները փաստում են, որ
Մայրական և նորածնային առողջության առաջնային պահպանման ծառայություններում յուրաքանչյուր 1 դոլարի ներդրումն ապահովում է մինչև 20 դոլարի հետվերադարձ։ Միայն մանկաբարձներին ուղղված ներդրումները 16-ապատիկ հետվերադարձ են ապահովում՝ օգուտ բերելով տնտեսության և սոցիալական ոլորտներին: Կառավարություններն ու շահագրգիռ կողմերը պետք է անհապաղ քայլեր ձեռնարկեն մայրական առողջությունն առաջնահերթ դարձնելու և կյանքեր փրկելու համար։
ՄԱԿ-Ի ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ