Լրահոս
Օրվա լրահոսը

Բացեք փակագծերն ու խոսեք հասցեական՝ կոնկրետ նշելով ով կամ ովքեր են Ձեր նշած խայտառակության մեղավորը կամ մեղավորները․ «Շիրակ» ՖԱ-ն՝ ի պատասխան «Արարատ»-ի մեղադրանքի

Ապրիլ 06,2025 20:17

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Արարատ» ֆուտբոլային ակումբը հայտարարել էր, որ մտադիր է բողոքով դիմել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա և անհրաժեշտության դեպքում նաև ՖԻՖԱ-ի մրցավարական կոմիտե՝ ապրիլի 4-ին կայացած Fastex Պրեմիեր լիգայի 25-րդ տուրի «Արարատ»-«Շիրակ» հանդիպման ընթացքում արձանագրված վիճահարույց դրվագի կապակցությամբ:

«Մասնավորապես, ակումբը մատնանշում է խաղի 29-րդ րոպեին տեղի ունեցած դեպքը, որի ընթացքում, ըստ ակումբի գնահատականի, «Արարատ»-ի օգտին պետք է նշանակվեր 11-մետրանոց հարված, սակայն մրցավարը նման որոշում չկայացրեց։

«Արարատ» ֆուտբոլային ակումբն ընդգծում է արդար մրցակցության և մրցավարական որոշումների թափանցիկության կարևորությունը՝ համոզված լինելով, որ նման դեպքերի մանրամասն վերլուծությունն ու պատշաճ գնահատականը կնպաստեն մրցավարության որակի բարելավմանը և առաջնության հանդեպ հանրության վստահության ամրապնդմանը։

Բացի այդ, ակումբը խնդրում է, որ պատկան մարմինները հետաքննեն հանդիպման հնարավոր պայմանավորված բնույթը և խաղի արդար ընթացքը խաթարող հնարավոր մրցավարական գործողությունները։
Ակումբը իր դիմում-բողոքին կցելու է համապատասխան տեսագրությունները և պաշտոնական հիմնավորումները՝ պահանջելով սահմանված կարգով սկսել պաշտոնական վարույթ և անցկացնել հարցի համակողմանի քննություն»,-նշվում է ֆուտբոլային ակումբի հայտարարությունում։

«Շիրակ» ֆուտբոլային ակումբն այդ հայտարարությանը ֆեյսբուքյան գրառմամբ էր պատասխանել՝

Ձեր անվերապահ աջակցությունը վայելող Արմեն Մելիքբեկյանի ղեկավարած ՀՖՖ-ն է ու նրա մրցավարները, հարգելի Արարատ ՖԱ։ Ո՞ւմից եք բողոքում։

Ապա հանդես եկել պաշտոնական հայտարարությամբ։

Հարգելի «Արարատ» ՖԱ, «Շիրակ» ֆուտբոլային ակումբը բազմիցս ընդգծել է՝ ՀՖՖ գործող ղեկավարների մնալու ամեն օրը մեր ֆուտբոլը թաղել է, թաղում է ու թաղելու է ավելի մեծ խնդիրների մեջ: Բազմիցս պնդել ենք՝ միակ ելքը ՀՖՖ գործող ղեկավարների օր առաջ հեռանալն է։

Ավելին, ձեր կողմից մատնանշած մրցավարական խնդիրների և հանդիպումների հնարավոր պայմանավորված բնույթի՝ ասել է թե ղումարի մասին բազմիցս խոսել է «Շիրակ» ֆուտբոլային ակումբի նախագահը՝ ընդգծելով ՀՖՖ գործող ղեկավարների անտարբերությունն ու հաշտ կեցվածքը տեղի ունեցածի հետ։

Ֆուտբոլը սպանող ու սերունդներ կեղեքող ղումար ասվածի դեմ պայքարելու և մեր արդարացի պահանջին միանալու փոխարեն դուք, հարգելի «Արարատ» ՖԱ, նույն ժամանակահատվածում Ձեր անվերապահ աջակցությունն էիք հայտնում ՀՖՖ գործող ղեկավարներին ու զբաղված էիք ՀՖՖ գործող փոխնախագահի առաջարկին արձագանքելով, որտեղ ոչ մի տառ ու բառ չկար ոչ մրցավարների, ոչ էլ ձեր մատնանշած հնարավոր ղումարի մասին։

Քանի որ, ըստ Ձեզ, փորձանքի մեջ եք ու Մելիքբեկյանի մրցավարությունը որակում եք խայտառակություն, մեր խնդրանք-պահանջն է, որ բացեք փակագծերն ու խոսեք հասցեական՝ կոնկրետ նշելով ով կամ ովքեր են Ձեր նշած խայտառակության մեղավորը կամ մեղավորները։ Ո՞ւմ են ուղղված ձեր դժգոհությունները ու արդյոք դրանց լուծումը պետք է տա ֆուտբոլն աղետի վերածած Արմեն Մելիքբեկյանի ֆեդերացիան։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930