Ն․Ս․Օ․Տ․Տ․ ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ
ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՍՈՒՐԲ ԱՍՏՎԱԾԱԾՆԻ ԱՎԵՏՄԱՆ ՏՈՆԻ ԵՎ ՄԱՅՐՈՒԹՅԱՆ ՈՒ ԳԵՂԵՑԿՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԻԹՈՎ
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Ավետման տոնի առիթով Հայրապետական Մեր օրհնությունն ու բարեմաղթանքներն ենք հղում համայն հավատավոր մեր ժողովրդին և ի մասնավորի`մեծազնիվ տիկնանց և օրիորդաց։
Ավետման ավետարանական դրվագը մեզ փոխանցում է Փրկչի աշխարհ գալու բարի ավետիսը և Սուրբ Աստվածամոր խոնարհ, հնազանդ ու հավատավոր կերպարը, որը դարձել է աստվածանվիրումի երանելի վկայություն և բարի օրինակ ծառայել հայ կանանց համար բոլոր ժամանակներում։
Հոգենորոգ այս օրը մեր եկեղեցիներում կատարվում է մայրության բերկրանքին սպասող կանանց օրհնություն` աղոթքով, որ ազգս զորանա նոր մանուկների ծնունդով, և մեր զավակները Աստծո օրհնության ու իրենց ծնողների հոգածության ներքո մեծանան հավատավոր հոգով, հայրենյաց սիրով և դաստիարակվեն ազգային ինքնության արժեքներով։
Կարդացեք նաև
Թող Սուրբ Աստվածածինը մեր մայրերի ու քույրերի համար շարունակի լինել ներշնչանք առ Աստված հույսի և ամենայն առաքինությունների, որոնցով բարեզարդված իրենց հոգածությունն ու նվիրումը բերեն ընտանիքներում և եկեղեցական, ազգային ու հայրենական մեր կյանքում։
Հայցում ենք Սուրբ Աստվածածնի բարեխոսությունը Միածին Որդու առջև, որպեսզի Տերը Իր Սուրբ Աջի հովանու ներքո խաղաղ, անխռով ու բարօր պահի ու պահպանի հայրենի մեր երկիրն ու համայն ժողովրդին և օրհնի հայրենաշեն ու ազգաշահ բոլոր ջանքերը։
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին