Հետպատերազմյան գրեթե չորսուկես տարվա ընթացքում ՀՀ-ում ոչ այնքան հաճախադեպ, բայց բավական արատավոր մի թեզ է շրջանառվում՝ ընդ որում օրվա իշխանությունների մակարդակով: Աննշան բացառություններով՝ դրա մասին խոսում են անգամ երկրի նախագահը, վարչապետը, Ազգային ժողովի խոսնակը, Կառավարության անդամներ, ԱԺ «Քաղպայմանագիր» խմբակցության պատգամավորներ, մի խոսքով՝ իշխանական, այսպես կոչված, վերնախավի ներկայացուցիչներ: Ըստ այդմ՝ թշնամու զավթողական գործողությունները, սպառնալիքները զսպելու համար պետք է որոշակի զիջումների գնալ:
Սա, անշուշտ, անընդունելի մոտեցում է, որը հատուկ է վախկոտ, արժանապատվություն չունեցող մարդուն: Փորձը ցույց է տվել, որ զիջումն իր հետեւից բերում է նոր զիջումներ, անդադրում պահանջներ ու նախապայմաններ՝ մանավանդ երբ գործ ունես Իլհամ Ալիեւի նման անհագ ախորժակ ունեցող երդվյալ հայատյացի եւ արյան ծարավ ինչ-որ գոյանքի հետ: Չբավականանալով 17 միակողմանի զիջում եւ կից 2 կարեւոր պահանջ պարունակող «Խաղաղության համաձայնագիր» վերտառությամբ թալանչիական «թղթով», որը քիչ է համարում անգամ մի ստորագրություն դնելու համար, Ալիեւն արդեն նոր պահանջների մասին է մտմտում:
Դատելով նրա ակնարկներից՝ կարելի է արձանագրել, որ շուտով պաշտոնապես կհնչեն նրա նոր պահանջները: Դրանք վերաբերում են հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով անվտանգության գոտու տեղ ազատելուն, ինչը ենթադրում է այդ նպատակով սահմանի հայկական հատվածից առնվազն մի քանի կմ լայնությամբ տարածքի հատկացում՝ առանց ադրբեջանական կողմից համաչափ տարածքի տրամադրման: Հաջորդ պահանջի թեման հայկական Զինված ուժերի թվակազմի կրճատմանն է առնչվում, երրորդը՝ միջազգային դատական ատյանում հայկական կողմից Ադրբեջանի բնությանն, իբր, պատճառած՝ ոչ ավել, ոչ պակաս, շուրջ 150 մլրդ դոլար վնասի փոխհատուցման հայցի ներկայացմանը:
Հատկանշական է, որ ի տրիտուր Արդարադատության միջազգային դատարաններ ներկայացրած գանգատների երկուստեք չեղարկման վերաբերյալ Ալիեւ-Փաշինյան պայմանավորվածության, Ադրբեջանը պատրաստվում է ահռելի գումարի նոր հայց պատրաստել՝ ՀՀ-ից անամոթաբար պահանջելով հետ կանչել իր ներկայացրած 5 «անցողիկ» հայցերը: Ալիեւը զիջել չի սիրում: Օրեր առաջ, երբ ԱԺ-Կառավարություն խորհրդարանական հարցուպատասխանի ժամանակ ընդդիմադիր պատգամավորը Նիկոլ Փաշինյանին հարց ուղղեց՝ խնդրելով նշել ադրբեջանական կողմից գեթ մեկ զիջում «խաղաղության թղթի» համաձայնեցված տեքստից, վերջինս «ջրեց» հարցը:
Կարդացեք նաև
Հայաստանին արված ոչ մի զիջում չգտնվեց: Փոխարենը Բաքվի միապետը ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող հայտնի անձից «հատիկ առ հատիկ» կողոպտում է մեր երկիրը՝ պարբերաբար սպառնալով, թե կպատերազմի: Ադրբեջանն, իսկապես, պատրաստ է նոր պատերազմ սանձազերծել Երեւանի դեմ, քանի դեռ այդ առումով աշխարհաքաղաքական իրադրությունը, կարծե թե, նպաստավոր է, իսկ նիկոլական Հայաստանն աննախադեպ թույլ ու անպաշտպան: Ալիեւը հետո շատ կափսոսա, որ չօգտագործեց, կորցրեց այդքան պատեհ առիթը: Նրա աչքը մնաց, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի», Սեւանա լճի քաղցրահամ ջրի եւ, հատկապես, հայկական «Ջերմուկի» վրա, որին իրենց «Իստիսուն» անգամներով զիջում է:
Գեւորգ ԲՐՈՒՏԵՆՑ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայացք Երևանից» թերթի այս համարում