«Առավոտի» զրուցակիցն է «Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնի» անդամ Նարե Սիմոնյանը
-«Կարդացեք 1996 թվականի ԵԱՀԿ Լիսաբոնի գագաթաժողովի փաստաթղթերը եւ կհասկանաք, որ ղարաբաղյան շարժումն այդ ժամանակ ավարտվել էր, ուղղակի մեզ ոչ ոք այդ մասին տեղյակ չէր պահել, մենք էլ այդքան ինտուիցիա չունեինք, որ կարդայինք եւ հասկանայինք»,- խորհրդարանի ամբիոնից քաղաքական ուժերին նախատեց Նիկոլ Փաշինյանը՝ պնդելով՝ ՀՀ-ն ղարաբաղյան շարժումը չպետք է շարունակի։ Այս հայտարարությունը բազմաթիվ էմոցիոնալ մեկնաբանությունների տեղիք տվեց, բայց քաղաքական տեսանկյունից, ղարաբաղյան շարժումից հրաժարվելու պաշտոնական հայտ ՀՀ-ում ներկայացվեց՝ 2018-ին, իշխանության բերելով Նիկոլ Փաշինյանին եւ ՔՊ-ին, ապա, դա պաշտոնական տեսք ստացավ 2023 թվականին, Պրահայում՝ Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելով։
Հարցը կխնդրեի երկու տեսանկյունից վերլուծել՝ քաղաքական ուժերը հայտարարությունների մակարդակում ընդվզեցին պրահյան համաձայնության դեմ, հիմա էլ էմոցիոնալ զրույցներ են տանում ղարաբաղյան շարժումը չշարունակելու մասին Նիկոլ Փաշինյանի փաստագրման շուրջ. ի՞նչ հետեւությունների տեղիք է սա տալիս։ Իբրեւ արցախցի, շուշեցի, ի՞նչ մտորումներ ունեք այս ամենի վերաբերյալ։
– Չկա մեկ այլ երկրի ղեկավար, նույնիսկ թշնամական երկրներում, ով այնպիսի ոգեւորությամբ, հետեւողականությամբ կփորձի փակել արցախյան հարցը եւ աբսուրդային «փաստարկներով» հիմնավորել Արցախի ադրբեջանական լինելը, ինչպես դա անում է Նիկոլ Փաշինյանը։ Դուք երբեւէ լսե՞լ եք ԵԱՀԿ Մինսկի խմբի որեւէ ներկայացուցիչ կամ երկրի ղեկավար Լիսաբոնի գագաթաժողովի փաստաթուղթ վկայակոչի ի նշան այն բանի, թե արցախյան շարժումն ավարտվել է։ Ես չեմ լսել։ Չեմ լսել նույնիսկ, որ Ադրբեջանի ղեկավարը նման փաստարկ բերի։
Կարդացեք նաև
Ակնհայտ է, որ ոչ միայն Պրահայի հայտարարությամբ եւ այլ կարեւոր հարթակներից արվող հայտարարություններով ու կեղծ թեզերով, այլեւ հենց գետնի վրա՝ փաստացի գործողություններով, Նիկոլ Փաշինյանն ամեն ինչ արել է Արցախն Ադրբեջանին հանձնելու համար. եւ 44 օրյա պատերազմի օրերին, եւ շրջափակման ընթացքում, եւ 2023 թվականի Արցախի բռնի հայաթափման օրերին։
Իր նշած կեղծ փաստարկների հետ կապված երկու հարց.
Եթե, ըստ իրեն, իր նշած այդ փաստաթղթերն այնքան էական են, որ խաչ են քաշել արցախյան շարժման եւ Արցախի՝ հայկական լինելու գաղափարների վրա, ապա ի՞նչ իրավունքով է նա ստանձնել ՀՀ վարչապետի պաշտոնն՝ առանց այդ փաստաթղթերին ծանոթ լինելու։ Եվ եթե ծանոթ եղել է եւ բետոնե փաստարկներ է համարել, ապա ի՞նչ իրավունքով է ազգի լավագույն զավակներին ուղարկել զոհվելու, եթե հետո պետք է տարբեր հարթակներից հայտարարեր, որ արցախյան հարցը վաղուց փակված է։
Եթե նա պնդում է, որ արցախյան հարցը 1996 թվականից փակված է, ապա ինչո՞ւ չի հրապարակում պաշտոնական բանակցային գործընթացը։ Թող հրապարակի՝ ինչ են բանակցել ՀՀ նախկին երեք նախագահները եւ ի՞նչ է բանակցել Նիկոլ Փաշինյանը՝ 2018 թվականից սկսված։
Առնվազն մինչեւ Նիկոլ Փաշինյանի կողմից բոլոր հնարավոր տարբերակներով՝ եւ խոսքով, եւ գործով Արցախի հանձնումը, ոչ միայն ՀՀ նախագահները, ոչ միայն Ադրբեջանի ղեկավարը, այլեւ այնպիսի գերտերությունների ղեկավարները, ինչպիսիք են Ռուսաստանը, ԱՄՆ-ն եւ Ֆրանսիան, արցախյան հարցը փակված չեն համարել։ Այլապես՝ չէին էլ բանակցի։
Նույնիսկ այս ամենից հետո, մի շարք երկրներ խոսում են Արցախի հարցի՝ փակված չլինելու մասին։ Ավելին, այս ամենից հետո ոչ ԱՄՆ-ն, ոչ Ֆրանսիան, ոչ Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարում չեն առաջարկում, դա առաջարկում եւ առաջ է տանում Նիկոլ Փաշինյանը՝ Ալիեւի հետ համատեղ։ Փաստարկների մի փոքր մասին հասցրեցի անդրադառնալ, բայց նույնիսկ այսքանից պարզ է, որ Նիկոլ Փաշինյանն է Արցախյան հարցի փակման միակ շահառուն, ոչ հայ ժողովուրդը, ոչ միջազգային հանրությունը նրան չեն աջակցել եւ չեն աջակցում այդ հարցում։
Ինչ վերաբերում է հարցի էմոցիոնալ եւ գաղափարական կողմին՝ Արցախյան շարժումը օտարի շահը սպասարկող, հակահայ ռեժիմը չի սկսել, չի կարող եւ ավարտել: Արցախյան շարժումը ազգի նվիրյալներն են սկսել՝ Երեւանում, Ստեփանակերտում, հայկական տարբեր քաղաքաներում: Ազգի նվիրյալներն էլ ավարտելու են՝ Ստեփանակերտում, Շուշիում, Մարտունիում, ամբողջական, ազատագրված Արցախում: Հաղթանակով։ Դավաճանական պարտության հետ համակերպվելը նոր կորուստներ ու նոր պարտություն է բերում եւ միայն պայքարից է, որ կարող է ծնվել հաղթանակ եւ արժանապատվության վերականգնում։
-ՀՀ կառավարության «40+10» սոցիալական ծրագրում վերանայումը, այլ սոցիալական ծրագրերի կասեցումը արցախցիներին դուրս է բերել Ազատության հրապարակ։ Եթե հիպոթետիկ ընդունենք, որ կառավարությունը համաձայնվի ներկայացված պահանջներինեւ կասեցված սոցիալական ծրագրերը շարունակի, հարցը լուծվո՞ւմ է։
-Հաշվի առնելով իրենց եւ հռետորաբանությունը, եւ փաստացի քաղաքականությունը՝ քիչ հավանական եմ համարում, որ առնվազն սոցիալական խնդրին երկարաժամկետ եւ արդարացի լուծում կտրվի։ Համակարգող խորհուրդը ի սկզբանե չորս առաջնահերթություն է հայտարարել՝ Արցախ հավաքական վերադարձի իրավունքի ապահովումը, տեղահանված արցախցիների սոցիալական հրատապ խնդիրների լուծումը, ներառյալ՝ բնակարանային ապահովման ու զբաղվածության աջակցության ծրագրերի արժանապատիվ ու արդյունավետ իրականացումը, Բաքվի բանտերից հայ գերիների վերադարձի ապահովումը, Արցախի հայկական մշակութային ժառանգության եւ մասնավոր ու հանրային սեփականության պահպանության երաշխավորումը: Համակարգող խորհրդի կողմից ներկայացված պահանջագրում անդրադարձ է կատարվում մի շարք կարեւոր խնդիրների, այդ թվում՝ արցախցիներին ՀՀ քաղաքացիությունից հակասահմանադրական եւ զանգվածային ձեւով զրկելուն, իշխանական շրջանակներից վարվող ատելության քարոզին, ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման եւ Ադրբեջանի դեմ ներկայացված գանգատներից հրաժարվելու անթույլատրելիությանը եւ այլ կարեւոր հարցերի։ Չեմ կարծում, թե հարցերից միայն մեկին որոշակի լուծում տալուց հետո խորհուրդը հետ կկանգնի այլ պահանջներից եւ համոզված եմ, որ Արցախի ժողովուրդը կշարունակի իր պայքարը հանուն իր հավաքական իրավունքների եւ հանուն հայկական պետականության պահպանման։
-Ի դեպ, սոցապ նախարարն՝ ի դեմս ՀՀ կառավարության, պնդում է՝ հրաժարվել Արցախի քաղաքացիությունից, դառնալ ՀՀ քաղաքացիներ, օգտվել բնակապահովման ծրագրից եւ աշխատել. ասում է՝ սա է համակեցության ձեւը։
-Ես ներողություն եմ խնդրում, բայց այլ կերպ, քան ցինիկ եւ անպատասխանատու՝ այդ հայտարարություններն անվանել չեմ կարող։
ՀՀ քաղաքացիությունից զրկելը, թերեւս, բռնագաղթից հետո ՀՀ իշխանությունների կողմից արցախցիների հանդեպ կատարված ամենամեծ հանցագործությունն է։ Այն հակասահմանադրական է եւ խախտում է 150,000 մարդու բազային մի շարք իրավունքներ։ Սա իշխող ռեժիմի կողմից իրականացված ամենամասշտաբային հանցագործություններից է։ Իշխող վարչակարգը ոչ միայն զրկել է արցախցիներին իրենց քաղաքական իրավունքից, այլեւ իր համար կեղծ հիմքեր է ստեղծել հրաժարվելու արցախցիների սոցիալական խնդիրների լուծումից, վերադարձի, գույքային իրավունքների, մշակութային ժառանգության պաշտպանության եւ մի շարք այլ իրավունքների պաշտպանությունից։ Մեծ մասամբ սրա հետեւանքով էլ ավելի անարդյունավետ են դարձել զբաղվածության ապահովման եւ բնակարանային ապահովման ծրագրերը։
Միակ ճիշտ որոշումը, որ կարող են կայացնել՝ ներողություն խնդրել իրենց հակասահմանադրական որոշման համար, հրաժարվել այդ որոշումից, հրաժարվել ՀՀ քաղաքացիության հարկադրման արհեստական քաղաքականությունից եւ վերադարձնել արցախցիներին իրենց ՀՀ քաղաքացիությունը, որը խլել են հակասահմանդրական ձեւով, կեղծ ու ոչ օրինական որոշումներով: Հակառակ դեպքում նրանցից յուրաքանչյուրը, ով մասնակցել է արցախցիներին՝ ՀՀ քաղաքացիությունից զրկելու ապօրինի գործընթացին, պետք է հստակ գիտակցի, որ պատասխան է տալու օրենքի առաջ՝ ՀՀ սահմանադրությունն անտեսելու եւ մեկ անձի քմահաճույքները կատարելու համար։
-Ազատության հրապարակում, անկախ ամեն ինչից, նաեւ քաղաքական պահանջ հնչեց՝ արցախցիների միասնական վերադարձ հայրենիք. ներկայիս աշխարհաքաղաքական իրողությունների պայմաններում տեսնո՞ւմ եք այդ հնարավորությունը, ինչպե՞ս եք պատկերացնում դրա իրացումը։
– Արցախ վերադարձի հնարավորություն տեսնում եմ՝ ինքնորոշման իրավունքի լիակատար իրացմամբ եւ Արցախի ժողովրդի կողմից սեփական անվտանգությունն ապահովելու հնարավորությամբ միայն։ Ուզում եմ ընդգծել՝ համարում եմ, որ սա ոչ թե Արցախ վերադարձի մաքսիմալիստական մոտեցում է, այլ միակ իրատեսականը։ Արցախի էթնիկ զտումն ու ցեղասպանությունը ցավալի իրողություն է։ Մի կողմից՝ պետք է հստակ գիտակցել, որ չենք կարող մեր հայրենակիցներին նոր ցեղասպանության վտանգի առաջ կանգնեցնել՝ չունենալով իրավունքների իրացման եւ անվտանգության ապահովման ամուր երաշխիքներ, մյուս կողմից՝ էթնիկ զտման ու ցեղասպանության ցավալի փաստն ու փաստարկը շատ խոսուն ապացույց է միջազգային հանրությանն առ այն, որ ինքնորոշման իրավունքի իրացումն այլընտրանք չունի։
Այլընտրանքը մարդկության պատմության մեջ հայտնի ամենամեծ հանցագործությունն է՝ ցեղասպանությունը։
Ինչ վերաբերում է աշխարհաքաղաքական իրողություններին՝ ապրում ենք այնպիսի ժամանակներում, երբ աշխարհաքաղաքական իրողությունները շատ արագ են փոփոխվում։ Այսպիսի իրավիճակներում միշտ էլ հնարավորության պատուհան բացվում է։ Բայց որպեսզի կարողանանք օգտվել այդ հնարավորությունից, պետք է մինչ այդ, այսպես կոչված, «դաշտային աշխատանք կատարվի»՝ անվտանգային միջավայրի բարելավմամբ, բանակաշինությամբ, ինքնորոշման ու ընդհանրապես, արցախցիների հավաքական իրավունքների մասին բարձրաձայնելով, մեր դեմ կատարված հանցագործությունների մասին խոսելով, իրավական եւ տեղեկատվական գործընթացներով։ Այս պահին այդ աշխատանքը, ցավոք սրտի, անհատների, խմբերի եւ ազգային ինստիտուտների ուսերին է։ Ավելի արդյունավետ է հօգուտ Ադրբեջանի արվող աշխատանքը, ոչ միայն Իլհամ Ալիեւի, այլեւ Նիկոլ Փաշինյանի ջանքերով։
Առհասարակ կարծում եմ, որ ոչ միայն արցախցիների, այլ ամբողջ հայ ազգի առաջ ծառացած ոչ միայն իրավական եւ պահանջատիրական, այլեւ անվտանգային, սոցիալական, դիվանագիտական եւ այլ ազգային կարեւորության խնդիրները կարող են լուծում ստանալ միայն թշնամու շահը սպասարկող ռեժիմի հեռացմամբ եւ ազգային շահով առաջնորդվող իշխանությունների առկայության դեպքում։
Զրույցը՝ Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԻ
«Առավոտ» օրաթերթ
05.04.2025