Լրահոս
Օրվա լրահոսը

Խաղաղության պայմանագիրն ինձ հիշեցնում է Անգլիայի վարչապետ Չեմբեռլենի դեպքը, երբ Հիտլերի հետ պայմանագիր ստորագրեց, ասելով՝ նա ինձ վստահեցրեց, որ Եվրոպայում խաղաղության կլինի։ Ի՞նչ տեսանք արդյունքում. Գառնիկ Քերքոնյան

Ապրիլ 07,2025 12:12

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Ապառաժ»-ի հյուրն է միջազգային իրավագետ, Արցախի ժողովրդի հավաքական հայրենադարձության և հիմնարար այլ իրավունքների պաշտպանության հանձնախմբի անդամ Գառնիկ Քերքոնյանը։

Դատական գործերի առումով ՀՀ իշխանությունները հայտարարել են, որ Ադրբեջանի հետ համաձայնեցվել են պայմանագրի վերջին երկու դրույթները, որոնցից մեկը վերաբերում է միջազգային ատյաններում հայցերը հետ կանչելուն, ինչքանո՞վ է դա վնասելու աշխատանքներին և արդյո՞ք խոսքը վերաբերում է նաև անհատական դատերին։

-Որոշումը պետական դատական գործերի մասին է, ոչ թե անհատական։ Միջազգային դատական գործերը հետ քաշելու խոսքը սխալ է, որովհետև խաղաղության պայմանագրի հիմնական արդյունքը պետք է լինի, որ այն լինի արդար և արժանապատիվ։ Ըստ միջազգային փորձի, եթե պետություններն ուզում են պայմանագիր կնքել, պետք է այդ երկու թեմաների շուրջ լրջորեն մտածեն։ Այս իրավիճակում արդարությունը հենց միջազգային արդարադատության դատարանի որոշումներն են։ Կառավարությունը լրիվությամբ հակառակ է մոտենում հարցին։ Պետք է խաղաղության պայմանագիրն ընդգրկի միջազգային արդարադատության դատարանի որոշումները, ոչ թե հետ կանչենք, որ ունենանք խաղաղության պայմանագիր։ Միջազգային փորձում ճիշտ հակառակն ենք տեսնում, որ այսպիսի միջազգային իրավունքի սկզբունքները, հարցերն ընդգրկվում են խաղաղության պայմանագրում։

Դատարանից բողոքը հետ կանչելը չի նշանակում արդյո՞ք, որ դատարանի աչքի առաջ դու քո սխալն ընդունում ես։

-Սա լրիվությամբ սխալ քայլ է։ Շատ կարևոր թեմաներ, թեզեր, նարատիվներ կան այդ դատական գործերի մեջ։ Կա Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքի հիմքը դատարանի որոշումների մեջ։

Երկրորդ՝ այս ատելության մտածելակերպը, որ Բաքվում դեր է խաղացել իրենց պատերազմական որոշումների ընթացքում։ Սա շատ կարևոր է թեզ է, միջազգային հանրությանը ցույց է տալիս, որ Ադրբեջանի քայլերը, ճնշումները Հայաստանի վրա մի ավելի մեծ պատմության մաս են կազմում։ Այդ դատական գործերը այդ պատմության հիմքն են ստեղծում։ Դատական գործերը հետ կանչելով կորցնում ենք պատմության շարքը, որն այս դեպքերն իրար է կապում, կապում է պատերազմը, Ցեղասպանությունը։

Դրանք առանձին քայլեր չեն, մի նարատիվի մասեր են։ Ադրբեջանն Արցախի զավթումից հետո նոր պահանջներ է առաջ քաշում։ Օրինակ արևմտյան Ադրբեջանի, միջանցքի հարցերը, Սահմանադրության հարցը։

Դատական գործերը հետ կանչելը սխալ է ոչ միայն իրավաբանական առումով, այլ նաև դիվանագիտական առումով մեծ կորուստ կլինի։ Վտանգի տակ է դնում ոչ միայն իրավունքները, նարատիվները, այլ նաև պետության դիվանագիտական պատմությունը, որը մեր պետությունը պետք է մյուսներին պատմի։

Խաղաղության պայմանագիրն ինձ հիշեցնում է 1938-39 թվականներին Անգլիայի վարչապետ Նևիլ Չեմբեռլենի դեպքը, երբ Մյունխենում Հիտլերի հետ պայմանագիր ստորագրեց, հետ գնաց Լոնդոն ուրախությամբ ասելով՝ ունեմ խաղաղության պայմանագիր, Հիտլերի աչքերի մեջ նայեցի, նա ինձ վստահեցրեց, որ Եվրոպայում խաղաղության կլինի։ Ի՞նչ տեսանք արդյունքում։ Երկրորդ աշխարհամարտի ամենագլխավոր դասն այն է, որ զիջումների շարքը խաղաղություն չի բերելու։ Մենք ճիշտ նույն վիճակում ենք, եթե այս դասը չլսենք, մեր անվտանգության ապագան դժվար իրավիճակում կլինի։

Արցախը իրենց Չեխոսլովակիան է, սա գործընթացի վերջը չէ, սկիզբն է։ Սա ավելի մեծ ծրագրի առաջին քայլն է, որի մասին իրենք հպարտությամբ հայտարարում են։

Մենք պետք է ակտիվորեն պաշտպանենք մեր իրականությունը, մեր նարատիվները, որովհետև, եթե մենք դիվանագիտորեն և իրավաբանորեն առաջ չտանենք մեր փաստարկները, այդ դաշտը կլցվի իրենց նարատիվներով։ Դա արդեն իսկ տեղի է ունենում և մեկ-երկու տարի հետո արդեն ինքնորոշման իրավունքի մասին չենք լսի, կլսենք անջատողականության, ապառազմականացման մասին։

Իրենք փորձում են մեր Սփյուռքը ոչնչացնել, բայց միաժամանակ իրենց Սփյուռքն են ստեղծում, հզորացնում։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930