Լրահոս
Օրվա լրահոսը

Կայացավ Էգոյանի «Արարատ» ֆիլմի երաժշտության հայաստանյան պրեմիերան. ամփոփվել է Պենդերեցկու անվան ժամանակակից երաժշտության 5-րդ փառատոնը

Ապրիլ 07,2025 11:44

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Պենդերեցկու անվան ժամանակակից երաժշտության 5-րդ փառատոնի փակման համերգին տեղի ունեցավ Ատոմ Էգոյանի «Արարատ» կինոֆիլմի երաժշտության հայաստանյան պրեմիերան՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի, Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի կատարմամբ և դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարմամբ։ Սյուիտը «Արարատ» կինոֆիլմի երաժշտությունից հեղինակել է կոմպոզիտոր Մայքլ Դաննան։ «Արարատ» կինոֆիլմի երաժշտությունը հայկական շարականների ու ժողովրդական երաժշտության միաձուլում է, որը հուզել է տասնյակ հազարավոր մարդկանց ամբողջ աշխարհում։ Երաժշտության հեղինակ, օսկարակիր կոմպոզիտոր Մայքլ Դաննան ստեղծագործության մեջ օգտագործել է հայ ժողովրդական «Կռունկ» և «Երազ» երգերը, «Ուր ես, մայր իմ» շարականը։

Համերգի ընթացքում հնչել է նաև անվանի վրացի կոմպոզիտոր Գիյա Կանչելիի «Styx» ալտի, խառը երգչախմբի և նվագախմբի համար։ Մենակատար՝ ալտահար Սառա ՄըքԷլրավի։ Ալտահարը նշում է, որ ստեղծագործությունն առասպելական Ստիքս գետի մասին է, որը բաժանում է կյանքը մահից։ Եվ ըստ նրա՝ ալտն այստեղ հանդես է գալիս որպես այս 2 աշխարհների միջև ուղեկից։ «Սա աներևակայելի լիրիկական, հոգևոր և իսկապես տպավորիչ ստեղծագործություն է»,- ասում է Սառա ՄըքԷլրավին։ Նշենք, որ Ալտահար Սառա ՄըքԷլրավին համերգի ընթացքում որպես բիս կատարեց Կոմիտասի «Շողեր ջանը»:

Երեկոյի ընթացքում հնչել է նաև լեհ կոմպոզիտոր Քշիշտոֆ Պենդերեցկու «Երեք պիես հին ոճում» ստեղծագործությունը՝ գրված լարային նվագախմբի համար։

Պենդերեցկու անվան ժամանակակից երաժշտության փառատոնն այս տարի իրականացվում էր ՀՀ-ում Լեհաստանի դեսպանության աջակցությամբ։

Փառատոնը եզակի հնարավորություն է ճանաչելու ու գնահատելու մեր ժամանակների հեղինակավոր կոմպոզիտորներին ու նրանց ստեղծագործությունները։

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930