Լրահոս
Օրվա լրահոսը

Թեև անբաղդատելի է մարդկային ցավը և անչափելի՝ հույզը, սակայն ձեր հավաքական զոհաբերությունը համեմատելի է Աստվածածնի զոհաբերության հետ․ Արցախի թեմ

Ապրիլ 07,2025 12:34

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Օրհնության խոսք Աստվածամոր Ավետման տոնի առթիվ

Սիրելի՛ մայրեր, քույրեր ու դուստրեր,
Մայր Եկեղեցին այսօր տոնում է մարդկության պատմության մեծագույն կնոջ՝ Սուրբ Աստվածածնի Ավետման տոնը։ Այն նաև մեզանում ընդունված է որպես մայրության տոն։
Հայոց աշխարհում պատմության բոլոր ժամանակահատվածներում անգնահատելի է եղել մայրերի սրբազան առաքելությունը։ Մայրերին ցուցաբերված պատիվը և խոնարհումը մեզանում բարձրացված է սրբության աստիճանի։

Հատկապես անչափելի է ձեր անձնվիրության ու հերոսության սխրանքը՝ հայրենիքի համար զինվորյալ զավակներ ծնելու և սնելու գործում։
Սուրբ Մարիամը, ով մայրության կատարելատիպն է, սեփական աչքերով տեսավ իր Որդու խաչելությունը, և դեռ դժվար է ասել, թե ո՞ւմ ցավն էր առավել ուժգին. Քրիստոսի ֆիզիկական ցավը, թե՞ այդ ցավին ականատես մոր հոգեկան տառապանքը։

Ձեզանից շատերը, անցնող երեսուն տարիների ընթացքում Արցախյան պատերազմների հետևանքով կրել եք որդեկորստյան դառնությունը։ Ոմանք հարազատներ, եղբայր, հայր, ամուսին են կորցրել Արցախյան առաջին պատերազմին, և ապա՝ իրենց զավակի մահն են սգացել Արցախյան երկրորդ պատերազմի օրերին։ Թեև անբաղդատելի է մարդկային ցավը և անչափելի՝ հույզը, սակայն ձեր հավաքական զոհաբերությունը համեմատելի է Աստվածածնի զոհաբերության հետ։ Եթե Աստվածորդին իր զոհաբերությամբ քավեց հանուր մարդկության մեղքը, ապա մեր հայորդիներն իրենց կյանքը դրեցին հայրենյաց փրկության զոհասեղանին։
Սակայն, ինչպես առանց ամոքումի չմնաց Աստվածածնի վիշտը, այնպես էլ անհուսության ու անվերջանալի տառապանքի չպետք է մատնվեն մեր մայրերի սրտերը։ Որովհետև, մեր Տիրոջ Հարությամբ վերականգնվեց կյանքի հույսը, և մահն այլևս վերջնակետը չէ մարդկային կյանքի, այլ՝ ճանապարհ դեպի նոր կյանք։ Աստվածածնի մեծագույն սերը առ մեղավոր մարդկություն օրինակ է մեզ բոլորիս՝ սիրելու և սեր գտնելու այն մարդկանց մեջ, որոնց համար մեր զավակները իրենց կյանքն են տվել։

Ավետման տոնը հույսի և աննկուն հավատքի տոն է։ Հրեշտակի ավետիսը՝ «Ուրախացի՛ր, ո՛վ շնորհընկալ, Տերը քեզ հետ է» (Ղուկ. 1։28), մեզ բոլորիս է վերաբերում։ Որովհետև մենք այլևս մահվանը և անդառնալի կորստյանը չենք պատկանում, այլ պատկանում ենք Լույսի Արարչին, որ Իր Հարությամբ լուսավորել ու հավերժացրել է մեր ողջ գոյությունը։

Եվ արդ, սիրելի՛ մայրեր, քույրեր ու դուստրեր, թող Աստվածածնի Ավետման հուսատու այս տոնը ձեզ վերքերի ամոքում և առ Կյանք հավատի հաղթանակ բերի։
Սիրով շնորհավորում ենք ամենքիդ մայրության և գեղեցկության տոնի առթիվ։ Եվ ուրախացե՛ք, որովհետև Տերը Ձեզ հետ է։

ՀԱՍԵ ԱՐՑԱԽԻ ԹԵՄ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930