«Սրբազան պայքարի» առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի ուղերձը Սուրբ Աստվածածնի Ավետման օրվա՝ Մայրության և գեղեցկության տոնի առթիվ
«Այսօր աղջնակ Մարիամի վճռական ու հերոսական ԱՅՈ-ն նրան դարձրեց Աստվածամայր, իսկ ինձ և ձեզ պարգևեց մեր Փրկչին: Առանց այդ ԱՅՈ-ի մենք զրկված կլինեինք մեր Ստեղծողին որպես մեր Ընկերն ու Բարեկամը, Եղբայրն ու Հերոսը տեսնելու հնարավորությունից:
Թող ձեր ԱՅՈ-ն ևս ձեր ընտանիքներում և մեր հասարակության մեջ դառնա փրկության առիթ ու ճանապարհ, որի միջոցով բազմաթիվ հոգիներ կգտնեն իրենց խաղաղությունը»:
Մարիամը վճռական գտնվեց ասելու` համաձայն եմ, վճռական գտնվեց` ասելու այո ճշմարտությանն ու արդարությանը՝ չնահանջելու պայմանով, չհանձնվելու պայմանով… Այլ կերպ ոչ փրկություն, ոչ ազատագրություն չի՛ կարող լինել, բացի ճշմարտությանը ու արդարությանը ԱՅՈ ասելու:
Կարդացեք նաև
Ասում եմ՝ այո, ոչ միայն որովհետև հավանում եմ դա, այլ ապրում եմ դա:
Այս օրերը հիշեցնում են Վարդանանց պատերազմից հետո Եղիշեի նկարագրած պատկերը. Հայոց փափկասուն տիկնայք, հանապազ ոտաբոբիկ քայլում էին․․․ նրանք, ովքեր սովոր էին փափուկ գահավորակների, բազմոցների, այսօր ապրում են բաց երկնքի տակ․․․
Այսօր մեր մայրերին, քույրերին, դուստրերին այդ պատկերի մեջ եմ տեսնում, ովքեր այսօր կրում են հայության լավագույն ձգտումներն ու իղձերը, որոնք պատճառ ու միջոց են լինելու մեր կյանքի ազատագրության ու փրկության․․.
Ավետման խորհուրդը՝ մայրության և գեղեցկության տոն․ սա գալիս է ևս մեկ անգամ հիշեցնելու մեզ մեր մտածողության զուլալությունը, թե ինչպես ենք մենք տեսնում ու գնահատում մեր մայրերին ու քույրերին` որպես ՄԱՅՐԵՐ և որպես ԳԵՂԵՑԻԿՆԵՐ:
Շնորհավորու՜մ ենք…»
___
Այսօր Գաբրիել հրեշտակապետն այցելեց Սուրբ կույս Մարիամին և հայտնեց մարդկության փրկության ավետիսը, որ Նրանից ծնվելու է Աստծու Որդին՝ մեր Տեր Հիսուս Քրիստոսը:
___
Լուսանկարը` 07.04.2016թ-ի` Ապրիլյան պատերազմի օրերին կին զինծառայողներին շնորհավորելիս