Լրահոս
Օրվա լրահոսը

Իշխանությունը պետք է սոցիալական բեռը սպասարկի այնքան ժամանակ, մինչև որ մարդկանց կարողանա ապահովել արժանապատիվ աշխատանքով․ «Փաստ»

Ապրիլ 05,2025 11:02

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին տրամադրվող ֆինանսական աջակցությունը ապրիլի 1-ից դադարեցված է։ Իշխանությունն այս որոշմամբ կարծես նաև քաղաքական խնդիր է լուծում։ Մի կողմից՝ ատելություն է սերմանում արցախահայության նկատմամբ, թե «փողի կռիվ են անում», մյուս կողմից՝ նպաստում նրանց արտերկիր մեկնելուն։ «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանն ընդգծում է՝ «40+10» ծրագրի փակմանը բացասական է վերաբերվում։

«Արցախցիներին տնազրկած իշխանությունը պարտավոր է կեցավայրով ապահովել մարդկանց և լուծել նրանց նվազագույն սոցիալական խնդիրները։ Դա աններելի երևույթ է, մարդու տունը ձեռքից խլել, նվիրել թշնամուն, այնուհետև մի քանի ամիս սոցիալական ծախսերը փոխհատուցել և դրանից հետո ասել՝ այլևս չենք փոխհատուցում։ Եթե անելանելի վիճակ է ստեղծվել, որ չեն կարող փոխհատուցել, իշխանությունը (իհարկե, խոսում եմ պետականամետ իշխանության, ոչ թե սրանց մասին) պետք է սոցիալական բեռը սպասարկի այնքան ժամանակ, մինչև որ մարդկանց կարողանա ապահովել արժանապատիվ աշխատանքով։ Հիմա ո՛չ մեկն է արել, ո՛չ մյուսն է կատարել և սոցիալական ծախսերը կրճատում է։ Սա բացասական որոշում է, անամոթություն և դավաճանություն սեփական ժողովրդի հանդեպ։ Բայց մյուս կողմից դավաճան ենք ասում մի մարդու, որին չի կարելի դավաճան ասել, որովհետև նա թուրքական շահի սպասարկու է, ո՞ւմ է դավաճանել։ Դավաճանել է հայի՞ն, եթե հայ չի, ապա ինչպե՞ս կարող է դավաճանել, եթե թուրքական է կամ թուրք, ապա ի՞նչ է նշանակում դավաճան։ Հետևաբար, իր ազգային շահը շատ լավ էլ առաջ է տանում։ Երկու կարևորագույն նպատակ ենք տեսնում։ Առաջին նպատակը պայմանավորված է Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով, որովհետև Հայաստանում պետք է վերջնականապես տեղի ունենա Արցախը մոռացության մատնելու, կարելի է ասել՝ ապամոնտաժման քաղաքականություն։ Ինչպե՞ս սա տեղի կունենա։ Այնպիսի անբարենպաստ պայմանների ստեղծում, որ արցախցին Հայաստանից արտագաղթի: Չկա արցախցի, չկա Արցախի հարց, չկա Արցախի վերադարձման պահանջ։ Մի քանի ամիս հետո լրանում է նոյեմբերի 9-ին կնքված եռակողմ համաձայնագրով սահմանված՝ Ռուսաստանի խաղաղապահ ուժերի առաքելության ժամկետը, ամեն ինչ պետք է անի այդ կարճ ժամանակահատվածում, որպեսզի նույնիսկ առաքելության երկարաձգման պահանջ ապագայում չառաջանա, իսկ հետագայում նաև արցախցիների՝ Արցախ վերադարձի հարցն իսպառ փակեն։ Սա առաջին դրդապատճառն է, սա իմ համոզմունքն է, որ այդ պահանջն է կատարել Նիկոլ Փաշինյանը։ Մի գնդակով փորձում է երկու նապաստակ որսալ։ Երկրորդով ներքաղաքական խնդիր է լուծում։ Նա շատ լավ գիտի, թե այդ թվում՝ իր մանիպուլյատիվ գործունեության արդյունքում ինչպիսի ատելություն է կուտակվել արցախահայության նկատմամբ, և այս քայլն իրականացնելով՝ փորձում է դիվիդենտներ շահել հակառակ ճամբարից՝ հայաստանաբնակ հայերի վստահության քվեն ստանալ, թե տեսեք՝ ինչ արեց իշխանությունը, այլևս մեր վճարած հարկերը կամ մեր հասանելիք փողն արցախցիներին չի տալիս»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Սարգսյանը։

Եթե իշխանության տրամաբանության մեջ դիտարկենք հարցը, այդ փողը չի ուղղվում նաև քաղաքացիների նպաստների, թոշակների, աշխատավարձերի բարձրացմանը։ Աշխատավարձերի բարձրացման մեխանիզմ է ընտրվել ատեստավորման գործընթացը, որը ևս շատ վիճելի է համարվում։ Սարգսյանը կարծում է, որ ատեստավորման գործընթացն ընդամենը առաջիկա ընթացիկ ծախսերը հետաձգելու լեգիտիմ հիմք է, այլ հիմք այստեղ գոյություն չունի։ «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեն ներուժ չունի աշխատավարձեր, կենսաթոշակներ կամ սոցիալական նպաստներ բարձրացնելու համար, միևնույն ժամանակ ներուժ չի ստեղծել ապագայում դրանք բարձրացնելու համար։ Հակառակը՝ մսխվել է»։

 

Լուսինե ԱՌԱՔԵԼՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930