Այն բանից հետո, երբ իրանցի պաշտոնյաները, ինչպիսիք են նախագահ Մասուդ Փեզեշքիյանը եւ կառավարության խոսնակ Ֆաթեմե Մոհաջերանին, հաստատել են Իրանի կողմից ԱՄՆ-ի հետ անուղղակի բանակցությունների մեկնարկը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նույնպես NBC-ին տված հարցազրույցում հաստատել է դա։
Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ անուղղակի բանակցությունների առաջին փուլի մեկնարկից հետո, միջազգային եւ տարածաշրջանային հարաբերություններում առկա իրավիճակը, հատկապես Իրանի միջուկային ծրագրի եւ իսլամական պրոքսի խմբերին աջակցությունը շարունակելու խնդիրը, նոր բարդություններ է ստեղծել ԱՄՆ-Իրան հարաբերություններում:
Վերջին շաբաթների ընթացքում Վաշինգտոնը մեծացրել է իր ավիակիրների եւ B-52 եւ B-2 ծանր ռմբակոծիչների, տանկերի, ինքնաթիռների թիվը Մերձավոր Արեւելքում։ Գործողություն, որը կարելի է վերլուծել «անդունդի եզրին» քաղաքականության շրջանակներում: Մոտեցում, որի նպատակն է ստիպել Թեհրանին հետ կանգնել իր միջուկային ծրագրից՝ ուժեղացված ճնշման եւ ռազմական սպառնալիքների միջոցով:
Իհարկե, Իրանի դեմ լայնածավալ պատերազմը կունենա աղետալի հետեւանքներ, որոնք չեն սահմանափակվի միայն Մերձավոր Արեւելքի սահմաններով եւ կարող է լրջորեն խաթարել ԱՄՆ-ի նախագահ Թրամփի վարչակազմի ներքին եւ արտաքին քաղաքական օրակարգերը:
Կարդացեք նաև
Եթե ամերիկացի քաղաքական գործիչները որոշեն շտապել Իրանի վրա կանխարգելիչ հարձակման մեջ, Թրամփի վարչակազմի նախատեսվող դիվանագիտական ջանքերը կարող են լիովին տապալվել եւ տեղի տալ լայնամասշտաբ պատերազմի:
Դոնալդ Թրամփը նաեւ ասել է, որ եթե առաջիկա երկու շաբաթվա ընթացքում Իրանի հետ բանակցություններում առաջընթաց չգրանցվի, նա երկրորդական մաքսատուրքեր կսահմանի Թեհրանի դեմ։ Այս հայտարարությունները վկայում են երկրորդական մաքսատուրքերի միջոցով Թեհրանի վրա հետագա տնտեսական ճնշում գործադրելու Վաշինգտոնի վճռականության մասին։
Թրամփն ընդգծել է, որ երկու երկրների պաշտոնյաները բանակցություններ են վարում, բայց միեւնույն ժամանակ նոր սպառնալիքներ է հնչեցրել Իրանի դեմ։ Նա պնդել է, որ եթե Թեհրանը եւ Վաշինգտոնը չկարողանան համաձայնության գալ Իրանի միջուկային ծրագրի շուրջ, ԱՄՆ-ը կքննարկի այնպիսի տարբերակներ, ինչպիսիք են՝ Իրանի միջուկային եւ ռազմական օբյեկտների ռմբակոծությունները եւ լրացուցիչ տնտեսական պատժամիջոցների սահմանումը։
Թրամփի այս նոր սպառնալիքները գալիս են այն ժամանակ, երբ երկու երկրների միջեւ դիվանագիտական մթնոլորտն անուղղակիորեն բարելավվում է, սակայն նրանց միջեւ դեռեւս կան խորը տարաձայնություններ, որոնք կարող են բարդացնել բանակցային գործընթացը։
ԱՄՆ ռազմական սպառնալիքների աճը եւ առավելագույն ճնշման քաղաքականության շարունակությունը Իրանին կանգնեցրել են միջուկային դոկտրինի վերանայման ճանապարհին։
Միջուկային զենք ստեղծելու մասին իրանցիների անուղղակի հայտարարությունները եւ Իրանի բարձրաստիճան պաշտոնյաների բացահայտ նախազգուշացումների պայմաններում, Թեհրանի միջուկային շեմը հատելու հավանականությունն ավելի մեծ է, քան երբեւէ: Եթե Վաշինգտոնը հետ չկանգնի իր առճակատման մոտեցումից եւ չներգրավվի իրատեսական բանակցությունների մեջ, դա կարող է ակամա ճանապարհ հարթել Իրանի համար միջուկային զենք ձեռք բերելու համար:
ԱՄՆ-ի եւ Իրանի միջեւ այս տեսակի հակամարտությունը ոչ միայն կշեղի ամերիկյան ռեսուրսներն ու ուշադրությունը աշխարհի այլ տարածաշրջանների հարցերը կարգավորելու ուղուց, այլեւ լրջորեն կխաթարի ԱՄՆ-ի ներքին տնտեսական առաջնահերթությունները լուծելու կարողությունը:
Նման իրավիճակը կթուլացնի նաեւ Ամերիկայի լծակները համաշխարհային ասպարեզում։ Դա տեղի է ունենում այն ժամանակ, երբ Վաշինգտոնը բախվում է Չինաստանի եւ Ռուսաստանի աճող ռազմավարական մարտահրավերներին եւ բանակցություններ է վարում Եվրոպայի հետ առանցքային առեւտրային համաձայնագրերի շուրջ:
Եթե Թրամփին չհաջողվի խաղաղ ճանապարհով ավարտել իրանական ճգնաժամը, նա կարող է պատմության մեջ մտնել որպես նախագահ, ով Իրանը վերածել է միջուկային զենք ունեցող պետության, այլ ոչ թե որպես խնդիրը լուծող առաջնորդ։
Նման քաղաքական ժառանգությունը ոչ միայն տհաճ կլիներ Թրամփի, այլեւ անտանելի կլիներ ԱՄՆ-ի համար։
Իրանի իսլամական հեղափոխության առաջնորդի խորհրդական Ալի Լարիջանին ընդգծել է, որ Դոնալդ Թրամփն ասում է, որ ինքը խաղաղարար նախագահ է, ուստի նա չպետք է խոսի սպառնալիքների եւ պատերազմի մասին։
Ալի Լարիջանին ասել է. «Իրանի վրա հարձակումն անհետեւանք չէ, եւ Իրանը ունի փորձառու ռազմական հրամանատարներ»:
Լարիջանին ընդգծել է, որ մենք ասում ենք, որ չենք գնում դեպի միջուկային զենք, եւ որ ՄԱԳԱՏԷ-ի տեսուչների մոնիտորինգը կարող է շարունակվել հավերժ։ Մենք խնդիր չունենք, բայց ԱՄՆ-ն ու Իսրայելը սպառնում են ռմբակոծել Իրանը: Նրանք Իրանին ստիպում են այլ որոշում կայացնել եւ շարժվել դեպի միջուկային զենք, ինչը նույնպես ձեռնտու չէ ԱՄՆ-ին։ Ուրեմն, ինչ մենք ասում ենք, այն է, որ Վաշինգտոնը կարող է այլ ճանապարհ գտնել եւ փոխել իր վարքագիծը՝ Իրանի դեմ կռվելու փոխարեն:
Ուստի կարեւորն այն է, որ երկու կողմերն էլ հասկանան, որ միայն դիվանագիտության եւ երկխոսության միջոցով կարող են հասնել բարդ եւ շարունակական խնդիրների լուծմանը։
Իրանական այս սպառնալիքները վկայում են ԱՄՆ-ի եւ Իսրայելի ռազմական գործողություններին դիմակայելու Թեհրանի լիակատար պատրաստակամության մասին: Իրանը միշտ ընդգծել է, որ Ամերիկայի առավելագույն ճնշման քաղաքականությունը կհանգեցնի լարվածության աճի եւ ճգնաժամերի հետագա բարդացմանը եւ ոչ մի դրական արդյունքի չի բերի։
Թեհրանը կարծում է, որ եթե Վաշինգտոնը ցանկանում է հարցերը լուծել խաղաղ ճանապարհով, ապա պետք է դադարեցնի սպառնալիքներն ու թշնամական քաղաքականությունը, վերադառնա դիվանագիտության ուղի եւ վերսկսել Միջուկային գործարքի շուրջ բանակցությունները։
Չնայած Իրանի աճող նախազգուշացումներին, Թրամփը վերջերս հայտարարեց. «Իրանի հետ շուտով ինչ-որ բան տեղի կունենա, հուսով եմ, որ մենք կարող ենք հասնել խաղաղության համաձայնագրի»: «Ես սա ասում եմ ոչ ուժի, ոչ թուլության դիրքերից, այլ ավելի շուտ կգերադասեի խաղաղության պայմանագիր տեսնել, քան որեւէ այլ բան»: Այս խոսքերը չեն լսվում մեկից, ով պատերազմի է ձգտում։ Սրանք մեկի խոսքերն են, ով դեռ հավատում է այս ճգնաժամը լուծելու դիվանագիտության ուժին:
Խնդիրն այն է, որ շատ ազդեցիկ գործիչներ, ինչպես ԱՄՆ կառավարության ներսում, այնպես էլ դրսում, ոչ միայն խոչընդոտում են Իրանի հետ դիվանագիտության առաջխաղացմանը, այլեւ արդյունավետորեն ոչնչացնում են բանակցային ցանկացած իրատեսական ճանապարհ:
Նրանք իբր ընդգծում են Իրանի հետ «միջուկային գործարքի» անհրաժեշտությունը, սակայն գործնականում այնպիսի պահանջներ են ներկայացնում, որոնք դուրս են ցանկացած տեսակի տրամաբանական համաձայնությունից։ Նրանք պահանջում են ուրանի հարստացման ամբողջական դադարեցում, միջուկային բոլոր ենթակառուցվածքների ապամոնտաժում, տարածաշրջանային դաշնակիցների հետ Իրանի հարաբերությունների խզում, Իրանի արտաքին քաղաքականության հիմնարար փոփոխություններ: Ամերիկյան վարչակազմի այս պահանջները նշանակում են, որ Իրանը պետք է լիակատար հանձնվի իր թշնամիներին։ Իրավիճակ, որը Թեհրանի ոչ մի կառավարություն, լինի չափավոր, թե ծայրահեղական, պատրաստ չեն ընդունել:
Հաշվի առնելով, որ Վաշինգտոնի եւ Իրանի միջեւ բանակցությունները դեռեւս վաղ փուլում են եւ ընթանում են միջնորդների միջոցով, ինչպիսին է Օմանը, այդ բանակցությունների ազդեցությունը կարող է ավելի լայն ազդեցություն ունենալ հարակից այլ հարցերի վրա, ներառյալ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ Իրանի հարաբերությունների, ինչպես նաեւ Եվրոպայի հետ Իրանի բանակցությունների ընթացքի վրա: Հարկ է նշել, որ այս բանակցությունների մեկնարկն ինքնին դրական զարգացում է Իրանի եւ ԱՄՆ-ի հարաբերություններում։ Այն, որ երկու կողմերը թեւակոխել են բանակցությունների անուղղակի փուլ, նշան է Իրանի՝ լարվածությունը թուլացնելու եւ բարդ հարցերի քննարկման համար տարածք ստեղծելու ցանկության մասին։
Հաշվի առնելով ներկա հանգամանքները, թվում է, որ Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ անուղղակի բանակցությունները միակ միջոցն են լարվածությունը նվազեցնելու եւ նոր պայմանավորվածությունների ձեռքբերման հնարավորությունը ուսումնասիրելու համար: Սակայն այս ճանապարհին Թրամփի սպառնալիքներն ու Իրանի պաշտոնյաների հայտարարությունները կարող են մարտահրավերներ առաջացնել, որոնք կարող են դանդաղեցնել եւ բարդացնել բանակցային գործընթացը:
Բայց պետք է նշել, որ այս բանակցություններն ի սկզբանե, Իրանի կողմից սահմանափակվել են կոնկրետ միջուկային հարցերով եւ ամբողջությամբ չեն անդրադարձել տարածաշրջանային եւ Իրանի զինվորական ու հրթիռային կարողությունների հարցերին: Մյուս կողմից, Իրանի Իսլամական Հանրապետությունը ընդգծում է իր նախկին դիրքորոշումների վրա եւ հատուկ փորձում է վերականգնել վստահությունը մյուս կողմի հետ եւ լուծել ԱՄՆ-ի կողմից Միջուկային գործարքի շուրջ նախկինում ձեռքբերված պարտավորությունների խախտումները: Իրանը կարծում է, որ երբ ԱՄՆ-ը «լավ գործարքի» քողի տակ մաքսիմալ պահանջներ է առաջադրում, Թրամփի նպատակը խաղաղությունը չէ, այլ պատերազմի համար հող նախապատրաստելը։
Թեեւ Իրանը անկախ որոշումներ է կայացնում իր միջուկային գործունեության ոլորտում, մյուս կողմից, Թեհրանը բախվում է ԵՄ, ԱՄՆ-ի եւ ՄԱԳԱՏԷ-ի եռակողմ ճնշմանը եւ պետք է ավելի ուշադիր կառավարի եւ բալանսավորի այդ հարաբերությունները։ Թվում է, որ եթե ԵՄ եռյակ խմբի (Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա եւ Գերմանիա) եւ ԱՄՆ-ի հետ միջնորդավորված բանակցությունները շարունակվեն, եւ Վաշինգտոնի հետ որոշակի փոխըմբռնումներ ձեռք բերվեն, Իրանը կարող է նվազեցնել իր միջուկային որոշ միջոցներ՝ որպես բարի կամքի դրսեւորում՝ ճանապարհ հարթելու հետագա ավելի համապարփակ բանակցություններում առաջընթացի համար։
Եվրոպական երկրները, որոնք վերջին տարիներին փորձել են միջնորդի դեր խաղալ Իրանի միջուկային բանակցություններում, այժմ կարող են Իրանի հետ միջուկային դիվանագիտության նոր բանակցությունների եւ համաձայնության փուլ մտնել։ Լարվածության նվազեցումը, ի վերջո, կարող է օգնել լուծելու Իրանի եւ ՄԱԳԱՏԷ-ի միջեւ առկա որոշ տարաձայնություններ եւ Իրանի հարաբերությունները կազմակերպության հետ դնել ավելի կառուցողական ուղու վրա:
Թեեւ Իրանը միշտ ընդգծել է, որ չի ընդունի ամերիկյան ճնշումը, սակայն ներկա իրավիճակում, երբ Իրանի տնտեսությունը ծանր ճնշման տակ է, Թեհրանը վերջին շաբաթներին անցել է անուղղակի բանակցությունների՝ պատժամիջոցները մեղմելու համար։
Ներկա լարված պայմաններում, թե որքանով է Իրանը պատրաստ զիջումների գնալու եւ որքանով ԱՄՆ-ն ճկունություն կցուցաբերի Թեհրանի նկատմամբ, կախված է բազմաթիվ փոփոխականներից, սակայն Իրանի միջուկային, տարածաշրջանային եւ դիվանագիտական քաղաքականության վերանայման հնարավորությունը չի կարելի անտեսել:
Սահակ ՇԱՀՄՈՒՐԱԴՅԱՆ
Իրան-Թեհրան
«Առավոտ» օրաթերթ
05.04.2025