Լրահոս
Օրվա լրահոսը

Առաջիկա լիդերության կարևորագույն անելիքը պետական մտքի, ազգային կապիտալի և ինստիտուտների ներդաշնակությունը ստանալն է. Վահե Հովհաննիսյան

Ապրիլ 07,2025 10:31

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Կառչել մեզ հասանելի միակ «բնական ռեսուրսից»

3-րդ հանրապետությունը ձախողվեց, որովհետև միտքը, ազգային կապիտալը և քաղաքական ինստիտուտներն իրար չհանդիպեցին. զարգացան զուգահեռ կյանքերով, և կուլմինացիան Նիկոլի իշխանությունն էր։

Օրերս մասնակցում էի Նյումեգ հրատարակչության կազմակերպած՝ Տիգրան Հայրապետյանի գրքի շնորհանդեսին։ Նյումեգը լուրջ գործ է արել՝ հինգհատորյակով թողարկել է Տիգրանի քաղաքագիտական աշխատությունները՝ ամփոփելով նրա ժառանգությունը։ Սա իրոք կարևոր է՝ մեր քաղաքագիտական մտքի և իրական բանավեճի աղքատացման (անապատացման) ֆոնին։

Շնորհանդեսի ընթացքում հիշեցրին Տիգրանի մի ձևակերպումը՝ ասված երևի 30 տարի առաջ, որ մեր պետությունը միտք է ուզում, ու մեր փոխարեն ոչ ոք դա չի անի։ Մենք պետք է մեր երկրում միտք գեներացնենք, առանց մտքի ոչ մի զարգացում չի լինի։

Այսօրվա անմիտ Հայաստանի համար սա որպես վերակենդանացման ուղերձ է հնչում։

Անմտությունը` գովելի, կարծիք չունենալը՝ հաջողության կարևոր պայման

Անմտությունը մեզ շատ երկար է ուղեկցել։ Մեր պետական, քաղաքական և հանրային ինստիտուտները լեցուն են եղել անմտությամբ, իսկ ազգային կապիտալն ընդհանրապես ապրել է վայրի պատկերացումներով՝ պատասխանատվության և քաղաքակրթական գրեթե զրոյական ցուցանիշներով։

Հայկական «պետական մտածողության» երկնակամարում մինչև վերջերս վառ էր օվկիանոսի մյուս կողմից հնչող «բարոյա-էթիկական քարոզը»։ Հայկական օջախները, ուսուցչանոցները, բակերը, խոհանոցները լեցուն էին դրանով։ «Քարոզչի»՝ սրա-նրա «տուն մտնելու» սպառնալիք-ուղերձները մեր ազգային դեֆոլտի ամփոփումն էին։

Բայց նույնիսկ սա չէ ամենավտանգավորը. եթե հետադարձ հայացքով նայենք, թե խորհրդարանական խմբակցություններում 20-25 տարի շարունակ ինչ տոկոս էին կազմում ոչ տառաճանաչները, ինքնուրույն անգամ մեկ նախադասություն ձևակերպելու անունակները, տասնամյակներով որևէ միտք չձևակերպածները, թե քանի´ կիսագրագետ, կրիմինալ նախարար, մարզպետ ու քաղաքապետ ենք ունեցել, ապա էլ ինչի՞ վրա զարմանանք։

Հայաստանում պաշտոններն ընկալվել են որպես փող աշխատելու, իսկ այնուհետև՝ մի կողմ քաշվելու տրամպլին։ Քանի՞ բարձրաստիճան պաշտոնյա է պաշտոնաթողությունից հետո անմիջապես լքել Հայաստանը, քանի՞ նախարար ու անգամ՝ նախագահ։

Չէ՞ որ սա խոպան չի, սա մեր պետությունն է, որը զարմանալիորեն անտեր տարածքի ընկալում ստացավ։

2018-ի իրադարձությունների ժամանակ ասել եմ, որ շատ վտանգավոր է 10 հազար դրամով քվեարկողների հեղափոխությունը։ 10 հազար դրամով քվեարկելն ու Նիկոլին աստվածացնելը մտքի բացակայության տարբեր դրսևորումներն են։ Իսկ ի՞նչ ենք արել մենք՝ ավելի լավ հասարակություն և ավելի լավ քաղաքացի ունենալու համար։ Ոչինչ։ Մեր անմտությունը հանգեցրեց նրան, որ սխալ հասկացվեց, թե ինչի մասին է մեր պետությունն ընդհանրապես։

Հիմա, երբ տեսանելի ոչ մի լավ սցենար չկա, իսկ աշխարհն այնպիսին է, որ այսօր թույլատրված են քաղաքների և գյուղերի ռմբակոծությունը, ոչնչացումը, բռնի տեղահանություններն և ցեղասպանությունը, մեզ համար միտքը դառնում է ամենակարևոր գործոնը, որը կարող է փրկության ելքեր ձևակերպել։

Նիկոլից ազատվելու պրոցեսը և հետնիկոլական շրջանն ունի լուրջ ռիսկեր։ Հայաստանի հետպատերազմյան վերականգնումն ընդհանրապես պահանջում է լուրջ ինտելեկտ, լուրջ աշխարհայացք, ժամանակի և հնարավորությունների ճիշտ ընկալում, աշխարհի հետ խոսելու ճիշտ լեզու։ Եվ, իհարկե, ազնվություն։

Այսօրվա վիճակը, երբ պետական մտածողությամբ փոքր շերտն ապրում է իր կյանքով (հուսահատության շեմին), փող ունեցողները՝ իրենց կյանքով, և լայն զանգվածները՝ իրենց, շատ դժվար է լինելու ապագան։ Առաջիկա լիդերության կարևորագույն անելիքը պետական մտքի, ազգային կապիտալի և ինստիտուտների ներդաշնակությունը ստանալն է։ Մնում է հասկանալ՝ իսկ արդյոք լիդերության հայտ ներկայացնողները սա հասկանո՞ւմ են։ Արդյոք, գոնե այսքանից հետո, մեր երկրում ամենաթանկը մի՞տքը կլինի, թե՞  կլինի ինչպես սովորաբար։

Վահե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Այլընտրանքային նախագծեր խումբ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930