Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր կռիվը փողի համար չէ, ոչ փող ենք ուզում, ոչ բնակարան, սոցիալական ծրագրերում կարմիր գծով պետք է անցնի արցախցիների՝ Արցախ վերադառնալու հարցը»

Ապրիլ 07,2025 13:30

«Առավոտի» զրուցակիցն է Արցախի Ազգային ժողովի պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։

– Տիկին Հակոբյան, Հայաստանի կառավարությունում տեղի ունեցած հանդիպման արդյունքից Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամները դժգոհ են։ Փաստորեն, ՀՀ կառավարությունը միտված չէ կատարելու արցախցիների պահանջներն ու լուծելու նրանց բարձրաձայնած խնդիրները։ Ինչպե՞ս եք գնահատում այս իրավիճակը, սպասելի՞ էր կառավարության այս պատասխանը։

– Ինձ համար միշտ էլ սպասելի է եղել կառավարության այս պատասխանը, ես այլ պատասխանի ակնկալիք չեմ էլ ունեցել։ Անսպասելի էր այդ ամենը հանրության համար եւ այն մարդկանց համար, ովքեր կազմակերպել են այս գործընթացը։ Խորհրդի անդամներն իրոք հավատում էին, որ դեռեւս հնարավոր է հանրային ճնշումով ինչ-որ արդյունքի հասնել։ Ի սկզբանե հույս ունեին, որ հնարավորություն կա բացառելու քաղաքական որեւէ գործընթաց։ Մենք չենք էլ փորձել խորհրդի անդամներին համոզել հակառակում կամ նրանց վրա ճնշում գործադրել, սա ընթացք էր, որը հենց իրենք պետք է անցնեին։ Եվ երեկվա հանդիպման արդյունքում այդ պատասխանն իրենց համար անսպասելի էր։ Իրենց կառավարությունում ասել են, որ որեւէ հարց չունեն իրենց հետ քննարկելու, միակ հարցը, որի շուրջ կարող են խոսել, դա սոցիալական ծրագրերի ուղղությամբ իրենց կայացրած որոշումն է։ Եվ ըստ էության տեղեկացրել էին իրենց որոշման մասին՝ բացառելով արցախցիների պահանջագրի մյուս կետերի կատարումը։ Ես կարծում եմ, որ արցախցիներից շատ-շատերի համար սպասելի էր այս արձագանքը։

Ինձ եւ շատ-շատերի համար ընկալելի է, որ սրանք պատահական գործընթացներ չեն, որոնք իրականացնում են Հայաստանի իշխանությունները։ Սրանով մեզ համար  թշնամի, իսկ իրենց համար բարեկամ պետության իշխանություններին ցույց են տալիս, որ Հայաստանի իշխանությունների համար չկա արցախցի ու չկա Արցախ։ Հակառակ դեպքում, իրենք սոցիալական ծրագրերի միջոցով այս բռնաճնշումները չէին գործադրի արցախցիների վրա։ Ինչո՞ւ են այսպես անում, որովհետեւ եթե մի պետություն, ի դեմս իր իշխանավորների, հայտարարում է, որ գնում է «խաղաղության համաձայնագրի» ստորագրման, ընկալելի չի լինի նույնիսկ արտաքին քաղաքականության համար, թե ինչպես դու կարող ես գնալ խաղաղության գործընթացի, եթե ունես 160 հազար հայրենակից, որոնք զենքի ուժով ցեղասպանության վտանգի ներքո բռնի տեղահանվել են։ Այսինքն՝ կա 160 հազար հայ, որն անկախ ամեն ինչից, միշտ ունենալու է մեկ նպատակ՝ վերադառնալ իր բնօրրան։ Սա մեկ հարց, որը փշրում է այդ խաղաղության օրակարգի բոլոր թեզերը։ Հաջորդը՝ ինչպե՞ս կարող ես խոսել խաղաղության մասին, եթե դու տասնյակ գերիներ ունես թշնամի երկրում, որտեղ ակնհայտ կեղծ դատավարություններ են իրականացվում։ Ինչպե՞ս դու կարող ես «խաղաղության համաձայնագիր» ստորագրել մի երկրի հետ, որը նույնիսկ քո գերիներին չի վերադարձնում։ Սրանք հարցեր են, որոնք գլոբալ առումով պետք է լուծեին, հակառակ դեպքում շարունակում են այն ծրագիրը, որն իրականացնում են։ Այսինքն՝ սա լուրջ քաղաքական խնդիր  է, որոնք իրենք հիմնականում լուծում են սոցիալական գործընթացներ իրականացնելով, կոտրելով ու ջարդելով արցախցիներին, Հայաստանի Հանրապետությունից քշելով։ Մյուս կողմից, սա իշխանությունների համար լավ առիթ է ՀՀ մեր հայրենակիցներին ցույց տալու, թե իբր արցախցիները եկել են այստեղ ու ուզում են հայաստանցիների փողերով ապրել։ Բայց մեր քննարկումը եւ մեր պահանջները փողի մասին չեն։ Ես հակված չէի լինի այսպես մտածել, եթե երեկ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն արցախցիների ներկայացուցիչներին հայտարարած չլիներ՝ ինչի՞ մասին եք խոսում, ի՞նչ աջակցություն եք ուզում այն պայմաններում, երբ Հայաստանում սոցիալապես ծանր վիճակում գտնվող բազմաթիվ մարդիկ կան։ Սա հստակ քաղաքական դիրքորոշում է։ Ինչպե՞ս դու կարող ես հավասարեցնել բռնի տեղահանվող անձին եւ ուղղակի սոցիալական խնդիրներ ունեցող անձին։ Դրանք տարբեր դաշտերում քննարկվող հարցեր են։ Ի վերջո, բռնի տեղահանվածը ոչ թե խեղճ ու կրակ, փողոցում հայտնված մարդ է, այլ իր կյանքի որակն ամբողջությամբ փոխված է։ Իր տանն ինքն  ապրել է հանգիստ ու խաղաղ՝ պլանավորելով իր վաղվա օրը։ ՀՀ-ում մենք հավաքական հոգեբանական խնդրի առաջ ենք նաեւ կանգնած, որովհետեւ ընդունված ու ընկալված չենք ՀՀ իշխանությունների կողմից։ Եվ այս ամենը ճնշում է արցախցիների վրա։ Հիմա արդեն արցախցիների մոտ կա հստակ գիտակցում, որ եթե այս իշխանությունները չփոխվեն, արցախցին իրականում վերանալու է։ Իշխանություններին փոխելու դեպքում է միայն հնարավոր, որ արցախցիների իրավունքի ու վերադարձի հարցը լինի իշխանությունների օրակարգում։

– Ի՞նչ քայլեր պետք է անել, շարունակական հանրահավաքնե՞ր, թե՞ այլ ճանապարհ էլ եք տեսնում։

– Սա ոչ թե պետք է լինի միայն արցախցու պահանջը, ես կարծում եմ, որ սա պետք է լինի հավաքական հայի պահանջը։ Աստված չանի, եթե ի վերջո մեր հանրությունն ընտրություն կատարի հայրենիքի ու իշխանությունների միջեւ եւ ընտրի այս իշխանություններին, ապա մենք մոտ ապագայում նաեւ այլ մարզերում ենք նույն իրավիճակն ունենալու, ինչ ունեցանք Արցախում։ Եվ ունենալու ենք նույն վերաբերմունքն այդ մարզերի բնակիչների նկատմամբ, որն այսօր արցախցիների նկատմամբ է։ Այսինքն՝ սա մեզ համար պետք է դառնա ընդհանուր խնդիր, եւ հայը հավաքական ձեւով լուծումներ պետք է պահանջի։ Հույս ունենք, որ հաջորդ որոշմանը, որը կկայացնի խորհուրդը, արդեն կմիանան ոչ թե 10 հազար հայեր, այլ գոնե տասնապատիկ ավելի, իսկ հետագայում՝ ավելի շատ։ Ինձ շատ են հարցնում՝ ինչպե՞ս պետք է լուծվի այս հարցը։ Ես չեմ պատկերացնում, որ այդ հարցը կլուծվի 10 հազար, 100 հազար կամ 150 հազար մարդու փողոց դուրս գալով։ Որպեսզի ակնհայտ լինի եւ աշխարհի, եւ այս իշխանությունների համար, որ իրենք այլեւս գոյություն չունեն հայ ժողովրդի համար, Հայաստանում ապրող բնակչության կեսն առնվազն պետք է դուրս գա եւ իր բողոքը հենց այդ ձեւով արտահայտի այս իշխանություններին։

– Իշխանություններն ու իրենց հարող շրջանակները դիտավորյալ խեղաթյուրում են արցախցիների այս պայքարը՝ ներկայացնելով, թե արցախցիները «ստամոքսի կռիվ» են տալիս։ Ինչպե՞ս կարձագանքեք սրան։

– Բռնի տեղահանվելուց հետո, երբ իրենք սկսեցին իրականացնել իրենց այս աբսուրդային սոցիալական ծրագրերը, մենք հենց առաջին օրվանից հայտարարել ենք, որ մեզ համար ընդունելի չեն դրանք, որովհետեւ դրանցում կարմիր գծով պետք է անցնի արցախցիների՝ Արցախ վերադառնալու հարցը։ Եթե այդ իրավունքը չի երեւում, հետեւաբար, մեզ համար այդ սոցիալական ծրագրերն ընկալելի չեն։ Արդեն 1,5 տարի է անցել, եւ իշխանությունները հակառակն են պնդում, ասում են՝ չկա արցախցիների վերադարձի իրավունքն իրացնելու հնարավորություն։ Հետեւաբար, մարտի 29-ի հանրահավաքում հստակ ձեւակերպվեցին այդ պահանջները, որ բոլոր սոցիալական ծրագրերը պետք է նախ կարիքահեն ու իրավիճակին համապատասխան լինեն։ Եվ դրանք պետք է շարունակվեն այնքան, մինչ հայի հավաքական վերադարձն իր հայրենիք։ Այսինքն՝ եւ սոցիալական կարիքն է այստեղ, եւ մեր գլխավոր պահանջը՝ վերադարձ Արցախ։ Մեր երկրորդ պահանջն էլ գերիների ու պատանդառված անձանց վերադարձի ուղղությամբ աշխատանքի իրականացումն է։ Սրանք են մեր պահանջները, մեր կռիվը փողի համար չէ, մենք ոչ փող ենք ուզում, ոչ բնակարան, ոչ էլ հարուստ ապրելու հնարավորություն։ Մենք ուզում ենք արժանապատիվ կեցության հնարավորություն մեր հայրենիքի այս հատվածում, մինչ մեր բնօրրան վերադառնալը։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
05.04.2025

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930