Եվ թող ներեն մեզ տարատեսակ ու, սովորաբար, ագրեսիվ լիբերալները, բայց Իոսիֆ Ստալինը, հեռավոր 1935 թվականին ելույթ ունենալով ռազմական ակադեմիաների շրջանավարտների առաջ, հայտարարեց. «Ամենաթանկ կապիտալը մարդիկ են: Կադրերն են վճռում ամեն ինչ»: Իսկ թե ինչ եղավ հետո, հանրահայտ է:
Հիմա էլ թող ներեն մեզ լիբերալներն ու մոլի ստալինականները ու, առհասարակ, մեր հայրենակիցները, բայց նախօրեին կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «7 տարվա մեջ ով վեր է կենում, առավոտից երեկո ասում է՝ էս կառավարությունը սխալ կադրային քաղաքականություն է վարում: Հա՛, սխալ կադրային քաղաքականություն է վարում, որովհետև երկրում կադրային ճգնաժամ է, մարդկային ռեսուրսի ճգնաժամ է»:
Նրա խոսքով, մի երկրում, որտեղ բնակավայրերի 70 տոկոսում մանկապարտեզ չկա, երբ դպրոցների 70 տոկոսը կիսավեր է, չի կարող չլինել կադրային սով…
Այսինքն, ըստ Փաշինյանի, երկրում կադրային սով է, անգամ՝ ճգնաժամ, պարզ ասած՝ ոչ մի ոլորտում ոչ մի խելքը գլխին, բանիմաց մասնագետ չկա, որ որևէ գործ վստահես կամ հանձնարարություն տաս: Դա, իհարկե, առնվազն իրականությանը չհամապատասխանող և անպատասխանատու հայտարարություն է: Բայց շատ ավելի հետաքրքիր ու կարևոր է այն, թե ինչու է Փաշինյանը հիմա նման բան հայտարարում:
Կարդացեք նաև
Կա տեսակետ, որ այդօրինակ հայտարարություններով Նիկոլ Փաշինյանը իր առկա ու առաջիկա տապալումների համար նոր մեղավորներ է փնտրում: Իսկ մեղավորը, այո, ժողովուրդն է, «հպարտ» ու «ոչ հպարտ» քաղաքացիները: Էլի՝ բոլորը, իրենից բացի:
Բացի «կադրային ճգնաժամի» թեմայից, նույն շարքից են ու նույն նպատակին են ծառայում նրա ոչ այնքան վաղուցվա հայտարարություններն առ այն, որ աղքատությունը կրթության պակասի հետևանք է, մարդիկ կրթված չեն, չեն ուզում մասնագիտանալ և այդպես շարունակ: Հա, անգամ ավտոմեքենա վարել չգիտեն: Դե, «աղքատությունը ձեր գլխում է» արտահայտությունն էլ չի մոռացվել:
Մի խոսքով, Փաշինյանը հող է նախապատրաստում, որպեսզի նորանոր (նաև նախորդ) տապալումների համար մեղադրի վատ կադրերին, վատ աշխատողներին, անբանիմաց, անգետ, անկիրթ աշխատողներին, մի խոսքով՝ կրկնենք՝ ժողովրդին: Դե, խեղճ Փաշինյանն ի՞նչ անի, ախր ոչ մի ոլորտում ոչ մի նորմալ մասնագետ չկա, բոլորը դիպլոմավորված «փինաչիներ» են կամ նույնիսկ դիպլոմ չունեն, անգամ՝ ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դիպլոմ… Մի խոսքով՝ կադր չկա… Հարկավ, բարձրակարգ, մասնագիտությանը լիարժեք տիրապետող մասնագետներ միշտ չէ ու հեշտ չէ գտնել ցանկացած երկրում: Բայց իրականում Հայաստանում և՛ կադրեր կան, և՛ համապատասխան մասնագետներ, և՛ բանիմաց ու գիտակ, պարտաճանաչ ու պարկեշտ աշխատողներ:
Այլ հարց է, որ «թավիշից» հետո նույն Նիկոլ Փաշինյանն ու իր ՔՊ-ն պետական կառավարման համակարգը և առանցքային ոլորտները բառացիորեն լցոնել են յուրայիններով՝ իրենց կուսակցականներով, ազգուտակով, խնամի-մտերիմ-բարեկամ-դասարանցի-զուգահեռդասարանցի-կուրսեցիներով:
Փաշինյանի ու նրա իշխանության կադրային «քաղաքականությունը» հիմնված է բացառապես 1 առանցքային սկզբունքի վրա՝ անձնական նվիրվածություն Փաշինյանին, նրա ու նրա ընտանիքի անդամների պաշտամունք, «մեծն առաջնորդի», «փրկչի» գծից ու անձնական շահից ոչ մի շեղում: Բոլորը՝ մեկի համար, մեկը՝ միայն իր:
Արմեն ՀԱԿՈԲՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում