ՀԲԸՄ դահլիճում կայացավ քաղաքագետ եւ հրապարակախոս Տիգրան Հայրապետյանի «Վերջին աշունը» քաղաքագիտական վերլուծությունների 5-րդ հատորի շնորհանդեսը, որ հրատարակել է Նյումեգը: Սրահում ցուցադրվեցին նաեւ քաղաքագետի կտավներն ու անձնական իրերը:
«Իմ սերունդն անիծված է, որովհետեւ այն ինչ պետք է անեինք, մենք չենք արել… 1988թ սկսվեց ամեն ինչ, ապա 90-ականներին… մեզ թվում էր խնդիրը լուծել ենք, բայց երբ պարզվեց, որ այն փոխանցվում է իմ աղջկան, երբ Տիգրանն այստեղ չէ, հետո պարզվեց, որ աղջկանիցս՝ Լիլիթից էլ փոխանցում է իր աղջկան, եւ կրկին խնդիրը լուծված չէ, ու մեր պապենական հողում արժանապատիվ ապրելու խնդիր ունենք… Ու այսօր էլ, երբ խոսում ենք Տիգրան Հայրապետյանից, բոլորը պետք է իր աչքով նայենք»,-ասաց «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն, Տիգրան Հայրապետյանի ընտանիքի բարեկամ Աշոտ Բլեյանը՝ պատասխանելով այն հարցին, թե այսօր արդեն կատարվել են Տիգրան Հայրապետյանի կանխատեսած վատթարագույն սցենարները, եւ եթե Արցախի կամ արցախյան շարժման մասին անգամ հիշում են, ապա այն փակելու կամ վերջացնելու համատեքստում, ուրեմն ինչո՞ւ է կարծում, որ Տիգրան Հայրապետյանի ժառանգությունը կարեւոր է փոխանցել պատանիներին: Աշոտ Բլեյանն փաստեց, որ Տիգրան Հայրապետյանի ժառանգությունը անչափ կարեւոր է հատկապես այսօր, դրա համար էլ կրթահամալիրում հիմնադրվել է Տիգրան Հայրապետյանի անունը կրող գրադարանը եւ «Տիգրան Հայրապետյան» մրցանակը՝ լավագույն քաղաքական-վերլուծական հրապարակումների համար:
Նա խոսեց նաեւ Տիգրան Հայրապետյանի մտավոր սեփականության իրավատեր Նազենի Ղարիբյանի արած աշխատանքի մասին: «Կարելի է ընկեր լինել, հավատարիմ կին լինել, մանավանդ որ հեշտ չէր Տիգրանի կին լինելը, բայց գնահատել, թե ում հետ ես ապրում եւ քո երիտասարդ կյանքը նվիրես այդ ժառանգության հավաքելուն, հեշտ չէ»,-ասաց Բլեյանը Նազենի Ղարիբյանի մասին:
Կարդացեք նաև
«Մենք այնքան ուրախ էինք Տիգրան Հայրապետյանի գրադարանի ստեղծմամբ, շատ տրամաբանական է, որ Տիգրան Հայրապետյանի անձնական գրադարանի 90 տոկոսը գտնվում է հենց Տիգրան Հայրապետյան գրադարանում»,-ասաց Նազենի Ղարիբյանը:
Ապա հավելեց. «Այս հինգ հատորներից առաջինը Փարիզում եմ հրատարակել, շնորհանդեսը Փարիզում ենք արել, այսօր 2025թվականն է… Ես ներողություն եմ խնդրում Տիգրան Հայրապետյանի ընկերներից, մի տեսակ ամաչում եմ, որ 25 տարի տեւեց այս պրոցեսը… Վայրիվերումները, որ կային, ե՛ւ իմ անձնական կյանքում էին, եւ Հայաստանում, միշտ չէր, որ հնարավորություն կար, դա պրոցես էր, որ անում էի իմ սեփական զբաղվածության հետ միասին, որովհետեւ պետք է աշխատեի, որ ապրեի… Քաղաքագիտությունը ճշգրիտ գիտություն է, միտք է, իսկ եթե միտք չլինի, երկիրը չի հզորանա, Տիգրանը շատ էր կարեւորում փիլիսոփայական եւ քաղաքագիտական մտքի զարգացումը Հայաստանում»:
Հավելենք, որ «Վերջին աշունը» ներառում է Տիգրան Հայրապետյանի խմբագրականները, կիսատ մնացած հոդվածները, հարցազրույցները, վերլուծություններն ու պատմվածքները, որոնք հրապարակվում են առաջին անգամ։ Վերնագիրը հղում է ДДT խմբի համանուն երգին, որը Տիգրան Հայրապետյանը շատ էր սիրում ու հաճախ էր հիշատակում իր հոդվածներում։ Նրա վերջին աշունը նշանավորվեց քաղաքական ակտիվությամբ, ընդդիմադիր ուժերի հետ աշխատանքով՝ հանուն ազատ ընտրությունների, սակայն նրա կյանքը դաժանորեն ընդհատվեց, նախքան իրականություն կդառնային նրա կանխատեսած վտանգավոր զարգացումները։
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարները՝ Նյումեգի ֆեյսբուքյան էջից