Լրահոս
Օրվա լրահոսը

Արդյունավետ քայլեր չեն ձեռնարկվում Տիգրան Խաչատրյանի պաշտպանության և շորթման փորձերի բացահայտման ուղղությամբ․ նոր մանրամասներ գործի վերաբերյալ

Ապրիլ 06,2025 21:31

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Նախապատմություն

Ավելի քան 8 ամիս է, ինչ ՀՀ քաղաքացի, գործարար Տիգրան Խաչատրյանը գտնվում է ՌԴ-ում կալանքի տակ: 2024 թ. հուլիսի 3-ին Տիգրան Խաչատրյանը ժամանել է Մոսկվա և հանգրվանել քաղաքի հյուրանոցներից մեկում: Հուլիսի 17-ի լույս 18-ի գիշերը ՌԴ ՆԳՆ քրեական հետախուզության գլխավոր վարչության աշխատակիցները բերման են ենթարկել նրան և նույն օրը ձերբակալել: Նրան մեղադրանք է առաջադրվել իր դստեր՝ Մարինա Խաչատրյանի նախկին ամուսնու՝ Գարեգին Մուրադյանի և նրա հոր՝ Արամ Մուրադյանի սպանությունը նախապատրաստելու մեջ: Մեղադրանքը հիմնված է բացառապես երկու «գաղտնի» վկաների ցուցմունքների վրա, առանց որևէ օբյեկտիվ ապացույցի:

ՀՀ-ում նույնպես հարուցվել է քրեական գործ, քանի որ Տիգրան Խաչատրյանի ձերբակալումից անմիջապես հետո մի խումբ անձինք սկսել են Երևանում բնակվող նրա ընտանիքի անդամներից շորթել առանձնապես խոշոր չափով գումարներ՝ խոստանալով նպաստել Տիգրան Խաչատրյանի ազատ արձակմանը: ՀՀ քննչական կոմիտեն արձագանքել է այս իրավիճակին՝ հարուցելով թիվ 15-0756-24 քրեական վարույթը, որի շրջանակներում տուժող են ճանաչվել Տիգրան Խաչատրյանը և նրա ընտանիքի երկու անդամները:

Նոր բացահայտումներ գաղտնի վկաների ինքնության և դրդապատճառների վերաբերյալ

Տիգրան Խաչատրյանի դուստր Մարինա Խաչատրյանը բացահայտել է, որ ՌԴ-ում քննվող գործում ներգրավված երկու գաղտնի վկաներից մեկը իր մոր մանկության ընկերուհին է, ով ժամանակին անգամ բնակվել է իրենց տանը: «Նա մեծ դեր է խաղացել այս ամբողջ գործընթացում։ Երբ հորս ձերբակալել էին, տարբեր տեղերից մարդիկ գալիս ու ասում էին, թե ինչ ուրախությամբ է տարածում այդ տեսանյութը, որը գցել էին տարբեր ռուսական ԶԼՄ-ներ», – պատմում է Մարինան:

Այս գաղտնի վկայի հետ կապը Խաչատրյաններն ընդհատել էին ՌԴ-ում տեղի ունեցած իրադարձություններից առաջ: Նրանց հայտնի էր դարձել, որ նշված կինը իրենց պատկանող գույքերը գրավադրել է՝ իրենց համար անհայտ պայմաններում: Այս կինը ֆինանսական խնդիրներ է ունեցել, դատարանի կողմից ճանաչվել է սնանկ, և կապվել է անդրազգային հանցավոր խմբի հետ, որի կազմակերպիչը ժամանակին եղել է Տիգրան Խաչատրյանի կնոջ զարմիկը: Նշված կինը նույնիսկ նախօրոք հայտնել է իր շրջապատին, որ գնում է Մոսկվա՝ Տիգրան Խաչատրյանի դեմ ցուցմունք տալու:

Շորթման նոր փորձեր և սպառնալիքներ

Մարինա Խաչատրյանը նշում է, որ իր հոր ձերբակալումից հետո շորթման փորձերը շարունակվել են նոր մեթոդներով: «Միջնորդավորված մարդկանց են ուղարկել մեր տուն, հաղորդագրություններ են փոխանցել։ Մի անգամ մեր ծանոթներից մեկը եկավ, իր հետ առանց քարտ հեռախոս էր բերել և ականջակալներ։ Ասաց, որ գալիս է այդ անձնավորության կողմից առաջարկով, բայց պետք է խոսենք միայն ականջակալով ու այդ հեռախոսով»:

Շորթողների պահանջները հստակ են և ուղեկցվում են ուղղակի սպառնալիքներով. «Փողը տվեք՝ հորդ հարցը կլուծվի»։ «Եթե չտաք, հայրդ կմնա այնտեղ, կնստի 15-20 տարի, կուղարկեն Սիբիր», կամ «Գրուզ-200»-ով հետ կգա տուն»:

Արհեստածին մեղադրանքներ ընտանիքի անդամների դեմ

Շորթողները փորձել են ճնշում գործադրել նաև Մարինա Խաչատրյանի վրա՝ մեղադրելով նրան գաղտնի վկայի մեքենայի հրկիզման մեջ: Մարինան պատմում է, որ հոր ձերբակալությունից հետո պատահաբար հանդիպել է այդ կնոջը մթերային խանութում, սակայն խուսափել է շփումից: «Դրանից հետո նա սկսեց լուրեր տարածել, թե իբր իր մեքենան հրկիզել եմ ես», – նշում է Մարինան:

Քննությունը պարզել է, որ Մարինա Խաչատրյանը որևէ առնչություն չունի այդ միջադեպի հետ, իսկ հրկիզված մեքենան գրավադրված էր գաղտնի վկայի կողմից, նա գտնվում էր սնանկ ճանաչվելու գործընթացի մեջ և նախապես ենթադրվում էր, որ տվյալ գույքերից զրկվելու է: «Մեքենայի հրկիզման հետ կապված քրեական վարույթը զուգորդված է եղել շորթման դեպքին, և մտավախություն ունենք, որ տվյալ հրկիզումը արհեստածին է կամ կատարվել է այլ նպատակով», – նշում է ընտանիքի փաստաբան Աշոտ Սիմոնյանը:

Բազմաթիվ դիմումները մնում են անարդյունք

Չնայած բազմաթիվ դիմումներին, որոնք ուղղվել են ՀՀ իրավապահ մարմիններին, ընտանիքը նշում է, որ արդյունավետ քայլեր չեն ձեռնարկվում Տիգրան Խաչատրյանի պաշտպանության և շորթման փորձերի բացահայտման ուղղությամբ: «Հայրս ցանկացել է, որ այս հարցերը լուծվեն օրինական ճանապարհով, սակայն փոխարենը նրա դեմ շինծու գործ է սարքվել», – նշում է Մարինա Խաչատրյանը:

Տիգրան Խաչատրյանի հետ ընտանիքը կարողանում է շփվել միայն փաստաբանի միջոցով: «Հայրս ասում է, որ ոչինչ չի արել ու վստահ է, որ արդարություն լինելու է։ Մենք այդ հույսով էլ ապրում ենք», – ասում է նրա դուստրը:

Տիգրան Խաչատրյանի պաշտպանական խումբը կրկին կոչ է անում.

  1. Հայաստանի Հանրապետության իրավասու մարմիններին
    • անհապաղ ակտիվացնել օպերատիվ-քննչական գործողությունները շորթման գործով,
    • մանրամասն ուսումնասիրել երկու գաղտնի վկաների ցուցմունքների հիմնավորվածությունը և նրանց ֆինանսական կապերը,
    • ապահովել ՀՀ քաղաքացու իրավունքների պաշտպանությունը՝ ներառյալ ընտանիքի անդամների անվտանգությունը:
  2. Ռուսաստանի Դաշնության իրավասու մարմիններին
    • ուսումնասիրել գործի բացահայտված հանգամանքները՝ կապված երկու գաղտնի վկաների ինքնության և դրդապատճառների հետ,
    • տրամադրել Տիգրան Խաչատրյանին արդար դատաքննության հնարավորություն:

 

Տիգրան Խաչատրյանի պաշտպանական խումբ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930