Հայաստանի իշխանությունները հավաստիացնում են, որ պատրաստ են կնքել խաղաղության համաձայնագիրը, որի արդյունքում անհրաժեշտ բազա կձևավորվի Հայաստանի ու Ադրբեջանի միջև վերջնական խաղաղության հաստատման ու «խաղաղության դարաշրջանը» բացելու համար։ Իսկ, ահա, Ադրբեջանը տրամադրված չէ ստորագրել «համաձայնեցված» տեքստը, որով փաստացի հայկական կողմն էական զիջումների է գնացել, իսկ փաստաթղթի բովանդակության մեջ ընդհանրապես ոչինչ չկա նշված Արցախի մասին՝ այնպիսի տպավորություն ստեղծելով, թե այդպիսի հիմնախնդիր գոյություն չի էլ ունեցել։
Իսկ ինչո՞ւ է այդպես ստացվում, չէ՞ որ Բաքվին միանշանակ ձեռնտու է այս փաստաթղթի շուտափույթ ստորագրումը։ Դրա համար մի քանի պատճառ կա։ Մեկն այն է, որ Բաքուն իրականում չի ցանկանում Հայաստանի հետ իր հարաբերությունները կարգավորել։ Ալիևի ռեժիմին պետք է, որ իր բռնապետական իշխանությունը պահպանելու համար անընդհատ խաղարկի հայերի գործոնը, խորացնի ատելությունը և սեփական հանրությանը հրամցնի, թե մեկը մյուսի հետևից «հաղթանակներ» է տանում Հայաստանի նկատմամբ։ Երկրորդ՝ երբ ադրբեջանական իշխանությունները տեսնում են, որ Հայաստանի իշխանությունները անընդհատ զիջում են, ապա նրանք ցանկանում են անընդհատ զիջումներ ստանալ, քանի դեռ Հայաստանում իշխանափոխություն չի եղել, և հայկական կողմը հնարավորություն չի ստացել իրավիճակը հակառակ ուղղությամբ շրջելու համար։
Ըստ այդմ, ադրբեջանական կողմը նոր նախապայմաններ է առաջ քաշում համաձայնագրի ստորագրման համար։ Խոսքը մասնավորապես վերաբերում է Հայաստանի Սահմանադրությունը փոխելու և ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու պահանջներին։ Բայց այս ամենի հետ մեկտեղ, Ադրբեջանի արտգործնախարարությունը կտրականապես հերքում է Ֆրանսիայի արտգործնախարարի այն հայտարարությունը, թե Բաքուն նոր նախապայմաններ է առաջադրում Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիրը ստորագրելու համար։ Պաշտոնական Բաքվի տեսակետով, Հայաստանի Սահմանադրությունը փոխելու պահանջը նոր չէ, այն քննարկվել է ավելի քան երկու տարի: Սակայն հարցն այն է, որ այդպիսի կետ ընդհանրապես տեղ չի գտել խաղաղության համաձայնագրում։ Այլ կերպ ասած՝ դրանք համաձայնագրից դուրս պահանջներ են։ Իսկ այս հարցում էլ Հայաստանին զիջումների դրդելու և հայկական կողմի վրա ճնշում գործադրելու նպատակով Ադրբեջանը սահմանին կրակոցներ է արձակում, կեղծ տեղեկություններ է տարածում, թե Հայաստանը խախտում է հրադադարի ռեժիմը և փորձում է լարվածություն ստեղծել։
Կարդացեք նաև
Արթուր ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում