Լրահոս
Օրվա լրահոսը

«Ոչ իրավաչափ եղանակով են միջամտում անձի վերարտադրողական ինքնավարությանը». ՄԻՊ

Ապրիլ 07,2025 13:00

Մարդու իրավունքների պաշտպանի պնդմամբ՝ իրեն հասցեագրված դիմումներով քաղաքացիները բարձրացրել են այն հարցը, որ դիմել են բժշկական հաստատությանը վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու համար, սակայն մերժում են ստացել սահմանված տարիքային շեմը չբավարարելու պատճառաբանությամբ: Ընդ որում՝ քաղաքացիներից մեկը, որն ամուսնացած չի եղել, դիմել է վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու համար 68 տարեկանում, մյուսը՝ 57 տարեկանում: Ի դեպ, օրենքի ընդունումից հետո 53 տարեկանից բարձր 19 կին դիմել է վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու համար եւ տարիքով պայմանավորված՝ մերժում է ստացել:

Պաշտպանը «Մարդու վերարտադրողական առողջության եւ վերարտադրողական իրավունքների մասին» օրենքի որոշակի օրինադրույթները խնդրահարույց է համարել նաեւ մասնավոր կյանքի անձեռնմխելիության սահմանադրական իրավունքի տեսանկյունից: Նա պնդել է, որ օրենքով սահմանված վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու հետ կապված հարցերը մասնավոր կյանքի անձեռնմխելիության իրավունքի տիրույթում են, իսկ ՄԻԵԴ-ի իրավական դիրքորոշումների համաձայն՝ «անձնական կյանք» եզրույթը ներառում է ինչպես ծնող դառնալու, այնպես էլ չդառնալու որոշումները հարգելու իրավունքը:

Սահմանադրական դատարանը գրավոր ընթացակարգով քննել եւ երեկ հրապարակել է Հայաստանի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի դիմումի հիման վրա՝ «Մարդու վերարտադրողական առողջության եւ վերարտադրողական իրավունքների մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին եւ 2-րդ կետերի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործը: Դիմումը մուտքագրվել էր ՍԴ 2024 թվականի հունիսի 10-ին: Համարյա մեկ տարի պահանջվեց այս գործով որոշում կայացնելու համար:

Նախ, Սահմանադրական դատարանի 2024 թվականի հունիսի 18-ի ՍԴԱՈ-100 աշխատակարգային որոշմամբ գործն ընդունվում է քննության:

2024 թվականի հոկտեմբերի 1-ի ՍԴԱՈ-147 աշխատակարգային որոշմամբ վերոնշյալ գործի դատաքննությունը հետաձգվում է եւ նշանակվում այլ օր:

Դատարանի 2024 թվականի նոյեմբերի 22-ի ՍԴԱՈ-181 աշխատակարգային որոշմամբ զեկուցող դատավորը փոխարինվում է, եւ գործով զեկուցող է նշանակվում մեկ այլ դատավոր: 2024 թվականի նոյեմբերի 22-ի ՍԴԱՈ-182 աշխատակարգային որոշմամբ հիշյալ գործի քննության ժամկետը երկարաձգվում է, իսկ այս տարվա՝ 2025 թվականի հունվարի 21-ի ՍԴԱՈ-13 աշխատակարգային որոշմամբ նշված գործի վարույթը կասեցվում է: 2025 թվականի մարտի 11-ի ՍԴԱՈ-37 աշխատակարգային որոշմամբ նշված գործի վարույթը վերսկսվում է, եւ գործի դատաքննությունը նշանակվում է 2025 թվականի մարտի 25-ին: Մարտի 25-ի ՍԴԱՈ-44 աշխատակարգային որոշմամբ նշված գործի դատաքննությունը նշանակվել էր 2025 թվականի ապրիլի 1-ին:

Վերջապես լսված, ավարտված գործով պատասխանողն էր Ազգային ժողովի ներկայացուցիչ` Ազգային ժողովի աշխատակազմի իրավական ապահովման եւ սպասարկման բաժնի պետ Մ. Ստեփանյանը: Մարդու իրավունքների պաշտպանը պնդել էր, որ «վիճարկվող դրույթներով սահմանվում է բացարձակ արգելք՝ վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու իրավունքի համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցված ամուսնության մեջ գտնվող 53 տարին լրացած, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցված ամուսնության մեջ չգտնվող 53 տարին լրացած կանանց համար»։ Այսինքն՝ ներպետական օրենսդրությամբ վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու իրավունքի համար սահմանափակում է նախատեսվում կանանց համար՝ հիմքում դնելով որոշակի տարիքային շեմը։

Նա նկատել էր, որ «տղամարդկանց համար տարիքով պայմանավորված որեւէ սահմանափակում օրենսդրությամբ ու նույն իրավակարգավորումներով ամրագրված չէ», հղում կատարելով միջազգային մի շարք օրենքներին, ՄԻԵԴ-ի եւ «Կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների եւ հավասար հնարավորությունների ապահովման մասին» օրենքին՝ նշելով, որ տարիքի հիմքով խտրականությունը տեղի է ունենում այն դեպքերում, երբ անձի հնարավորությունները չափվում են նրա տարիքով, իսկ «գենդերային խտրականությունը (ուղղակի, անուղղակի)` սեռի հատկանիշով անձանց իրավունքներն ու շահերը սահմանափակող ցանկացած տարբերակում, բացառում կամ նախապատվություն է, որն ուղղված է կամ հանգեցնում է քաղաքական, տնտեսական, սոցիալական, մշակութային եւ հասարակական կյանքի այլ ոլորտներում կանանց եւ տղամարդկանց իրավահավասարության ճանաչման, օգտագործման կամ իրականացման սահմանափակմանը կամ վերացմանը»:

ՄԻՊ-ը վկայակոչել էր օրենքի 11-րդ հոդվածի 4-րդ մասն ու կառավարության՝ 2013 թվականի մարտի 7-ի «Վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառման կարգը, մեթոդների տարատեսակներն ու բժշկական գործելակերպը սահմանելու մասին» N 214-Ն որոշման N 2 հավելվածը, գտել էր, որ վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու իրավունքի իրացման յուրաքանչյուր փորձի դեպքում անհատական մոտեցում է ցուցաբերվում, պարզվում է վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու իրավունքի իրացման համար այլ պայմանների բավարարման հանգամանքը։ Ըստ այդմ՝ տարիքի պայմանի պահպանումը նախապայման է, եւ քննարկվող իրավունքը հնարավոր է իրացնել միայն համապատասխան հակացուցումների բացակայության ու դրան զուգահեռ՝ համապատասխան առողջական վիճակի առկայության պայմաններում։

Ըստ դիմումատուի՝ «վիճարկվող կարգավորումները խնդրահարույց են մասնավոր եւ ընտանեկան կյանքի անձեռնմխելիության իրավունքի տեսանկյունից` նկատի ունենալով այն, որ ոչ իրավաչափ եղանակով են միջամտում անձի վերարտադրողական ինքնավարությանը՝ ներառյալ՝ երեխա ունենալու կամ չունենալու որոշումների կայացմանը»:

Դիմողի պնդմամբ, հայտնի չէ, թե կանանց համար տարիքային շեմի սահմանմամբ օրենսդիրն ինչ իրավաչափ նպատակ է հետապնդել։ Նույնիսկ հետապնդվող նպատակի իրավաչափության պարագայում վիճարկվող դրույթները խնդրահարույց են դրանց՝ անհրաժեշտ լինելու հիմնավորվածության տեսանկյունից։

Մասնավորապես՝ կիրառվող միջոցի եւ հետապնդվող նպատակի միջեւ առկա չէ:

Պատասխանող ԱԺ-ն նշել է, որ օրենքի նախագծին կից ներկայացված հիմնավորման համաձայն՝ տարիքային սահմանափակում նախատեսելը թույլ կտա խուսափել ավելի բարձր տարիքի կանանց մոտ հղիության հետ կապված հավանական ռիսկերից՝ նկատի ունենալով, որ տարիքին զուգահեռ՝ բարձրանում է կնոջ առողջության եւ կյանքի համար վտանգ ներկայացնող թե մանկաբարձական, թե ուղեկցող ախտաբանությունների առաջացման հավանականությունը, որոնք կարող են հանգեցնել հղիության անբարենպաստ, ընդհուպ՝ մահացու ելքի:

Պատասխանողը պնդում է, որ տարիքային սահմանափակումները լուծում են նաեւ սոցիալական մի շարք խնդիրներ. տարեց ծնողները մոտենում են կենսաթոշակային տարիքին, ինչը կարող է բարդացնել եկամուտների պլանավորումը եւ երեխաների կարիքների պատշաճ բավարարումը:

Սահմանադրական դատարանն ի գիտություն է ընդունում այն հանգամանքը, որ մի շարք պետություններում, ինչպիսիք են Հունաստանը, Իսպանիան, Դանիան, Պորտուգալիան, Չեխիան, Շվեդիան, Մեծ Բրիտանիան, գործում են վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բեղմնավորման տարիքային սահմանափակումներ:

ՍԴ-ն «Մարդու վերարտադրողական առողջության եւ վերարտադրողական իրավունքների մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին եւ 2-րդ կետերը՝ մարդու վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու իրավունքի իրացման տարիքային սահմանափակում նախատեսելու մասով, ճանաչել Սահմանադրության 31-րդ հոդվածի 1-ին մասին հակասող եւ անվավեր։

Նիստը նախագահողը տեղեկացրեց, որ Սահմանադրական դատարանի դատավոր Ա. Վաղարշյանը ներկայացնելու է Հատուկ կարծիք:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
05.04.2025

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930