Վերջերս պաուերլիֆտինգ (ուժային եռամարտ) մարզաձևով զբաղվող հայ մարզիկները հաղթանակած են վերադարձել Բուլղարիայում կայացած Եվրոպայի առաջնությունից։ Այս առթիվ ապրիլի 6-ին Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի շենքի դահլիճում, «Վահագն» ռազմահայրենասիրական բարեգործական-հասարակական կազմակերպության նախագահ Կարապետ Կարապետյանի՝ Մորուք Կարոյի նախաձեռնությամբ և նույն վարչական շրջանի ղեկավար Ռոմիկ Մխիթարյանի աջակցությամբ տեղի ունեցավ Հայաստանի պաուերլիֆտինգ մարզաձևի մարզիկների մեծարման համերգային ցերեկույթ։
Ներկա էին «Հայաստանի պաուերլիֆտինգի ֆեդերացիա» (ՀՊՖ) հասարակական կազմակերպության նախագահ, ՀՀ վաստակավոր մարզիչ, ՀՀ սպորտի վաստակավոր վարպետ, ՀՀ Ֆիզկուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչ Գագիկ Սարոյանը, ֆեդերացիայի անդամներ՝ նաև տարբեր մարզերից, մարզիկներ, զինվորականներ, այլք։
Կարդացեք նաև
Ցերեկույթը բացեց հանդիսավար Աննա Կոստանյանը՝ «Հայկյան դյուցազուններին» բանաստեղծությամբ։ Հնչեց ՀՀ օրհներգը, եղավ լռության րոպե ի հիշատակ Արցախյան գոյամարտերում և ՀՀ սահմանները պաշտպանելիս նահատակված Հայոց քաջորդիների։ Շնորհավորելով ՀՊՖ ՀԿ նախագահ Գ․ Սարոյանին և ներկաներին՝ հանդիսավարն ասաց․ «Ազգը հավերժ է իր մշակույթով և պատմությամբ: Իսկ պատմության էջերում սպորտը կերտում է իր հաղթական հավերժությունը: Քանզի, երբ հայ դյուցազունների և հայուհիների ոգեղեն և ֆիզիկական հաղթանակներից հետո հնչում է Հայաստանի օրհներգը, դա է ամենաերանելին և հաղթական երջանկությունը հենց պետության, մարզիչների և սաների համար․․․»:
Իր ելույթում Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար, Արցախյան գոյամարտին զինվորագրված հրամանատար Ռոմիկ Մխիթարյանը, որը մշտապես «Վահագն»-ի կողքին է, շնորհավորեց ՀՊՖ ՀԿ նախագահին, մարզիկներին, ներկաներին՝ կարևորելով նրանց դերը հայոց մարզական կյանքում։ Ցերեկույթի կայացման աջակցության, ինչպես նաև այլ հարցերում իրենց ու «Վահագն»-ի կողքին լինելու համար Ռ․ Մխիթարյանը Գագիկ Սարոյանի կողմից արժանացավ շնորհակալագրի։
Ցերեկույթի ընթացքում ներկայացվեց ՀՊՖ-ի անցած ուղին։ 1988թ․ դեկտեմբերի 7-ին տեղի ունեցած Սպիտակ ավերիչ երկրաշարժից հետո սպիտակցի մարզիկ ու մարզիչ Գագիկ Սարոյանը հավաքագրել է երկրաշարժից տուժած անապահով և ծնողազուրկ երեխաներին, հաշմանդամներին, բացել մարզական ակումբ, որն էլ դարձել է ուժային եռամարտի ֆեդերացիայի հիմքը։ 2001թ․ Հայաստանի պաուերլիֆտինգի ֆեդերացիան ստացել է պետական գրանցում՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության (ԿԳՄՍՆ) պետական աջակցության ֆեդերացիաների կազմում։ 2002-ին դարձել Միջազգային պաուերլիֆտինգի ֆեդերացիայի անդամ։ Ներկայումս մարզական ֆեդերացիան ունի շուրջ 40 մարզիչ և 3000 մարզիկ, ինչպես նաև ներկայացուցչություններ Երևան քաղաքում, Հայաստանի մարզերում, ՀՀ բուհերում և ուժային կառույցներում։ Համագործակցում է Հայաստանի «Հակադոպինգային գործակալություն» ՊՈԱԿ-ի հետ և պարբերաբար մասնակցում դասընթացների, սեմինարների։
Ուժային եռամարտն իր մեջ ներառում է երեք վարժություն՝ կքանիստ՝ ծանրաձողը ուսերին, սեղմում պառկած դիրքից՝ ծանրաձողով և ձգում հարթակից՝ ծանրաձողով մինչ գոտկատեղը։ Աշխարհի, Եվրոպայի, ԱՊՀ երկրների և միջազգային մրցաշարերին մշտապես մասնակից ՀՊՖ կարգախոսն է․ «Այսօրվա մարզիկը մեր վաղվա զինվորն է»։
Ներկաներին ողջունեց և ՀՊՖ դերը կարևորեց ՀՀ ԿԳՄՍ նախարարության Մարզական կազմակերպությունների և մանկապատանեկան սպորտի քաղաքականության վարչության պետ Հարություն Եղոյանը։
Ցերեկույթի ընթացքում, ՀՊՖ նախագահի գլխավորությամբ, բեմ բարձրացան մարզիկները, ովքեր մասնակցել էին եվրոպական առաջնությանը, տուն դարձել հաղթանակած, մարզային ներկայացուցիչները, ինչպես նաև «Անդրանիկի արծիվներ» ռազմահայրենասիրական հասարակական կազմակերպության հիմնադիր նախագահ» Անդրանիկ» կամավորական ջոկատի հրամանատար Անդրանիկ Հարությունյանը, Մորուք Կարո Կարապետյանը։
ՀՊՖ դրոշը բեմ հանեց «Վահագն» զինավանի սան, Մորուք Կարոյի թոռը՝ ողջունելով հաղթանակած տղաներին։ Ֆեդերացիայի նախագահը շնորհավորեց իր սաներին և հանձնեց մեդալները։
Ընթացքում նաև կայացավ «Վահագն»-ի հիմնադիր-նախագահի կողմից նախաձեռնած խորհրդանշական արարողություն՝ «Իշխանի շղթայի հանձնում»։ Հերթական արժանին, որը պետք է ժամանակավոր կրի շղթան, «Անդրանիկ» կամավորական ջոկատի հրամանատար Անդրանիկ Հարությունյանն էր։ Բեմ բարձրացան նրանք, նաև՝ տողերիս հեղինակը, ովքեր ինչ-որ ժամանակ կրել են այդ շղթան և փոխանցելով հանձնեցին Անդրանիկին։
Համերգային մասով հանդես եկան, ռազմահայրենասիրական, ազգային ու ժողովրդական, գուսանական, հեղինակային երգերով ներկաներին ոգևորեցին երգիչներ Սիփան Հովհաննիսյանը, Ռոբերտ Սարգսյանը, Գարիկ Կիրակոսյանը, Սուսաննա Հակոբյանը, Արսեն Համբարյանը, «Հայ լաո» դուետը՝ Տիգրան և Վարդան Թադևոսյան եղբայրները։
Երգերն ուղեկցվում էին պարային կատարումներով․ հանդես եկավ «Վալենս» պարային համույթը՝ գեղարվեստական ղեկավար Վահագն Գասպարյան, պարուսույցներ՝ Խաչատուր Չորչոլյան և Հերմինե Սարգսյան։
Մշակութային գործիչները նույնպես արժանացան պարգևների ՀՊՖ-ի կողմից։ Ելույթ ունեցողները նաև շնորհավորեցին դահլիճում ներկա կանանց՝ Մայրության և գեղեցկության տոնի առթիվ։
Զոհրաբ Ըռքոյան