Բաքվի վերջնագրերն անվերջ են: 2 օր առաջ Ալիեւը կրկին խոսել էր Մինսկի խմբի լուծարման ու ՀՀ Սահմանադրությունը փոխելու մասին: Իսկ նախօրեին Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Հաջիզադեն հրապարակեց հերթական պահանջը՝ տրամադրել «բոլոր ականապատ տարածքների ճշգրիտ քարտեզները, որը կապահովի ներքին տեղահանվածների անվտանգ վերադարձը եւ տուժած շրջանների վերակառուցումը»։ Քարտեզների թեման նոր չէ, դեռ 2021-ից Փաշինյանը «քարտեզներ՝ գերիների դիմաց» գործարքին էր գնացել՝ Վրաստանի միջնորդությամբ: Այդ ժամանակ 15 գերի վերադարձրին՝ ստանալով Ակնայի ականապատ քարտեզները:
2023-ին 32 գերիների վերադարձը եւս կապում էին քարտեզների տրամադրման եւ հօգուտ Բաքվի COP գագաթնաժողովը Հայաստանում անցկացնելուց հրաժարվելու զիջման հետ: Վերջին անգամ Երեւանն ականապատ դաշտերի 8 նոր տեղեկամատյան է հանձնել Բաքվին՝ 2024թ. փետրվարին, որի մասին հայտնել է Ադրբեջանի ականազերծման ծառայությունը (ANAMA)։ Խոսքը Քարվաճառի շրջանի Մռավի լեռնաշղթան շրջապատող ականապատ դաշտերի մասին է: Բաքվին սա էլ չգոհացրեց, հայտարարում էին, թե քարտեզների ճշգրտությունը 25 տոկոս է, Երեւանից հակադարձեցին` ավելի լավ որակի քարտեզներ չկան: Հիմա Բաքուն հայտարարում է, թե Հայաստանի քարտեզները ցույց են տալիս մոտ 400 հազար ականի տեղը, իսկ ականների իրական թիվը 1,5 միլիոն է։
Պաշտպանության նախկին նախարար, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանից հետաքրքրվեցինք՝ ուռճացվա՞ծ է այդ թիվը, եւ ինչո՞ւ է Բաքուն շահարկում քարտեզների թեման: «Այդ հարցը պետք է ուղղել պետական կառույցներին, առաջին հերթին՝ ՊՆ-ին, նաեւ՝ անմիջականորեն այդ քարտեզները գրողներին՝ Արցախի ՊԲ-ին, բայց քանի որ հիմա Արցախի ՊԲ-ն չկա, այդ ինֆորմացիային երեւի տիրապետում է ՀՀ ՊՆ-ն: Սա պետք է դիտարկել այն շրջանակում, որ Ադրբեջանն անընդհատ ավելացնում է Հայաստանի նկատմամբ իր պահանջները, բայց քանի որ ՀՀ իշխանությունը գտնվում է Ադրբեջանի հետ բանակցությունների մեջ, այսպես կոչված, խաղաղության համաձայնագրի շուրջ, եւ մենք ունենք Բաքվում գերիներ, Արցախի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության եւ մյուսների նկատմամբ թատերականացված, շինծու դատավարություն, ապա պետական մարմինները պետք է դա օգտագործեն բանակցություններում: Այսինքն, ականապատված տարածքների քարտեզներ՝ մեր գերիների դիմաց, կամ բանակցային այլ հնարավորություններ օգտագործելու շրջանակում»,- ասում է Սեյրան Օհանյանը:
– Կարո՞ղ ենք եզրակացնել, որ Բաքուն մտադիր է հետագայում ինչ-որ գործընթաց սկսել Հայաստանի դեմ՝ մեղադրելով Արցախի տարածքում «ահաբեկչական գործողությունների» մեջ:
Կարդացեք նաև
– Իհարկե, Ադրբեջանը կարող է բոլոր առումներով որպես խաղաքարտ օգտագործել, եթե ՀՀ իշխանություններից է պահանջում, ապա հետագայում կարող է ասել, որ ՀՀ զորքերն են գտնվել Արցախի Հանրապետության տարածքում, բայց շեշտեմ, որ ի սկզբանե Արցախի ինքնապաշտպանական ուժերը, որոնք այնուհետեւ վերանվանվել են Արցախի պաշտպանության բանակ, ստեղծվել են բացառապես Արցախի Հանրապետության ներուժի հիման վրա, եւ նրանց գործունեությունն ուղղված է եղել Արցախի ժողովրդի ինքնապաշտպանությունը, անվտանգությունը կազմակերպելուն: Դա իրավունք է, որ յուրաքանչյուր ժողովուրդ ունի, այն էլ՝ ինքնորոշված ժողովուրդ:
– Հայաստանը կարո՞ղ է Բաքվի «կյանքը բարդացնել»՝ հրաժարվելով քարտեզներ տրամադրելու հերթական պահանջից:
– Միանշանակ, տրամադրելը հեշտացնելու է, բայց, միեւնույն է, տարիների ընթացքում իրենք կականազերծեն, հատկապես՝ երբ ՀՀ իշխանությունը հայտարարում է, որ փակել է Արցախի էջը: Տրամադրելը հենց այնպես չի կարող լինել, Հայաստանի շանսն է՝ օգտագործել դա բանակցային գործընթացում եւ առաջին հերթին դնել մեր գերիներին վերաբերող պահանջներ: Ամրագրենք 3 հանգամանք․ Արցախի էջը փակ չէ, հակամարտությունը չի ավարտվել, Ադրբեջանը ցեղասպանություն է իրականացրել եւ ավելի խորացրել հակամարտությունը, ինչի համար միջազգային ատյաններում պետք է պատասխան տա:
Մարիաննա ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այս համարում