«Առավոտի» զրուցակիցն է ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան, Արցախի նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը։
-Պարոն Մելիքյան, ըստ Ձեզ՝ խաղաղության բանակցություններն այժմ ո՞ր հանգրվանում են։ Բաքվից հայտարարում են, որ ՀՀ Սահմանադրությունը փոխելու պահանջը նոր չէ, դա նախապայման համարել չի կարելի, ՀՀ-ից պնդում են՝ պատրաստ են այսօր խաղաղության պայմանագիր կնքել։ Իրավիճակը փակուղայի՞ն է, թե՝ լուծման ուղի տեսնում եք։
-Հայաստանի գործող իշխանությունները՝ հանձինս վարչապետ Փաշինյանի եւ ՀՀ բարձրաստիճան այլ պաշտոնյաների, վերջին գոնե մեկ տարվա ընթացքում խոսել են ՀՀ Սահմանադրությունը փոփոխությունների ենթարկելու անհրաժեշտության մասին։ Անգամ, կարծեմ, մի ինչ-որ հանձնախումբ կա, որը զբաղված է իշխանության տեսանկյունից նպատակահարմար փոփոխությունների մշակման գործով։ Այդուհանդերձ, այն տեսակետին եմ, որ սահմանադրական փոփոխությունների հարցը գործնական փուլ կարող է մտնել միայն այն դեպքում, եթե Փաշինյանի քաղաքական թիմը հաղթի գալիք խորհրդարանական ընտրություններում եւ վերստին կառավարություն ձեւավորելու իրավունքը ստանա։ Այսինքն՝ վարչապետ Փաշինյանը սահմանադրական փոփոխությունների իրականացումն այս կերպ փոխկապակցելու է իշխանությունն իր ձեռքում եւս մի քանի տարի պահելու նախապայմանի հետ։ Դա նշանակում է, որ դեռ մոտ մեկ տարի նաեւ Հայաստան-Ադրբեջան համաձայնագրի ստորագրումն ակնկալելն, ըստ էության, հիմնազուրկ մի բան է, քանի որ պաշտոնական Բաքուն մերժում է փաստաթղթի ստորագրումն առանց ՀՀ սահմանադրության ինչ-ինչ դրույթների վերացման։ Միայն արտաքին միջավայրից եկող ծանրակշիռ ազդակներն են ունակ լինելու կամ լիովին բացառել, կամ հրատապ դարձնել այդ փաստաթղթի ստորագրումը։
-ԱՄՆ-ի եւ Իսրայելի կողմից Իրանի դեմ համատեղ լայնամասշտաբ հարձակման վտանգ տեսնո՞ւմ եք։
Կարդացեք նաև
-Այդ վտանգն առկա է, եւ ես գործը խաղաղությամբ, դիվանագիտական միջոցներով ավարտելու հավանականությունն այս պահին չնչին եմ համարում։ Նույնիսկ Թեհրանից պահանջվող զիջումները կորզելու դեպքում ԱՄՆ-ի եւ Իսրայելի համար Իրանի կղերապետական կառավարման համակարգի տապալումը կշարունակի մնալ՝ որպես կարեւորագույն ռազմաքաղաքական առաջնահերթություն։ Ի դեպ, Իսրայելի համար Իրանի գործող իշխանություններն ապօրինի են՝ այդ պետության կողմից որպես Իրանի օրինական իշխանություն պաշտոնապես ճանաչվել է ԱՄՆ-ում բնակվող Փեհլեվիների արքայատոհմի վտարանդի թագաժառանգը։
-Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստի ընթացքում Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված քննարկման ժամանակ Եվրախորհրդարանի պատգամավորները խստորեն դատապարտեցին Թուրքիայի եւ Ադրբեջանի վարքագիծը, բարձրացրին հայ ռազմագերիներին ազատ արձակելու հարցը, մինչդեռ ՀՀ կառավարությունը Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի առնչությամբ անգամ հանձնաժողով չի ձեւավորել։ Ինչպե՞ս կմեկնաբանեք։
-Սա, հավանաբար, ՀՀ գործող իշխանությունների ընտրած այն գործնական մոտեցումներից մեկն է, որը կոչված է սպասարկել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, միջպետական սահմանը բացելուն ուղղված քաղաքական մոտեցումը։ Այդ գիծը դեռեւս առարկայական արդյունք չի տվել, բայց կենդանի է պահվում պաշտոնական Երեւանի կողմից։
-Նիկոլ Փաշինյանը կառավարության վարած սխալ կադրային քաղաքականությունը հիմնավորում է երկրում եղած, իր բնորոշմամբ՝ կադրային ճգնաժամով եւ մարդկային ռեսուրսների ճգնաժամով։ Համամի՞տ եք։
-Ես չգիտեմ, թե ինչ սկզբունքով է վարչապետ Փաշինյանը կադրային նշանակումներ իրականացնում, որքանով է այդ նշանակումների պարագայում ազդեցիկ դեր կատարում սուբյեկտիվ վերաբերմունքը։ Միգուցե առաջնահերթ է համարվում անձնական նվիրվածության գործոնը, եւ տվյալ դեպքում խոսքն այն մասին է, որ Փաշինյանի քաղաքական թիմում է առկա մասնագիտական ճգնաժամ։ Այդուհանդերձ, կադրային սովից խոսելուց առաջ անհրաժեշտ է ունենալ ՀՀ-ում առկա մասնագիտական ռեսուրսի նկարագիրը, հաշվարկել տարբեր մասնագիտությունների գծով երկրում առկա պահանջարկը եւ միայն դրա հիման վրա խոսել ոլորտային մասնագետների պակասի կամ ավելցուկի մասին։ Վաստահ չեմ, որ գործող իշխանությունն այս կարգի տվյալների լիարժեք շտեմարանն ունի։
-Գյումրիում եւ Փարաքարում ընտրությունների արդյունքում ՔՊ-ն ըստ էության պարտվեց։ 2026-ի խորհրդարանական ընտրությունների նախաշեմին այս արդյունքները վկայո՞ւմ են այն մասին, որ 2026-ին ՔՊ-ն գուցե եւ չկարողանա պահել իշխանությունը։
-Գյումրիում ընտրության արդյունքներն ինձ համար ընդամենը մեր քաղաքական դասի ընդհանուր դեգրադացման ցուցիչ են՝ Հայաստանի մեծությամբ երկրորդ քաղաքի կառավարմանն են հավակնում հիմնականում այնպիսի ուժեր եւ անհատներ, որոնց, գոնե ես, տարբեր պատճառներով, այդ գործը չէի վստահի։ Կնախընտրեի, որպեսզի Գյումրիում ՏԻՄ նոր ընտրություններ անցկացվեն եւ թարմ դեմքեր գան ասպարեզ։ Այդուհանդերձ, անկախ ամեն ինչից, կասկածում եմ, որ Գյումրիի ընտրությունները գալիք ԱԺ ընտրությունների արդյունքները կանխորոշող գործոնի ուժ կունենան։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
05.04.2025